Կարեն Կարապետյանը՝ վարչապե՞տ
Իշխանության վերնախավում այս օրերին քննարկվող հիմնական թեմաներից մեկը վերաբերում է նոր կառավարության ղեկավավարին ու կազմին, որը նշանակվելու է ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո:
168.am-ի տեղեկություններով՝ ապագա վարչապետի ամենահավանական թեկնածու է համարվում «ՀայՌուսգազարդի» նախկին ղեկավար, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ նոր կառավարությունում լինելու են ոչ միայն նոր նշանակումներ, այլ նաև փոխատեղումներ:
Մասնավորապես, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշանակվելու է ՀՀ պաշտպանության նախարար, իսկ Պաշտպանության ներկայիս նախարար Սեյրան Օհանյանը նշանակվելու է փոխվարչապետի պաշտոնում:
Գործող կառավարության կազմից հեռացողների թվում է լինելու ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ում փոխարեն իշխանական վերնախավում ցանկանում են տեսնել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին:
Նույն տեղեկությունների համաձայն, պաշտոնին հրաժեշտ է տալու նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Դեռևս հայտնի չէ, սակայն, թե ով է զբաղեցնելու Կրթության և գիտության նախարարի պաշտոնը, սակայն, մեր տեղեկություններով՝ շրջանառվող անունների շարքում է նաև ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Անհայտ է նաև գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի հետագա ճակատագիրը: Տևական ժամանակ խոսվում էր, որ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո նա կարող է վերադառնալ նախկին` Կենտրոնական Բանկի նախագահի պաշտոնին: Սակայն Տիգրան Սարգսյանն ինքը հասկացրել է, որ նման մտադրություն չունի: