Բաժիններ՝

Հայաստանում առաջին անգամ անցկացվող աշխատանքի միջազգային համաժողովը կնպաստի սոցիալական արդարության խթանմանը

Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է աշխատանքի միջազգային համաժողով՝ «Սոցիալական արդարության խթանումը. աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրով, որը կնպաստի արժանապատիվ, ներառական և կայուն աշխատանքային հնարավորությունների ստեղծմանը:

Միջոցառմանը մասնակցելու նպատակով առաջին անգամ Հայաստան է ժամանել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոն։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, կարևորելով ԱՄԿ գլխավոր տնօրենի մասնակցությամբ այս բացառիկ համաժողովը, ընդգծեց, որ սերտ համագործակցում են միջազգային ստանդարտներով աշխատանքի ոլորտը կարգավորող ամենակարևոր կառույցի՝ ԱՄԿ-ի հետ:

«Համաժողովի գաղափարը հղացավ միջազգային հանդիպումներից մեկի ժամանակ, որտեղ որոշվեց Հայաստանում կազմակերպել միջազգային համաժողով աշխատանքի վերաբերյալ: Քանի որ ԱՄԿ ղեկավարը շրջանառության մեջ էր դրել սոցիալական արդարության համար միջազգային կոալիցիայի ստեղծման գաղափարը, մենք պայմանավորվեցինք, որ Հայաստանը կլինի առաջին երկրներից մեկը, որը կհյուրընկալի այս գաղափարի քննարկումը: Մենք ԱՄԿ-ի անդամ ենք և վավերացրել ենք մի շարք կոնվենցիաներ, այժմ էլ քննարկում ենք նոր կարևոր կոնվենցիա վավերացնելու հարցը: ԱՄԿ նախագահի այցը նաև շատ կարևոր ուղերձ է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ մենք առաջին երկիրն ենք, որտեղ նա ընտրվելուց հետո այցելել է»,- ասաց նախարարը:

Նախարար Մկրտչյանն ընդգծեց, որ քննարկումների ընթացքում կկարողանան մի շարք խնդիրների լուծման հետ կապված պատասխաններ ստանալ, քանի որ համաժողովին մասնակցում են ոչ միայն ԱՄԿ-ի գործընկերները, այլև տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, քաղաքականություն մշակողներ, սոցիալական գործընկերներ, գիտության և երիտասարդության ներկայացուցիչներ:

«Կարծում եմ, որ սա շատ լավ հարթակ կլինի նաև մեր մասնագետների և հայաստանյան ընկերությունների համար՝ քննարկելու հնարավոր համագործակցության շրջանակները»,- ասաց Նարեկ Մկրտչյանը:

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոն ընդգծեց միջազգային համաժողովի կարևորությունը, քանի որ այն վերաբերվում է սոցիալական արդարությանը և դրա ապահովմանը միջավայրային պայմաններում, ինչպես նաև՝ արհեստական բանականության զարգացմանը և դրա ստեղծած մարտահրավերներին:

«Բոլոր մասնակից կողմերը հստակ ընկալում են, թե որքան կարևոր է սոցիալական արդարությունը, և յուրաքանչյուրը պետք է հասկանա, թե ինչ է պետք անել մարտահրավերներին արձագանքելու և տնտեսական աճը ապահովելու համար՝ միաժամանակ հավասար պայմաններ ստեղծելով մարդկանց համար:

Այսօր այստեղ անցկացվող համաժողովից մեր ակնկալիքները մի քանիսն են․ առաջինը՝ իրազեկվածության մակարդակի բարձրացում, երկրորդը՝ համաժողովին ներկայացուցիչների մեծ քանակ, քանի որ վստահ եմ, որ նրանցից յուրաքանչյուրը համաժողովում քննարկումների արդյունքում ստացած գիտելիքները և հմտությունները կտանեն իրենց երկրներ և կխոսեն հնարավորությունների և մարտահրավերներ մասին: Սոցիալական արդարությունը մեկ գիշերվա ընթացքում չի ապահովվում, սա հեռանակարային նպատակ է, որի ընթացքում պետք է փորձենք հասկանալ, թե ինչ է պետք անել համատեղ ջանքերով»,-ասաց Գիլբերտ Հունգբոն:

Նա ընդգծեց ՝քննարկումները կնպաստեն կառուցողական երկխոսությանը, թե ինչպես ստեղծել արժանապատիվ, ներառական և կայուն աշխատանքային հնարավորություններ՝սոցիալական արդարությունը երաշխավորելու նպատակով՝ միաժամանակ ընդգծելով աշխատանքի և զբաղվածության ոլորտում վերջին միտումներն ու նորարարությունները:

Միջոցառումը իրականացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) նախագահությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս