Իրանն ու Մեծ Բրիտանիան բանակցում են հյուպատոսային հարաբերությունների վերականգնման շուրջ
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու Մեծ Բրիտանիան բանակցություններ են վարում երկկողմանի հյուպատոսային հարաբերությունների վերականգնման շուրջ: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հասան Կաշգավին:
Ներկայումս Իրանի շահերը Մեծ Բրիտանիայում ներկայացնում է Օմանը, իսկ Մեծ Բրիտանիայի շահերն Իրանում ներկայացնում է Շվեդիան: 2011 թվականի նոյեմբերին հազարավոր իրանցի ցուցարարներ հարձակվեցին Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա, ինչից հետո Լոնդոնը հայտարարեց Իրանի հանդեպ մի շարք պատժամիջոցներ սահմանելու մասին:
Այդ միջադեպից հետո Մեծ Բրիտանիան հետ կանչեց իր դիվանագետներին և փակեց Իրանում իր դեսպանատունը, ինչպես նաև Լոնդոնից վտարեց իրանցի դիվանագետներին: 2011 թվականի դեկտեմբերին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր հերթին ստորագրեց մի օրինագիծ, որը նախատեսում էր նվազեցնել Մեծ Բրիտանիայի հետ Իրանի դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունների նվազեցման մակարդակը: