ՔՊ-ն ուզում է զավթել նաև Գյումրու քաղաքապետարանը, քաղաքապետին դարձնել «երդվյալ» ՔՊ-ական. ՀՀԿ ներկայացուցիչների հանդիպումը Գյումրիում
ՀՀԿ ԳՄ անդամները Հայաստանի արդեն 7-րդ մարզն են այցելել: Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչների հետ հանդիպման նպատակն անկեղծ ու անկաշկանդ զրույցներն էին: Իսկ գյումրեցիների հետ հանդիպումները, ըստ Սամվել Նիկոյանի, գրեթե միշտ են արդյունավետ անցնում: Այստեղ ոչ միայն երկրով մտահոգվողներ կան, այլև առկա խնդիրները լուծելու հստակ առաջարկներ ներկայացնողներ:
«Էներգետիկա կար ձեր մեջ: Կայծ կար ձեր մեջ, ցանկություն կար ինչ-որ բան փոխելու, առաջարկներ կային, որ դուք անում էիք: Պահանջներ կային, որ դնում էիք: Ինչ-որ գաղափարներ էիք ասում ու գեներացնում: Այստեղ նախորդ քննարկումներում արծարծած կարևոր հարցերը ներկայացրել եմ նախագահին, խոսել ենք: Գյումրիի մեր կառույցը կենսունակ է: Մի փոքր ավելի ջանքեր գործադրելու դեպքում մենք կունենանք իրոք ՀՀ երկրորդ քաղաքին հարիր կուսակցական կառույց: Այդ պոտենցիալը Գյումրին ունի»,- ասաց Սամվել Նիկոյանը:
Նաև այս նկատառումից ելնելով՝ հանդիպման մասնակիցներն արձագանքեցին. պետք է գործել ու օգտագործել ցանկացած հնարավորություն՝ երկրի ներկա իշխանությունների շղթայական գործողություններն արգելափակելու համար թե՛ համապետական գործընթացներում, թե՛ Գյումրիի ներսում:
«Մենք չենք ուզում, որ իշխանությունն իր ձեռքը վերցնի Գյումրին: Այդ եզրին ենք հասել: Խոսքը վերաբերում է և՛ քաղաքապետարանին, և՛ ՔՊ-ի աշխատանքին դրսում: Դա մեզ դուր չի գալիս»,- ասաց հանդիպման մասնակիցներից մեկը:
Ըստ ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանի, Հայաստանի ներկա իշխանությունները միայն մեկ նպատակ ունեն, իշխանության գլխին պահել միայն իրենց շահերը ներկայացնող դեմքերին ու որքան հնարավոր է երկար մնալ իշխանության՝ անկախ այդ արդյունքին հասնելու միջոցներից:
«Բերդում այդ նույն գործողությունները կատարվեցին: Բերդի քաղաքապետին կալանավորելուց հետո եկան ու Վանաձորում նույնպես կալանավորեցին: Պարզապես Վանաձորի քաղաքապետն ավելի պինդ էր: Մի քանի օրից լրանում է նրա կալանավորման երկրորդ տարին՝ բացարձակ անհիմն: Ալավերդիում նույնպես որևէ դժգոհություն չկար քաղաքապետի հարցով: Շատ համերաշխ գործունեություն էր վարում: Կարմիր բերետավորներով բռնեցին, փակեցին, այնտեղի ժողովրդին դուրս շպրտեցին, և նորից դրեցին ՔՊ-ականի: «Ժողովրդավարական բաստիոն» հռչակված ՀՀ-ում այսօր գնում է տեռոր: Սա բռնակալություն է: Եվ սա ի՞նչ է նշանակում. եթե ուզում ես թեկնածություն դնել քաղաքապետի պաշտոնի համար, ապա պետք է լինես ՔՊ-ի անդամ, եթե ոչ՝ իրավունք չունես թեկնածություն դնելու: Իրենք, հնարավոր է՝ իրենց թեկնածուներին էլ անվստահություն հայտնեն, որովհետև իրենք շատ վախեցած են: Ընտրությունների ժամանակ այդ լոյալ մարդիկ, ովքեր ուզում են ապաքաղաքական տեսանկյունից աշխատել՝ իրենց ձեռք չեն տալիս: Իրենք պետք է լինեն երդվյալ նիկոլականներ: Որքան հասկացա, գործող քաղաքապետն ասել է, որ հրաժարական չի տալու: Մենք կողմ ենք, որ օրինական ճանապարհով ընտված քաղաքապետը մնա իր պաշտոնին»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
«Իսկ արդյո՞ք ընդդիմադիր թևի ներկայացուցիչները չեն կարող հկ-ների միջոցով ավելի ինտենսիվ տեղեկատվական դաշտ ստեղծել՝ պայքարելու անարդարությունների դեմ»,- հետաքրքրվեց հանդիպմանը ներկա քաղաքացիներից մեկը:
«Պետք է աղմուկ բարձրացնենք նաև իշխանությունը բռնի զավթելու դեմ: Որովհետև տեսնում ենք, որ ընտրված ուժին փոխարինում են չընտրվածով: Եթե այդպես է, ապա թող ընտրություններ չանեն, մենք գումարներ չծախսենք, և այդ գումարներն օգտագործենք ավելի նպատակային: Ուրեմն ամենաճիշտը հասարակական ոլորտով ընդվզում առաջացնելն է, հետո փորձել ծնկի բերել նրանց»,- համոզմունք հայտնեց գյումրեցին:
ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը համաձայնեց քաղաքացու տեսակետի հետ: Հավելեց. այդ ուղղությամբ վաղուց էր պետք քայլեր իրականացնել:
«Մեր եկեղեցին, հավատքը, մեր ընտանիքների ամրությունը, մեր մշակույթը: Նրանք կարողացան հենց առաջին կետերին խփել: Այսօր դուք տեսեք՝ դասագրքերում ինչ է կատարվում: Այսինքն «1918 թվականից է հայ ժողովրդի» պատմությունը, մինչև դա հայ ժողովուրդը պատմություն չի ունեցել : Տեսա՞ք՝ ինչ ոտնձգություններ կան եկեղեցու հանդեպ, մեր հայկական ընտանիքները, որ ամբողջ աշխարհն է սուրբ ու ամուր համարում, այսօր չգիտես ինչ տարբեր սեռական փոքրամասնություններ ու այլ երևույթներ են մտցրել, որ այդ ամրությունն էլ քայքայեն: Այդ մարդկանց տեխնոլոգիաները բազմաբնույթ են, որը կիրառվում է ի վնաս մեր ժողովրդի ու ապագայի: Նոր ստեղծված հկ-ների ձայնն արագ կարողանում են լռեցնել: Շատ ճիշտ եք առաջարկում, որ մենք պետք է կարողանանք օգտագործել այդ գործիքը»:
Ամեն գնով իշխանության մնալու և իրենց գաղափարախոսությունն առաջ տանելու Փաշինյանի անհագուրդ ծարավը՝ Բաղդասարյանի բնորոշմամբ, ակնհայտ արտահայտվեց նաև վերջին աշխարհաքաղաքական զարգացումների ու սպասվող իրադարձությունների ֆոնին:
«Եթե ուշադրություն եք դարձնում՝ արդեն Ալիևը հայտարարել է, որ փետրվարին արտահերթ ընտրություններ է իրականացնելու իր համար: Նույն նախապատրաստական փուլում է գտնվում նաև այսօրվա այդ «երիտասարդը» (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին.- Ն. Ս.), որը զբաղեցնում է այդ պաշտոնը: Որովհետև 2024 թվականը բավականին հետաքրքիր տարի է: Պետք է լինեն ՌԴ ընտրություններ, նոյեմբերին ԱՄՆ-ում են ընտրություններ սպասվում: Եթե արցախյան իրադարձություններ արձագանքը չլինեին, ինքը կարող էր շուտ հայտարարել, շուտ հրաժարական տալ, որպեսզի որպես «հերոս»՝ նորից ընտրություն դներ՝ ապացուցելու համար, որ «ինքը նորից ունի մանդատ», ու որևէ մեկը չի կարող ասել՝ ինչո՞ւ ես թուղթը ստորագրում: Պատահական չէր, որ պատերազմից հետո դրեց ընտրություններ, ժողովուրդը նորից գնաց, ձայնը տվեց իրեն, ասեց՝ ինձ ժողովուրդը մանդատ է տվել, կուզեմ՝ Արցախը կպահեմ, կուզեմ՝ կտամ: Եվ ես տալիս եմ Ադրբեջանին: Նա էլի սև գործեր ունի անելու: Սա մի մասն է իր ծրագրերի: Արցախը տվեց, հիմա «անկլավների» ու Սյունիքի հարցերը… Նաև գիտեք, թե ինչ հեռավորության վրա եք գտնվում Թուրքիայից՝ հազիվ 5-6 կմ լինի ուղիղ ճանապարհով: Թե հետագայում դա ինչ պետք է լինի՝ չգիտեմ»,- մտահոգություն հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամը:
Հանդիպման մեկ այլ մասնակից էլ մտահոգություն հայտնեց ՀՀ-ում արտաքին ուժերի ներգործության մեծացման ու դրա վերաբերյալ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի արտահայտած անհանգստության մասին: Հետաքրքրվեց. ՀՀԿ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկում՝ ի վնաս երկրի ընթացող հնարավոր արտաքին ազդեցությունները կանխելու ուղղությամբ:
«Անկախ նրանից՝ այս պահին ընդդիմություն ենք, կամ իշխանություն ենք եղել 2018 թվականից առաջ, մեր խնդիրը եղել է հետևյալը. տարբեր միջազգային սուբյեկտների հետ առնչվել ու հարաբերվել՝ ելնելով ՀՀ շահերից: Մեր հարաբերությունները նաև թույլ են տվել՝ տարբեր փուլերում կանխելու Հայաստանի դեմ տարբեր սպառնալիքներ, կամ հնարավոր հարվածների դեպքում որոշակի մեղմացնելու հարվածները: Այն, ինչ ասում են ՌԴ-ից ու հնչում է հավաքական Արևմուտքից, և այլն, նաև արդյունք է նրա, որ ՀՀ իշխանությունը երկիրը հրել է աշխարհաքաղաքական տարբեր սուբյեկտների բախումների դաշտ: Դրա պայմաններում մենք անընդհատ ստանում ենք պատերազմ ու ագրեսիա, մեծաթիվ զոհեր: Բայց, ցավոք, այդ ազդեցությունների վրա մեր ազդեցությունը հիմա շատ մեծ չէ: Ճիշտ է, մենք փորձում ենք ապահովել կապը կողմերի հետ ու աշխատել, բայց գլխավոր՝ արտաքին քաղաքական կուրսը, բնականաբար, իրականացնում է պետությունը, որի ծանր հետևանքները զգում ենք մեր մաշկի վրա: Ցավով եմ նշում, որ մեր ամեն ինչը սահմանափակվում է ուղղակի ելույթներով ու այսպիսի հանդիպումներով, որի ընթացքում փորձում ենք մարդկանց ներկայացնել ու հեռու պահել նման երևույթներից»,- ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի ցանկանում բանակ ու հզոր պետություն,- համոզված է ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը: Իսկ խաղաղության մասին հայտարարությունները միայն նրա թուլության ապացույցն են:
«Նիկոլը մարդկանց խաբում է հերթական ստերով, երբ ասում է՝ մենք գնում ենք «խաղաղության» օրակարգով և «խաղաղության պայմանագիր» ենք ստորագրում: Իրականում, կներեք, բայց սա թուրքի առջև «կզելու» քաղաքականություն է: Դրա համար ինքը երկու օր առաջ բառացիորեն հայտարարեց, որ դատավորների, դատախազների, պարեկների, քննիչների, ոստիկանների աշխատավարձերը համարյա եվրոպականի է հասցնում: Ու երբ նայում ես, թե ինքը որ ոլորտի աշխատողների աշխատավարձն է բարձրացնում, հասկանում ես, որ ինքն առնում է այդ լծակները, որպեսզի անհրաժեշտության դեպքում իրեն պաշտպանեն: Էս մարդը չի ուզում հող պահել: Ուզում է միայն իր աթոռը պահել»,- ցավով արձանագրեց Մարգարիտ Եսայանը:
Այս իրավիճակը բոլոր ներկաներն են հասկանում, պետք է գործել՝ դա փոխելու համար՝ արձագանքեց մեկ այլ գյումրեցի և առաջարկեց՝ ներկա իշխանություններից ազատվելու գործընթաց մեկնարկել ո՛չ միայն Երևանից, այլև մարզերից:
«Մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչ ենք ուզում անել: Շատ լավ հասկանում ենք, որ Գյումրու քաղաքապետի հարցի հետ կապված այս խնդիրներն էլ չեն լուծվի, եթե այսպես շարունակվի: Կա իշխանության բուրգ, այդ իշխանության բուրգի վրա նստած է մեկը, ում բոլոր աշխարհաքաղաքական ուժերը պահում են, խաղացնում են մունետիկի պես, ու նա բոլորին ձեռտու է: Ուզում ենք հասկանալ՝ արդյո՞ք քաղաքական ուժերի հետ կան որոշակի բանակցություններ»,- հարց հնչեցրեց հանդիպման մասնակիցներից մեկը:
«2018 թվականի մայիսի 1-ից հետո ամբողջ հանրապետությունում գրում էին՝ «3 միլիոն ժողովուրդ և 50 դավաճաններ», այդ «դավաճանները» մենք էինք: Մենք ԱԺ-ում էինք քնում, որ նիստ անեինք, այդ ընթացքում մեր կուսակցականներն ու կոալիցիոն ուժերը վազում էին կոալիցիա կազմելու: Հիմա հարց է առաջանում՝ մենք արդյո՞ք ճիշտ ենք արել, որ գործակցում ենք քաղաքական ուժերի հետ, կամ հիմա պե՞տք է գործակցենք: Եթե մենք հիշաչար լինենք, դրանից չենք շահելու: Մենք պետք է գնանք համախմբման ճանապարհով, իհարկե, չմոռանալով նաև տեղի ունեցածն ու համապատասխան գնահատական տալով: Մեր ռեսուրսները սահմանափակ են: Մեզ միասնականություն է, պետք է գործակցություն՝ բոլոր առողջ քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների հետ»,- համոզմունք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը:
ՀՀԿ ԳՄ անդամներն օրակարգային կարևորագույն հարցերը քննարկել են նաև Շիրակի մարզի Ամասիայի, Ախուրյանի, Արթիկի ու Անիի բնակիչների հետ: Մարզային այցելությունները շարունակվելու են:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նազելի Ստեփանյան