Գերիների մասին, կարծում եմ, տեղեկություն կունենանք. ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ նորություն չկա. Ալեն Սիմոնյան

Այսօր խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում դիմելով լրատվամիջոցներից մեկի լրագրողին՝ ասաց, թե «ընկել են իր հետևից», հավելելով, որ վաղուց որևէ լրատվական իր մասին որևէ նոր բան չի կարող ասել, և իր կյանքում դա որևէ բան չի փոխելու։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հայ գերիների մասին ի՞նչ տեղեկություններ կան, խոսվում էր 32 գերու վերադարձի մասին, Ալեն Սիմոնյանն ասաց.

«Սպասում ենք, կարծում եմ՝ մոտ ժամանակներս տեղեկություն կունենանք, մենք էլ ենք լիահույս և սպասում ենք։ Այսինքն՝ պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել, դրա հետ կապված որևէ նորություն չկա»։

Հարցին՝ հույս ունե՞ք, որ գերիների վերադարձ տեղի կունենա, Ալեն Սիմոնյանը պատախանեց. «Կարծում եմ՝ այո»։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններին, որ դեմ չեն, եթե հայ-ադրբեջանական երկխոսությանը միանա երրորդ չեզոք կողմ, Ալեն Սիմոնյանն ասաց, որ չի կարող ասել, թե Ադրբեջանն ում է համարում չեզոք ու անկողմնակալ կողմ։

«Հարցի հասցեատերը ես չեմ, մենք որևէ շփումից չենք խուսափում, բայց թե ում է համարում անկողմնակալ, չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել, որ դա ռուսական կողմն է, չեմ կարծում, որ Ադրբեջանը ռուսական կողմին անաչառ է համարում, այդ փաստերից մեկը ռուսական զորքի՝ դեռ Ադրբեջանում մնալու փաստն է։ Չեմ կարծում՝ Բաքվին պետք է միտք վերագրել առ այն, որ ռուսական կողմն անաչառ կողմն է»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին։

«Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների»,- նշված էր Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս