BBC-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ցուցադրական կալանավորմանը

«Ո՞վ կարող է պաշտպանել հայերի իրավունքներն Ադրբեջանում, հատկապես, եթե նրանք բանտում են»․ այս վերտառությամբ ծավալուն հոդված է հրապարակել BBC–ն՝ Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների մասին։ Նշվում է, որ ադրբեջանական բանտերում տասնյակ հայեր կան, որոնք կալանավորվել կամ գերի են վերցվել 2020–ի պատերազմից հետո։ BBC-ն անդրադարձել է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ցուցադրական կալանավորմանը, որը միայն 2022–ին է եկել Ղարաբաղ և մի քանի ամիս զբաղեցրել է պետնախարարի պաշտոնը։

«Ո՞վ կարող է պաշտպանել հայերի իրավունքներն Ադրբեջանում, հատկապես, եթե նրանք բանտում են։ Ինչո՞ւ ադրբեջանցի իրավապաշտպանները չեն պաշտպանում հայերին: Միջազգային կազմակերպություններն արդեն տասնյակ տարիներ խոսում են Ադրբեջանում արդարադատության հետ կապված խնդիրների մասին։ ․․․Տեղացի ակտիվիստները քաղբանտարկյալների ցուցակներ են կազմում, որտեղ հարյուրից ավելի անուններ կան, իսկ իրավապաշտպաններից շատերն իրենք էլ են բանտում նստել։ Նրանք բացահայտել են կալանավորների կտտանքների և սպանությունների բազմաթիվ դեպքեր՝ բայց ոչ հայերի։ Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch–ը դեռևս 2020–ի պատերազմից 4 ամիս անց գրել էր, որ Ադրբեջանում խոշտանգում են հայ գերիներին և կոչ արել Ադրբեջանի իշխանություններին քննել այդ դեպքերը։

BBC–ն ևս քննել է հայ ռազմագերիների սպանության դեպքերն անմիջապես պատերազմի և հետագայում սահմանին բախումների ժամանակ»,–ասվում է հոդվածում։ Հեղինակավոր պարբերականը հիշեցրել է, որ իրավաբան Սիրանուշ Սարգսյանը, որը զբաղվում է գերիների իրավունքների պաշտպանությամբ, նշում է, որ Բաքուն հաստատել է 55 մարդու գերության փաստը, ինչպես զինծառայող, այնպես էլ քաղաքացիական, այդ թվում ԼՂՀ ղեկավարներն ու պաշտոնյաները։ Ըստ նրա, ևս «80 գերի կա Ադրբեջանում, որոնց առկայությունը Բաքուն չի ընդունել՝ նրանց ճակատագրով ոչ ոք չի զբաղվում»։ Նշվում է, որ ադրբեջանական բանտերում հայ զինվորների առողջական վիճակը վերահսկվում է միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից։ ԿԽՄԿ-ից BBC-ին ասել են, որ դիտարկումների արդյունքներն ու իրենց առաջարկությունները, կազմակերպության ընթացակարգի համաձայն, կարող են փոխանցվել միայն կալանավորներին պահող կողմի իշխանություններին:

Տեսանյութեր

Լրահոս