ԲՀԿ-ն միանո՞ւմ է Քոչարյանի դեմ պայքարին
Այսօր Ազգային ժողովում ընթացած քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ ԱԺ-ում կստեղծվի 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով: Այս նախաձեռնության հեղինակը, հիշեցնենք, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն է, ով այն ներկայացրել էր անցած տարվա վերջին: Դեռ այն ժամանակ այս քայլը գնահատվեց՝ որպես իշխանության և ՀԱԿ-ի միջև «երկխոսության վերականգնման» փորձ: Հիշեցնենք՝ այն ժամանակ իշխանությունը բավական կոռեկտ արտահայտվեց Գագիկ Ջհանգիրյանի նախաձեռնության վերաբերյալ՝ հայտնելով ընդամենը որոշ տեխնիկական դետալներին վերաբերող վերապահումներ:
Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման շուրջ իշխանության և Կոնգրեսի միջև որոշակի համագործակցության առաջին թիրախը, բնականաբար, կարող է լինել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում անվան հետ է առաջին հերթին կապվում Մարտի 1-ին ժողովրդի վրա կրակ արձակելու քաղաքական որոշման կայացումը: Վերջինիս անվան հետ նույնկերպ կապվող ԲՀԿ-ն անցած տարի թեև հրապարակայնորեն դեմ չարտահայտվեց այդ հանձնաժողովի ստեղծմանը, սակայն առանձնապես մեծ ջանքեր չգործադրեց, որ դա իրականություն դառնա:
Գրեթե նույն օրերին հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու նախագահական ընտրություններին և չի սատարելու որևէ այլ թեկնածուի: Այսինքն, այդ ժամանակահատվածում ինտենսիվ կուլիսային գործընթացներ էին ծավալվում ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև և, բնականաբար, Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը չէր կարող կողմերից որևէ մեկի կողմից չօգտագործվել՝ որպես հաղթաթուղթ: Հենց դա էր ստիպում շատերին կարծիք հայտնել, որ այդ նախաձեռնությամբ ՀԱԿ-ը ծառայություն էր մատուցում Սերժ Սարգսյանին՝ Ռոբերտ Քոչարյանի հետ ստվերային հարաբերություններում ԲՀԿ-ի՝ ընտրություններին չմասնակցելու որոշումը ստանալու համար:
ԲՀԿ-ն չմասնակցեց ընտրություններին, դրանից հետո կարծես դադարեց գործել, բայց վերջին շրջանում վերակենդանացման նշաններ է ցույց տալիս ու պատրաստվում է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Բայց ներկայիս իրավիճակի նրբությունն այն է, որ ԲՀԿ-ն կարծես ևս ներգրավվել է այս «օպերացիայում»: Մասնավորապես, այսօր ԲՀԿ-ական պատգամավորները Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման շուրջ քննարկումներում շատ ավելի նախանձախնդիր ու պահանջկոտ դիրքորոշում են հնչեցրել, քան անգամ ՀԱԿ ներկայացուցիչները: ԲՀԿ-ականները համարում են, որ պետք է պարզել, թե ով է տվել կրակելու հրամանը, ովքեր են կրակել: ԲՀԿ-ն նման հայտարարություն է անում՝ շատ լավ իմանալով, որ այդ հարցերի հնարավոր պատասխանների թվում առաջինը հնչելու է Ռոբերտ Քոչարյանի անունը:
ԲՀԿ-ի վարքագծի նման փոփոխությունը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ պատճառներով: Բայց բոլոր այդ պատճառները կարող են հանգել այն թեզին, որը տևական ժամանակ շրջանառվում է քաղաքական շրջանակներում: Խոսքն այն մասին է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ինքը ցանկանում է ազատվել կուսակցությունում Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունից՝ իշխանության, Սերժ Սարգսյանի հետ հարաբերություններում ավելի անկաշկանդ լինելու համար: Ու պատահական չէ, որ այս զարգացումներին զուգահեռ՝ ավելի ինտենսիվ են դառնում խոսակցությունները, որոնց համաձայն, բացառված չէ՝ ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններում հաղթանակը «զիջի» ԲՀԿ-ին: Այսինք՝ՙ Երևանի քաղաքապետ դառնա ԲՀԿ-ականներից որևէ մեկը:
Ընդ որում, բոլոր այդ խոսակցություններում գերակայում է այն համոզմունքը, որ այդ մեկը ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը չի լինելու:
Մի խոսքով, Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը կարող է լինել ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի «համատեղ օպերացիան», որի արդյունքում՝ մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա որոշակի դիվիդենտներ: Պատահական չէ նաև, որ ՀԱԿ-ը ևս որոշում կայացրեց Երևանի ավագանու ընտրություններին առանձին մասնակցելու համար: ՀԱԿ-ի համար կարող է ցանկալի համարվել ԲՀԿ-ական քաղաքապետի հովանու ներքո ավագանու կազմում մի քանի անդամ ունեցող խմբակցության գոյությունը: