Բաժիններ՝

Նիդերլանդների խորհրդարանական ընտրություններում աղմկահարույց հաղթանակ է տարել ծայրահեղ աջ Գիրթ Ուիլդերսը

Նիդերլանդներում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ամենաշատ ձայներն է հավաքել ծայրահեղ աջ Գիրթ Ուիլդերսը, որը հայտնի է իր հակաիսլամական հայացքներով։

Euronews-ը նրա հաղթանակն անվանել է Երկրորդ աշխարհամարտից ի վեր Նիդերլանդներում «ամենամեծ քաղաքական երկրաշարժերից մեկը»։

Գիրթ Ուիլդերսի «Հանուն ազատության կուսակցությունը», ըստ վերջին տվյալների, խորհրդարանի 150-տեղանոց ստորին պալատում կստանա 37 տեղ։ Սակայն քաղաքական գործիչը դեռ մյուս կուսակցություններին պետք է համոզի իր հետ կոալիցիա կազմել, քանի որ իշխող կոալիցիա կազմելու համար նրան հարկավոր է խորհրդարանում ապահովել 76 տեղ։ Հաջողության հասնելու դեպքում Ուիլդերսը կարող է դառնալ Նիդերլանդների հաջորդ վարչապետը։

Ուիլդերսը Նիդերլանդների ամենահայտնի օրենսդիրներից է թե՛ երկրում, թե՛ երկրի սահմաններից դուրս։ Նրան հաճախ համեմատում են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր պոպուլիստական քաղաքականության և շեկ մազերի համար։

Գիրթ Ուիլդերսի անվան հետ կապված աղմկահարույց պատմությունները շատ են․ նա մահվան բազմաթիվ սպառնալիքներ է ստացել իսլամական ծայրահեղականների կողմից, դատապարտվել է մարոկացիներին վիրավորելու համար, իսկ Բրիտանիան ժամանակին նրան արգելել է մուտք գործել երկիր։

Associated Press-ի փոխանցմամբ՝ Ուիլդերսն իր նախընտրական քարոզարշավում կոչ էր անում Նիդերլանդներում հանրաքվե անցկացնել Եվրամիությունից դուրս գալու հարցով, դադարեցնել ապաստան փնտրողների ընդունումը և երկրի սահմաններից հետ ուղարկել միգրանտներին։ Նա նաև Նիդերլանդների «ապաիսլամականացման» ջատագով է, ցանկանում է փակել երկրում գործող իսլամական դպրոցները և մզկիթները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս