Հայաստանի հավաքականի առաջին «եզրափակիչը». Հայաստան-Ուելս
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում` Հայաստանի հավաքականը նոյեմբերի 18-ին կհյուրընկալի Ուելսի ընտրանուն; Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:Այս խաղը շատ կարևոր է հավաքականի համար, քանի որ թիմին միայն հաղթանակ է անհրաժեշտ հաջորդ փուլ անցնելու տեսական շանսեր ունենալու համար: Միայն երկու հաղթանակի դեպքում Հայաստանի ընտրանին կարող է անցնել հաջորդ փուլ: Սա թիմի առաջին եզրափակիչն է, մյուս խաղը կլինի Խորվաթիայի դեմ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղում ազգային թիմին ֆավորիտ չի համարում:
«Ուելսի դեմ խաղում մենք ֆավորիտ չենք: Այս խաղը բացարձակ այլ կլինի, քան առաջին հանդիպումն էր: Մեզ «բաց» հանդիպում չի սպասվում: Երկու թիմի նպատակը վաղվա խաղում դրական արդյունքն է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մասնագետը:
Պետրակովն ընդգծեց, որ ֆուտբոլիստների հետ զրույց է ունեցել և ակնկալում է ինքնանվիրված խաղ ու դրական արդյունք:
«Հույս ունեմ, որ մեր մարզադաշտում` մեր երկրպագուների առաջ խաղում, մենք դրական արդյունքի կհասնենք: Այս խաղով ֆուտբոլիստները հնարավորություն ունեն մտնելու պատմության մեջ»,-առանձնացրեց նա:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Էդգար Սևիկյանի կարծիքով` Ուելսի հավաքականը ծանր մրցակից է:
«Չեմ ստի` առաջին տնային խաղից առաջ հուզմունք կա: Սակայն ամբողջ թիմը տրամադրված է հաղթական խաղի: Ուելսի հավաքականն ուժեղ մրցակից է և լավ ընտրական կազմ ունի: Ուելսը եվրոպական ազգային թիմերի շարքում գրանդ թիմ է: Նրանք ծանր մրցակից են: Մեզ հեշտ հանդիպում չի սպասվում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սևիկյանը:
Վերջինիս խոսքով` իրեն ամեն ինչ դուր է գալիս հավաքականում: Նա շատ ջերմ ընդունելության է արժանացել:
«Մեր առաջիկա երկու խաղերը երկու եզրափակիչներ են մեզ համար: Պայքարելու ենք մինչև վերջին պահը: Մենք շանս ունենք հաղթահարելու խմբային փուլի արգելքը և անելու ենք ամեն ինչ` դրական արդյունքի հասնելու համար»,-ասաց նա:
Ուելսի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռոբ Փեյջի կարծիքով` իր թիմն ամեն ինչ անելու է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստանի դեմ առաջիկա խաղում զերծ մնալու համար նախորդ հանդիպման սխալներից:
«Կարծում եմ, Հայաստանի հավաքականի հետ նախորդ խաղում մրցակիցները կոմպակտ էին գործում և լուրջ խնդիր ստեղծում մեզ համար: Այս խաղում պետք է ամեն ինչ անենք` չկրկնելու նախորդ սխալները: Մենք հարգանքով ենք մոտենում Հայաստանի դեմ առաջիկա խաղին: Հայաստանի ընտրանին արժանիորեն է հաղթել առաջին խաղում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռոբ Փեյջը:
Մարզչի կարծիքով` նախորդ տուրերի խաղերից հետո Ուելսի հավաքականը լավ մարզավիճակում է մոտենում առաջիկա հանդիպմանը:
«Նախորդ խաղերում մեր հաղթանակները մեզ առավել մեծ վստահություն են տվել, սակայն նախորդ հաղթանակներն արդեն պատմության գրկում են, պետք է կենտրոնանանք առաջիկա խաղի վրա»,-ասաց Փեյջը: