Մեկնարկել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունը
Հյուսիս-հարավ ճանապարհի «Տրանշ-2»-ի 34 կիլոմետրանոց հատվածում (Աշտարակ-Թալին) մեկնարկել են շինարարական աշխատանքները։
Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ մանրամասնելով, որ Հյուսիս-հարավի «Տրանշ»-2-ի կառուցումը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից։
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել է շինհրապարակ՝ ծանոթանալու կատարվող աշխատանքների ընթացքին։
Շինարարությունն ու տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունները ներկայացրել են աշխատանքների ընթացքը։ Գոռ Ավետիսյանը նշել է‚ որ Աշտարակ-Թալինը Հյուսիս-հարավ ծրագրի կարևոր հատվածներից է‚ ու շատ կարևոր է‚ որպեսզի սահմանված ժամկետներում ու պատշաճ որակով 34 կմ երկարությամբ ճանապարհը հանձնվի շահագործման։
Նա ընդգծել է‚ որ շինարարության ընթացքում բոլոր հարցերը պետք է լուծվեն պատվիրատու-շինարար-տեխհսկող սերտ համագործակցությամբ‚ և հավաստիացրել է‚ որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի թիմը պատրաստ է ցանկացած հարցում աջակցել` աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով։
«Կապալառու կազմակերպությունը՝ «Լևանտինա Ինխեներիա ի Կոնստրուկսիոն» Ս․Լ և «Օբրաս Պուբլիկաս ի Ռեգադիոս» Ս․Ա» ՀՁ-ն‚ կատարում է հողային աշխատանքներ։
Այս օրերի ընթացքում արվել է մի քանի տասնյակ հազար խմ ծավալով հողային հանույթ։ Շինարարը տեղեկացրել է‚ որ մեծ թվով շինտեխնիկա է աշխատում շինհրապարակում‚ և առաջիկայում նախատեսվում է ավելացնել մեքենասարքավորումների ու աշխատողների թիվը»,-հայտնել են Հիմնադրամից՝ հավելելով, որ շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Էջիս Ինթերնեյշնլ» և «Կոքս Կոնսալթ» համատեղ ձեռնարկությունը։