«Բաց դաս»… մյուսների համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս ՔՊ-ն վարչության նիստ է անցկացրել: Դե, արել, արել են, հա էլ անում են: Այնուհանդերձ, մի «մանրուք» առանձնապես ուշադրություն գրավեց: Վարչության տվյալ նիստում ՔՊ կուսակցության որոշմամբ իրենց շարքերից հեռացրել են մի քպականի: Թե ինչի համար են հեռացրել, պատճառը որն է, անկեղծ ասած, բացարձակապես անհետաքրքիր է: Իրենք՝ իրենց կուսակցությունը: Բայց… Այստեղ ամբողջ հարցն այն է, թե ում է Փաշինյանը հեռացրել կուսակցությունից: Իսկ խոսքը ողջ էությամբ, հոգով-սրտով Փաշինյանի համար «դոշ տվող» մեկի մասին է, որն անընդհատ այդ «հունանավետիսյանության» ծիրում հայտնվում է սկանդալների մեջ:

Օրինակ՝ վերջերս սոցցանցային հարթակներում կոչ էր արել երկրից արտաքսել տեղահանված այն արցախցիներին, որոնք կմասնակցեն հակակառավարական հանրահավաքների: Դե, հազիվ թե նրան դրա համար հեռացրած լինեն, քանի որ մարդն իր կուսակցության «հիմնական գծին» համապատասխան կոչերմոչեր է արել, առավել ևս, որ այդպիսի կոչ արել են այլ քպականներ ևս, ընդ որում ու այդ թվում՝ ոչ այնքան շարքային: Բայց միայն դա չէ: Խոսքը մի անձնավորության մասին է, որը ինչպես անձնագրային, այնպես էլ՝ մտացածին անուն-ազգանունով, այսինքն՝ ֆեյքերով ֆեյսբուքներում մի առանձնակի ջերմությամբ հանդես է եկել ՔՊ-ի դիրքերից ու հարձակվել ՔՊ-ի ու Նիկոլի հասցեին «բան ասողների» վրա:

Դե ինչ, կարելի է ասել՝ հանուն ինչի «դոշ տվեց», այն էլ ստացավ: Եվ նրանք, որոնց համար նա «վիզ էր դնում» ու «դոշ էր տալիս», մի աշնանային օր ասացին՝ «հեռացված ես»: Բայց սա միայն մեկ առանձին դրվագ չէ: Այս օրինակը, կարծում ենք, պետք է շատ ուսանելի դաս լինի բոլոր նրանց, ովքեր «կուրացած», «խլացած», մարդկությունն ու ազգությունը «մոռացած»՝ օրնիբուն «դոշ են տալիս» Փաշինյանի համար: Իսկ «դասն» այն է, որ իրենց պաշտելի Փաշինյանին, իրենց «դոշտվության» օբյեկտին երբ պետք լինի, նա շատ հանգիստ իրենց բոլորին «փուռն է տալու»:

Հա, ու չարժե կարծել, թե պաշտոնից ազատվելով կամ կուսակցությունից հեռացվելով, այսպես ասած, պրծնելու են: Բոլորին չէ, որ նման «երջանկություն» է սպասվում»:

Տեսանյութեր

Լրահոս