«Երևան-Վան» ավիաչվերթի բացումը կապված չէ Թուրքիայի պետական քաղաքականության հետ. թուրք դեսպան

Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշգունն այսօր լրագրողների հետ ունեցած զրույցում անդրադարձել է «Երևան-Վան» ուղիղ ավիաչվերթի բացման խնդրին.

«Վանի ու Երևանի միջև ավիաչվերթների հնարավոր իրագործումը որևէ կապ չունի Թուրքիայի պետական քաղաքականության հետ: Տվյալ չվերթներն իրականացնելու է թուրքական մասնավոր ընկերությունը: Պետությունը չի միջամտում մասնավոր ընկերությունների գործերին, եթե նրանք չեն խախտում երկրի օրենսդրությունը:

Հայաստանի հանդեպ Թուրքիայի դիրքորոշումը միանշանակ է և որևէ փոփոխության չի ենթարկվել: Թուրքիան նախկինի նամ աջակցում և աջակցելու է Ադրբեջանին»:

Հիշեցնենք, որ դեռևս 2011 թվականի հունիսի վերջին ադրբեջանական «Զերկալո» թերթին տված հարցազրույցում Թուրքիայի ԱԳՆ-ի մի բարձրաստիճան ներկայացուցիչ հայտարարել էր, որ թուրքական ընկերություններից մեկը, ընդ որում՝ բարձր տեխնոլոգիական, մասնակցում է Ստեփանակերտի օդանավակայանը սարքավորումներով ապահովելու գործընթացին՝ միաժամանակ հրաժարվելով հայտնել թուրքական այդ ընկերության անունը.

«Թուրքական ընկերության համար շահավետ է նոր շուկայի յուրացումը։ Իսկ հայերն իրենց օգուտն ունեն. թուրքական բարձր տեխնոլոգիական սարքավորումները շատ ավելի էժան են, քան եվրոպականները։ Սակայն հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր է նայում պետությունը։

Ձևականորեն կառավարությունը կարող է հայտարարել, որ դա մասնավոր ընկերություն է։ Բայց մի՞թե դա այդպես է։ Հավանաբար, դուք հիշում եք, որ վարչապետ Էրդողանը նախընտրական կամպանիայի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, ուղիղ եթերով և բաց տեքստով սպառնաց մի հայտնի ձեռնարկատիրոջ, որը, իբրև թե իր աջակցությունն էր հայտնել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ)։

Այդ դեպքում խոսքը Թուրքիայի ներքաղաքական գործընթացների մասին էր։ Սակայն եթե բանը հասնում է արտաքին քաղաքական շահերին, ընդ որում` ազգային անվտանգության հետ կապ ունեցողներին, թուրքական յուրաքանչյուր ընկերություն հաշվի է առնում իր կառավարության դիրքորոշումը։

Այսինքն՝ եթե Թուրքիայի կառավարությունն աչք է փակում Ստեփանակերտի օդանավակայանին թուրքական բարձր տեխնոլոգիական սարքավորումների առաքման վրա, ընդ որում՝ դա արվում է երրորդ երկրի միջոցով, ապա դա նշանակում է, որ դա համապատասխանում է նրա արտաքին քաղաքական կուրսին»։

Տեսանյութեր

Լրահոս