Ադրբեջանում ցավագին է ընդունվում «Երևան-Վան-Երևան» ավիաչվերթի բացումը
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում զգալի մտահոգություն են հարուցել հայ-թուրքական գործարար կառույցների համատեղ պլանները, որոնք առնչվում են ապրիլի 3-ից «Երևան-Վան» երթուղով կանոնավոր թռիչքներ կազմակերպելուն:
Ադրբեջանում ցավագին է ընդունվում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի ու պատմական Հայաստանի կենտրոններից մեկի միջև ուղիղ ավիահաղորդակցության բացումը: Բաքվի ԶԼՄ-ները պնդում են, որ դա կարևոր իրադարձություն է, որը կարող է փչացնել Բաքվի ու Անկարայի փոխհարաբերությունները:
Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն կարծում է, որ վերջին շրջանում Թուրքիայում որոշակի ուժեր փորձում են կես քայլերով, կես միջոցներով իրագործել հայ-թուրքական արձանագրությունների որոշ կետեր. «Ընդ որում, դա արվում է հայկական կողմի պայմաններով՝ առանց նախապայմանների, այսինքն առանց Ադրբեջանի տարածքը հայկական զորքերի լքելու և 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված իրադարձությունների (Հայոց ցեղասպանության) հետազոտման պատմաբանների հանձնաժողովի ձևավորման»:
Գործակալության հետ զրուցած ռուս ու արևմտյան փորձագետները չեն կարծում, թե ՙՙ«Երևան-Վան» ավիաչվերթի բացումը քաղաքական տեսանկյունից կարող է ունենալ լուրջ նշանակություն:
Հայկական տուր-օպերատորների տվյալներով՝ «Երևան-Վան-Երևան» չվերթի ավիատոմսերը վաճառքի կհանվեն արդեն մարտի 15-ին, և արդեն իսկ կարելի է այսօր հայտարարել, որ դրանց պահանջարկը բավական մեծ է: Տոմսի արժեքը կազմելու է 250 դոլար, թռիչքները միջին մեծության ATR 72-500 ինքնաթիռներով իրականացնելու է թուրքական Bora Jet ընկերությունը:
Թռիչքի տևողությունը կազմելու է մոտ 40 րոպե: Առաջին թռիչքն իրականացվելու է ապրիլի 3-ին: Դրա շնորհանդեսին մասնակցելու են ոչ միայն հայկական ու թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչները, այլև՝ պաշտոնական կառույցները ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՄՆ դեսպանատան դիվանագետները և Հայաստանում ԵՄ-ի առաքելությունը: