Ադրբեջանի ԽՍՀ–ից փախստական հայերը 3 տարվա ընթացքում կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն. Sputnik Արմենիա
1988-91 թթ. Ադրբեջանի ԽՍՀ–ից տեղահանված և մինչ օրս ՀՀ կամ այլ երկրի քաղաքացիություն չստացած ազգությամբ հայերը կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնել մինչև 2026 թ. դեկտեմբերի 31–ը: ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց ՀՀ «Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։
Ինչպես Sputnik Արմենիային պարզաբանեցին ՀՀ ՆԳՆ քաղաքացիության միգրացիայի հարցերով ծառայությունից,օրենսդրական առաջարկն արվել է` հաշվի առնելով այն, որ հայրենակիցների շրջանում դեռևս մնում է խորհրդային անձնագիր ունեցող, բայց որևէ քաղաքացիություն չստացած անձանց փոքր խումբ:
Առաջարկվում է նաև հստակեցնել քաղաքացիություն չունեցող անձանց մշտական բնակության կարգը ՀՀ–ում: Օրենքում նշվում է, որ ՀՀ կառավարությունը կես տարվա ընթացքում պետք է ընդունի նրանց կացության կարգավիճակ տալու կանոնները։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 26-ին որոշեց փախստականի կարգավիճակ տալ Արցախից բռնի տեղահանվածներին։
Ներկայացնելով որոշումը` ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ ժամանակավոր պաշտպանության տակ են վերցվում հետևյալ անձինք` ԼՂ ռեգիստրի հաշվառումներով անցնողները, ՀՀ տարածքում կամ ՀՀ–ից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ–ն և նաև այն անձինք, որոնք չեն ունեցել հաշվառում ԼՂ բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են ԼՂ–ում ու 2023 թ. սեպտեմբերի 19–ից հետո հաշվառվել են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։