Լևոն Մնացականյանը խիստ կասկածում էր, որ Արցախից կկարողանա դուրս գալ. նման մակարդակի պաշտոնյաների ճակատագիրը վճռվում է բարձր մակարդակներում. Եղիշե Առուշանյան

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանն Արցախը շրջափակեց՝ փակելով Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։ 120 հազարից ավելի խաղաղ բնակիչներին 9 ամիսից ավելի պահեց շրջափակման մեջ, այդ ընթացքում եղան սովամահության դեպքեր, երեխաները չծնված՝ մահացան, իսկ արդեն սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը դիմեց լայնածավալ ռազմական գործողությունների։

Մեկ օր տևած պատերազմի ընթացքում Ադրբեջանն իրականացրեց բազմաթիվ ռազմական գործողություններ՝ սպանելով տասնյակ երեխաների, քաղաքացիական անձանց՝ ծերերի ու հաշմանդամություն ունեցողների։

Էթնիկ զտման ու ցեղասպանության սպառնալիքի տակ Ադրբեջանն ուղղակի բռնի տեղահանեց արցախահայերին, ինչից հետո ձերբակալեց Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը, այդ թվում՝ ԱԺ ներկայիս նախագահին։

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն այս պահին գտնվում են ադրբեջանական գերության մեջ. 4 ամսով ձերբակալվել են, նրանց Բաքուն առաջադրել է մի քանի հոդվածներով մեղադրանքներ, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն։ Ադրբեջանական բանտերում են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված հարյուրավոր քաղաքացիներ, որոնց Ադրբեջանը հրաժարվում է հանձնել Հայաստանին։

Կարդացեք նաև

Արցախյան շարժման ակտիվ մասնակից, «Արցախի ազատամարտիկների միություն» հ/կ անդամ Եղիշե Առուշանյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը գերությունից հայրենիք վերադարձնելու հնարավոր ճանապարհների մասին, նշեց, որ ժողովուրդը կարող է այս կամ այն միջազգային կառույցի մոտ բողոքել, նամակներ գրել ու հանձնել, սակայն դա դրական արդյունք չի կարող տալ, կլինի աղմուկ, և վերջ։ Դրական արդյունք կլինի, եթե խնդրով զբաղվի ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ինչն այս իշխանության դեպքում իրատեսական չէ։

«Առհասարակ նման մակարդակի պաշտոնյաների ճակատագիրը վճռվում է բարձր մակարդակներում, դա կարող է լինել ներքին պայմանավորվածություն Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև կամ գերտերություններից որևէ մեկի ղեկավարի միջամտությամբ։ Եթե մենք նստենք Երևանում ու սպասենք, թե Բաքվի դատարանում կիրականացվի արդար դատավարություն ու նրանք կվերադառնան հայրենիք՝ սուտ է, ինքնախաբերություն։ Կրկնում եմ՝ այդ հարցով պետք է զբաղվի ՀՀ իշխանությունը, գոնե Արայիկ Հարությունյանը եղել է Հայաստանի այս իշխանությունների մարդը, ինչո՞ւ նրա ճակատագրով չեն զբաղվում»,- նշեց Եղիշե Առուշանյանը։

Որպես արցախյան ազատամարտի մասնակից, Եղիշե Առուշանյանը Հակարիի կամուրջն անցնելու իր հնարավորությունները համարել է շատ քիչ, քանի որ մինչ այդ զրուցել է ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի հետ, ով նրան ասել է՝ խիստ կասկածում է, որ իրենց կհաջողվի հատել Հակարիի կամրջի մոտ տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետը։

«Սեպտեմբերի 27-ին հանդիպեցի Լևոն Մնացականյանի հետ, առանձին խոսեցինք։ Հետաքրքրվեցի, թե դուրս գալն իրատեսակա՞ն է։ Իր հետ զրուցելու նպատակը զուտ սա էր, ուզում էի հասկանալ՝ ինչպես ենք դուրս գալու ու ինչ ենք անելու։ Լևոնն ասաց՝ խիստ կասկածում է, որ Արցախից կկարողանա դուրս գալ, փաստորեն ճիշտ էր։ Ինքս այդ ապօրինի անցակետը շատ մեծ դժվարությամբ անցա՝ կրկնակի ստուգման ենթարկեցին, մեքենան ամբողջովին ստուգեցին, որի մեջ ընտանիքիս անդամներն էին։ Ադրբեջանցիները հենց անցակետում սկսեցին վիճել, քանի որ մի մասն ասում էր՝ թող անցնի, մյուս մասը դեմ էր, վերջին պահին համաձայնության եկան, ես անցա։ Իրականում ընտանիքս արդեն համակերպվել էր, որ կարող են ինձ տանեն։ Մեծ ցավ եմ ապրում, որ մեր էլիտան, մեր ղեկավար կազմը Բաքվում է»,- նշեց Եղիշե Առուշանյանը։

Մեր զրուցակիցը  խիստ կասկածում է միջազգային այն կազմակերպությունների հնարավորությունների վրա, որոնց ժամանակին ֆինասնավորել է Արցախին նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, և որոնք կփորձեն որևէ կերպ նրան ազատել ադրբեջանական գերությունից։

Տեսանյութեր

Լրահոս