Ամեն առավոտ Հայաստանում առնվազն մեկ մարդ իր համար նոր իրողություն հայտնաբերած է զարթնում, որովհետև վերջապես միտքը բացվել է գիտելիքի առաջ. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Մի բան ասեմ ձեզ/մեզ պետք կգա:
Մարդու գլխավոր զենքը գիտելիքն է: Աստված մարդուն ստեղծել է ուղեղի այնպիսի հնարավորություններով, որ կարողանում է գիտություն և գիտելիք ստեղծել: Սա ահռելի մեծ ուժ է, որ մեզ տրվել է, բայց սրան հասնելու ճանապարհը դժվար է, ուստի մարդկանց գերակշիռ մասը հրաժարվում են սրանից:
Զանազան կենդանիներին տրվել են պաշտպանական տարբեր հատկություններ: Եվ միայն մարդուն է տրվել գիտություն ստեղծելու և իր կյանքը գիտության կիրառմամբ ապահով դարձնելու կարողություն: Նրանք, որ չեն օգտվում այդ կարողությունից զրկվելու են Աստծո հովանուց, կնշանակի վերանալու են:
Ասում եմ ձեզ, բացեք ձեր միտքը գիտության առաջ և դուք զորեղ կդառնաք: Գիտությունը մեր վիճակի համար ասում է, մի՛ ընկճվեք, մի՛ հիասթափվեք, դա միայն թշնամական ուժերին է ծառայում: Այն պահին, երբ ձեզանից յուրաքանչյուրը որոշի, որ չի ուզում այն ինչ հիմա կա, չի ուզում ստորացված և կքած ապրել, դա միանգամից հոդս է ցնդելու, դուք միանգամից ուժ եք դառնալու՝ զրկելով ուժից ձեզ կառավարողներին: Այն պահից, երբ դուք որոշեք չենթարկվել ձեզ կառավարողին, նա կորցնելու է իր բոլոր գործիքները և ծնկի է գալու:
Ամենը ձեզանից է կախված: Մնացյալ մտքերն ու տեսակետները ձեզ մոլորեցնելու համար են:
Ասում եմ ձեզ, գերագույն ուժը գիտելիքն է: Բացեք ձեր միտքը գիտելիքի առաջ, և կտեսնեք, որ հրաշքներ են լինելու:
Ամեն առավոտ Հայաստանում առնվազն մեկ մարդ իր համար նոր իրողություն հայտնաբերած է զարթնում, որովհետև վերջապես միտքը բացվել է գիտելիքի առաջ: Եվ նա հույսով է լցվել, որ կարող է իրողություն փոխել: Նման մարդիկ օրեցօր շատանալու են, նման մարդիկ միատեղվելու են և վերջ է գալու մեր ստորաքարշ վիճակին:
Շնորհակալություն և Աստծու օրհնությունը ստրկությունից ազատող և ստեղծարար գիտելիք տարածողներին:
Թե երբ հանգուցալուծումը տեղի կունենա, կախված է յուրաքանչյուրիցդ:
Գիտելիք, ուժ, իրավունք:
Սա է զորության և կյանքի այն բանաձևը, որ բերել եմ ձեզ համար, մեր՝ հայերիս համար, շուրջ տաս տարի աշխարհի գիտելիքի գլխավոր օջախներում և նրանց հետ մարզվելուց հետո: Այլ տարբերակ չկա, այլընտրանքը ստրկությունն ու անպատիվ կյանքն է»: