Այս արկածախնդիր քաղաքականությունն ուղիղ սպառնալիք է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը վստահեցնում է՝ ՀՀ ներկա իշխանությունները ո՛չ միայն չեն իրականացրել ՌԴ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ իրենց ծրագրում ներկայացված կետերը, այլև վարել են դրա ճիշտ հակառակ քաղաքականությունը: ՀՀ իշխանությունների այս գործողությունները Զաքարյանը գնահատեց «արկածախնդրություն»՝ շեշտելով, որ դա ուղիղ սպառնալիք է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար:
«Այս ընթացքում ՀՀ տնտեսությունը բավականին մեծ ֆինանսական հոսքեր է ապահովել՝ բացառապես ԵԱՏՄ անդամ լինելու և Ռուսաստանի դեմ գոյություն ունեցած սանկցիաների շնորհիվ՝ որպես ռելոկացիոն պետություն, այդ թվում՝ նաև տրանսֆերների տեսանկյունից: Բայց ՌԴ-ն քննադատվում է, ու փոխարինող որևէ առաջարկ գոյություն չունի»,- ասաց Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ առաջիկայում ԵԱՏՄ-ում նույնպես ՀՀ դիրքերը գնալով թուլանալու են:
Նա չարդարացված համարեց նաև ՀՀ ներկա իշխանությունների կողմից ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի նախաձեռնություններին չմասնակցելն ու դեմարշները՝ նկատելով, որ այդպիսով վնասվում են միայն ՀՀ քաղաքացիների շահերը:
«Թե ՀՀ քաղաքացին էլ ինչպես կարող է տուժել, Աստված չանի՝ տեսնենք: Այս արկածախնդիր քաղաքականությունն արդեն ուղիղ սպառնալիք է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար»,- ասաց նա:
Արտակ Զաքարյանը հերքեց նաև կառավարության ծրագրում տեղ գտած պնդումը, թե ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները հասել են նոր ռազմավարական երկխոսության մակարդակի՝ հայտարարելով, որ ՀՀ-ն ԱՄՆ-ի համար որևէ հետաքրքրություն չի ներկայացնում, բացի ռուսական կողմի հետ թշնամանալուց:
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրում ներկայացված, սակայն «2.6 մլրդ եվրոյի աջակցության ներքո» ԵՄ-ի հետ այդպես էլ չիրականացված ծրագրերին՝ Զաքարյանը վստահեցրեց, որ ԵՄ-ն որևէ դեպքում չի գործակցի Հայաստանի ներկա իշխանությունների հետ: Այս համատեքստում նա հիշեցրեց կարևորագույն մեկ այլ իրողություն.
«2017 թվականին Սերժ Սարգսյանը քաղաքական ջանքերի շնորհիվ, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, ստորագրել է ՍԵՊԱ-ի պայմանագիրը, որտեղ գրված է, որ ԵՄ անդամ երկրներն աջակցում են ՀՀ-ին՝ Մինսկի խմբի շրջանակներում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքների իրացման հարցում: 28 երկիր իր խորհրդարանում վավերացրել է դա, սակայն «Նիկոլը գնում է Եվրախորհրդարան ելույթ ունենալու և բացառապես չի խոսում այս մասին ու երբևէ չի էլ խոսել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նազելի Ստեփանյան