Սրանց համար 1 օրվա խնդիր է բարեկամին թշնամի ներկայացնելը և թշնամուն՝ բարեկամ. Արտակ Զաքարյան

Ներքին քաղաքականության մեջ թշնամանք ու պառակտում տարածող իշխանությունը չի կարող թշնամանքի դեմ պայքար մղել արտաքին անվտանգային միջավայրում. Արտակ Զաքարյան

ՀՀ կառավարության կողմից անվտանգության ու արտաքին քաղաքականության լիարժեք տապալումն ու Արցախի կորուստն ուղիղ սպառնում են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ապագային, ֆիզիկական ու բարոյահոգեբանական անվտանգությանը. «ՀՀ դեմ ահագնացող մարտահրավերների, դրանց հաղթահարման հնարավոր ելքերի մասին» խորագիրը կրող ասուլիսին հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ դրանում միայն մեկ մեղավոր կա:

«Դա ՀՀ քաղաքացիները չեն, որովհետև նրանք ևս մեկ անգամ հավատացել են այս ստախոս կառավարությանը: Դա ընդդիմության գործիչները չեն, որովհետև բազմիցս պնդել են հակառակն ու հիմնավորել են իրենց դիրքորոշումը, դա կառավարության անդամները չեն, որովհետև նրանք ընդամենը շարքային կամակատարներ են, դա ԱԺ մեծամասնությունը չէ, որովհետև նրանք քաղաքական որևէ կենսագրություն, միտք ու գաղափար ու ծրագիր չունեցող, ընդամենն աշխատավարձ ու պարգևավճար ստացող կոճակ սեղմողներ են»,- ասաց նա:

Որպես իր հայտարարությունների ապացույց՝ նա անդրադարձավ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում ներառված կարևորագույն կետերին ու արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, որոնք ներկայացվելով 2021 թվականի ընտրություններում՝ ներկա իշխանություններին հաջողվել էր ստանալ 680.000 ընտրողի քվե:

Այս համատեքստում, Զաքարյանն արձանագրեց, որ թեև կառավարության ծրագրում ներկայացված է եղել ՀԱՊԿ ու ԱՊՀ երկրների հետ լիարժեք գործակցության պատրաստակամության մասին՝ ներկա իշխանություններն իրենց վարած քաղաքական ոչ ճիշտ գործողությունների արդյունքում՝ այդ կազմակերպությունների հետ ստեղծել են ո՛չ գործընկերային հարաբերություններ:

«Սա, ի դեպ, ՀԱՊԿ-ի գործողությունների արդարացում չէ, այլ ՀՀ կառավարության սխալ քաղաքականությունն ու իր իսկ գրած ծրագրին հակառակ գործողություններ անելն է: Հիմա լսողները կասեն՝ ՀԱՊԿ-ն իրեն այդպես պահեց, այդ պատճառով այդպես եղավ, իսկ ինչո՞ւ ՀԱՊԿ-ը մինչև այդ այդպես չէր պահում իրեն: Իսկ ինչո՞ւ ՀԱՊԿ-ը 2016 թվականի ապրիլյան ադրբեջանական ագրեսիային համապատասխան քաղաքական գնահատականներ տվեց, իսկ հիմա՝ չի տալիս: Այսինքն, շատ լավ իմանալով, որ ՀԱՊԿ-ը հիմա գոյություն ունեցող անվտանգային միակ գործոնն է, եթե դու քեզ այդպես ես պահում ՀԱՊԿ-ում, ապա ի՞նչ երաշխիք կա, որ վաղը քեզ այդպես չես պահելու ՆԱՏՕ-ում կամ մեկ այլ անվտանգային հարաբերությունների շրջանակում»,- հարցադրում արեց Զաքարյանը՝ հավելելով, որ առաջացած երկկողմ անվստահության մթնոլորտը պայմանավորված է ՀՀ իշխանությունների գործողություններով:

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրում տեղ գտած՝ «թշնամության հաղթահարման» վերաբերյալ կետին, ապա, Զաքարյանի խոսքով՝ ներքին քաղաքականության մեջ թշնամանք ու պառակտում տարածող իշխանությունը չի կարող թշնամանքի դեմ պայքար մղել՝ արտաքին անվտանգային միջավայրում:

«Թշնամանք ու հակատրամադրություններ, ուժային տարբեր կենտրոնների շահերը հակասությունների վրա կառուցված սպասարկելով՝ այդ թշնամանքը տարածում են նաև մեր շուրջ՝ տարածաշրջանում: Հայ- ռուսական հարաբերությունները վերածվում են թշնամանքի: Ոչ մի երաշխիք չկա, որ վաղը-մյուս օրը չի լինի նաև հայ-իրանական հարաբերություններում, նույնը կարող է լինել նաև Հայաստան- Հավաքական Արևմուտք հարաբերություններում:

Սրանց համար մեկ օրվա խնդիր է բարեկամին թշնամի ներկայացնելը, հաջորդ օրն էլ թշնամուն բարեկամ ներկայացնելը: Այդպես չպետք է լինի, դա դեմ է անվտանգային բոլոր կանոններին»,- հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ մեր երկրում առկա ճգնաժամային իրավիճակը հենց այդպիսի քաղաքականության արդյունքն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս