Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Դունյա Միյատովիչին ներկայացրել է ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակը։

Շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար՝ փոխվարչապետը ներկայացրել է ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ մանրամասն անդրադարձ կատարելով տեղահանված բնակչության հիմնական կարիքներին և դրանց հասցեագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Մասնավորապես՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կեցության վայրերով ապահովման և առաջնային այլ կարիքների բավարարման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը, ինչպես նաև նախանշել է վերջիններիս համար կայուն կենսապայմաններ ապահովելու նպատակով միջնաժամկետ և երկարաժամկետ անելիքները։

Փոխվարչապետն անդրադարձ է կատարել նաև առավել խոցելի խմբերի, այդ թվում՝ երեխաների, կանանց, տարեցների սոցիալ-հոգեբանական և այլ կարիքներին:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին առկա իրավիճակի վերաբերյալ մանրամասն քննարկում ունենալու հնարավորության համար:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի լայն շրջանակի:

Տեսանյութեր

Լրահոս