Ավելի քան 674 միլիոն դրամ պետական բյուջեից՝ պարգևավճարի համար
Նախկիններին ոստիկանապետություն ստեղծելու մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո շարունակում է ավելացնել ոստիկանների թիվը, դրան զուգահեռ՝ ավելացնելով նաև ոստիկանապետության պահպանման համար հատկացվող միլիոնները։
Սոցիալական պետության փոխարեն ոստիկանապետություն ստեղծած Փաշինյանի Կառավարությունը 2024 թվականի բյուջեով դարձյալ ավելացրել է ոստիկաններին տրվող գումարը՝ աշխատավարձի և պարգևավճարի տեսքով։
2023 թվականին ՀՀ ոստիկանությանը հատկացվող պետական ֆինանսավորումն ավելացավ 15 տոկոսով կամ 10 միլիարդ դրամով, ինչն իհարկե չհանգեցրեց մեր երկրում հանցագործությունների նվազմանը, իսկ 2024 թվականի բյուջեով ոստիկանների համար նախատեսված ծախսերն էլ ավելի են մեծացել։
Եվ այսպես, 2024 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ ներքին գործերի նախարարության ընդհանուր հատկացումները կազմում են 89,484.7 մլն դրամ:
Նախագծով նախատեսվող հատկացումները հիմնականում վերագրվում են ընթացիկ ծախսերին՝ 87,873.6 մլն դրամ, իսկ կապիտալ ծախսերը կազմել են 1,611.1 մլն դրամ։
Ներքին գործերի նախարարության աշխատավարձի ֆոնդը կազմում է 18 միլիարդ 170 միլիոն դրամ։
Իսկ ահա 2024 թվականի բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդը հսկայական է։
Այս գերատեսչության համար պարգևավճարի և հավելավճարների համար նախատեսվել է 674 միլիոն 494 հազար դրամ. համեմատության համար հիշեցնենք, որ 2021 թվականին պարգևատրման ֆոնդը կազմում էր 500 միլիոն դրամ։