Ինչու չեն աշխատում Արցախի նախարարներն ու պատգամավորները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ անտեղի ու կեղծ պատճառաբանություններով խուսափում է Արցախի վտարանդի կառավարության հետ շփումներից, այլ կերպ ասած՝ արհամարհում է նրանց:

Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո Հայաստան տեղափոխված Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահ Սամվել Շահրամանյանը, պետնախարար Արթուր Հարությունյանը, ինչպես նաև արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը, որը դեռևս Լաչինի միջանցքի շրջափակումից հետո մնացել էր Երևանում, սպասում են, որ Նիկոլ Փաշինյանն ընդունի իրենց: Նրանք մինչ այդ փաստացի անգործության են մատնված: Փնտրում են Փաշինյանին, որ իրենց ապագա անելիքները ճշտեն:

Փաշինյանն էլ ամեն անգամ մի պատճառաբանություն է բերում, որպեսզի խուսափի Արցախի վտարանդի կառավարության հետ հանդիպումից, այսպես ասած՝ չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել:

Բանն այն է, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մտադիր է ի լուր Հայաստանի և Արցախի ժողովուրդների, ինչպես նաեւ միջազգային հանրության, հայտարարել, որ Ադրբեջանի ճնշման տակ է ստորագրել Արցախի լուծարման մասին փաստաթուղթը, ուստի այն ապօրինի է և իրավական որևէ ուժ չունի: Կարող է նաև ստորագրել նույն հրամանագիրը չեղարկելու մի նոր որոշում:

Հիմա Արցախցի պաշտոնյաները փակուղում են հայտնվել. մի կողմից ուզում են քայլեր ձեռնարկել, մյուս կողմից էլ չեն ցանկանում առանց ՀՀ իշխանությունների հետ համաձայնեցնելու գործել:

Այս իրավիճակում տարօրինակ ու անհասկանալի դիրք է բռնել Ացախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, վերջինս զանգում է Արցախցի նախարարներին ու պատգամավորներին ու ասում, թե ձեր հանրային խոսքում մի օգտագործեք Արցախի Հանրապետություն բառը, քանի որ Փաշինյանի խոսնակն էլ հանրային կերպով ներողություն խնդրեց Արցախ բառն օգտագործելու համար, ուստի ցանկալի չէ, որ իրենք էլ օգտագործեն:

Այս խոսակցություններից հետո Արցախցի պաշտոնյաների և Սերգեյ Ղազարյանի հարաբերությունները լարվել են:

Մեզ հետ զրույցում Սերգեյ Ղազարյանը կտրականապես հերքեց, որ արցախի պաշտոնյաներին նման բան է ասել.

«Բացարձակ սուտ է, նման բան չկա, ես պարզապես ասել եմ, որ հիմա լրիվ այլ իրողություն ունենք եւ պետք է ըստ այդմ շարժվենք, չենք կարող գործել այնպես, ինչպես՝ նախկինում: Ես որեւէ մեկին չեմ ասել՝ Արցախ բառը չօգտագործեք»,-ասաց նա:

Ղազարյանից հետաքրքրվեցին նաև՝ այս նոր իրողություններում ինքն ինչո՞վ է զբաղված, ի՞նչ աշխատանք է տանում, հարցին ի պատասխան աաաց՝ բռնի տեղահանված արցախցիների խնդիրներով է զբաղվում: Եւ ոչ մի խոսք վտարանդի կառավարության գործունեության մասին: Չէ որ անգամ չարաբաստիկ այն հրամանագրով, Արցախի հանրապետությունը գոյություն ունի մինչև հունվարի 1-ը: Ու եթե Արցախի նախարարներն ու պատգամավորները անգործություն են ցուցաբերում, նշանակում է Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թելադրանքով են գործում»:

Տեսանյութեր

Լրահոս