Բաժիններ՝

Եղեք երեխաների նման

«Լա՛վ իմացեք, ով Աստծո Արքայությունը չընդունի մանկան պես, չի մտնի այնտեղ» (Մարկ. 10:15):

Ինչո՞ւ էր Քրիստոս քարոզելիս հորդորում նմանվել երեխաներին՝ այն համարելով Երկնքի Արքայություն մտնելու կարևորագույն պայման: Այս հարցը այլ հարցեր է ծնում՝ ի՞նչ է կորցնում մարդ՝ մանկության տարիքը հատելով: Ի՞նչ բացառիկ և թանկ հատկանիշներ ունեն երեխաները, որոնցով այդքան տարբերվում են մեծահասակից և որոնք այդքան արժևորվում են մեր Տիրոջ կողմից:

Տարբերությունների շարքը սկսվում է նրանով, որ երեխան ապրում է ներկայով. նա ուրախ է կամ տխուր ներկայում: Եթե երեխայի համար կենդանին կարող է խոսել, ծառերը կարող են ուրախանալ կամ տխրել, արևը ժպտալ, պատճառը այն չէ, որ նա անգետ է կամ ոչ զարգացած, այլ որ նրան տրված է խորաթափանց լինելու հրաշալի զգացումը:

Երեխաները պարզսիրտ են, անկեղծ, կամեցող և խոնարհ, չունեն կանխակալ մտքեր, ազատ են բոլոր տեսակի կրքերից: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր երկրային կյանքի ընթացքում մարդկությանը թողեց հնազանդ որդու օրինակ. Նա հնազանդ էր Իր երկրային ծնողներին (Ղուկ. 2:51), Նա ամբողջովին հնազանդ էր նաև Երկնավոր Հոր կամքին. «Ես երկնքից իջա ոչ թե Իմ կամքը կատարելու համար, այն Նրա կամքը, Ով Ինձ ուղարկեց» (Հովհ. 6:38): Քրիստոս կատարյալ հնազանդության օրինակ հանդիսացավ, և ով ցանկանում է Նրան ժառանգակից լինել, պետք է լինի այնպիսին, ինչպիսին երեխաներն են: Այդ դեպքում մարդը սկսում է ապրել Աստծու որդուն հատուկ իրական կյանքով, սկսում է լիարժեք վստահել Երկնավոր Հորը՝ Նրա ձեռքը հանձնելով իր բոլոր կասկածները, մեծ ու փոքր հոգսերը. «Ձեր հոգսերը Աստծուն թողեք, որովհետև Նա հոգում է ձեր մասին» (Ա Պետրոս 5:7):

Կարդացեք նաև

Ըստ Ս. Հովհան Ոսկեբերանի՝ եթե չունենք երեխային հատուկ առաքինություններ, ապա որքան էլ մեծ լինեն մեր գործերը, մեր փրկությունը կասկածելի կլինի: Որքան էլ երեխային նախատեն ու պատժեն կամ գովաբանեն, նա առաջին դեպքում չի նեղսրտում և կշտամբում, իսկ երկրորդ դեպքում՝ չի հպարտանում: Քրիստոս օրինակ բերեց երեխային, ում օտար է հպարտությունը, փառասիրությունը, նախանձը և կռվասիրությունը, երեխա, որը զարդարված է բազմաթիվ առաքինություններով, բայց և նրանցից ոչ մեկով չի հպարտանում, ահա մի որակ, որ հատուկ է բարձր իմաստությանը: Այդ պատճառով Քրիստոս ընտրեց պարզ մարդկանց և գոհություն հայտնելով Երկնավոր Հորը՝ ասաց. «Գոհություն եմ հայտնում Քեզ, Հա՛յր, Տեր երկնքի և երկրի, որ իմաստուններից և գիտուններից ծածկեցիր այն, ինչ հայտնեցիր պարզ ու համեստ մարդկանց» (Մատթ. 11:25):

Եկեղեցու հայրերը կարևորում են նաև քրիստոնյայի մանկան պես պարզությունն ու կատարյալ վստահությունը աստվածային խորհուրդների հանդեպ: Օրինակ՝ Ս. Հաղորդությանը՝ հացն ու գինին Ս. Պատարագին խորհրդավոր կերպով Քրիստոսի ճշմարիտ Մարմնի ու Արյան փոխակերպվելուն, կան մարդիկ, որոնց հպարտ բանակությունն ու սիրտը, ինչպես անհավատ հրեաներինը, չեն հավատում փրկարար խորհրդին և ասում են՝ այս մարդն ինչպե՞ս կարող է Իր մարմինը մեզ տալ՝ ուտելու համար (Հովհ. 16:52):

Հայրաբանական գրականությունը «եղեք երեխաների նման» տիրավանդ պատգամը բացահայտում է քայլ առ քայլ և ասում՝ «եղեք երեխաների նման», այսինքն՝ ունեցեք առանց կասկածների ու հակաճառության հավատ, վստահեք և ապավինեք Աստծուն, ինչպես երեխան է վստահում և ապավինում իր ծնողին: «Եղեք երեխաների նման», այսինքն՝ սիրեք ձեր Երկնավոր Հորը, ինչպես երեխան է սիրում իր մորը, ում ոչ ոք չի փոխարինի, այդպես թող անփոխարինելի լինի ձեզ համար Աստված: «Եղեք երեխաների նման», այսինքն՝ թողեք չարիքը և ձեռք մեկնեք, որպեսզի չընկնեք և հույս մի դրեք ձեր բանականության վրա: Ինչպես երեխան է մոր ձեռքերում անվտանգ, այնպես էլ դուք կզգաք ձեզ անվտանգ Երկնավոր Հոր ձեռքերում՝ հուսալով Նրա կարողության և ուժի վրա: «Եղեք երեխաների նման», այսինքն՝ սիրեք միմյանց առանց զանազանելու, ինչպես երեխաներն են սիրում և խաղում միմյանց հետ, եթե անգամ նրանցից մեկը լինի թագավորի որդի, մյուսը՝ աղքատի:

Բոլոր մարդիկ էլ սիրում են փոքրիկ, անկեղծ և մաքուր երեխաներին, եթե սիրում ենք նրանց, ուրեմն իրենք արժանի են, որ մեզ օրինակ ծառայեն: Նրանց սերը, ինչպես նկարագրված է սիրո օրհներգում, չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի ունենում, միայն ինքն իր մասին չի մտածում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը (Ա Կորնթ. 13:4-6): Այն լուսավորը, մաքուրը, բարին և արդարը, որ տեսնում ենք երեխաների մոտ, նրանց նմանվելու, նրանց խոնարհ կերպարին հետևելու օրինակ է ծառայում: Մանկան այդ խոնարհությունն է բացում դեպի Երկինք տանող ուղին, և հակառակը՝ կասկածը, հպարտությունն ու փառասիրությունը փակում են այն ուղին, որ դեպի Երկինք է առաջնորդում:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս