Հայաստանի դպրոցներ են հաճախում ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 13 հազար երեխաներ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ընթացքում ներկայացրել է ՀՀ դպրոցներ ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտների մասին տեղեկություններ:
Հոկտեմբերի 12-ի տվյալներով արդեն ավելի քան 13 հազար երեխաներ ընդգրկվել են ՀՀ դպրոցներում, ինչը կազմում է թիրախային խմբի մոտ 62 տոկոսը:
«Ամեն օր ավելանում է երեխաների թիվը: Կարծում եմ, որ մինչև հաջորդ շաբաթվա կեսերը պետք է փորձենք ամբողջությամբ ընդգրկել երեխաներին: Մի քանի կոնկրետ տեղերում ունենք տրանսպորտային ծառայության խնդիր. դրանք այն վայրերն են, որտեղ երեխաները տեղակայված են ավելի մեծ խմբերով, ժամանակավոր կացարաններում՝ հանգստյան գոտիներում, հյուրատներում: Այս հարցը քննարկել ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գործընկերների հետ, և այդ խնդիրները նույնպես կարգավորվում են»,-ընդգծել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև դասագրքերի խնդրին՝ տեղեկացնելով, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները դասագրքերով ապահովվում են անվճար, և լրացուցիչ խմբաքանակի պատվերն արդեն ուղարկվել է:
«Ընդգծում եմ՝ դասագրքերի համար վճարել պետք չէ: Նաև նշեմ, որ մենք փորձում ենք առաջին հերթին երեխաներին ուղղորդել այն դպրոցներ, որոնցում կան ազատ տեղեր: Այն դեպքում, երբ ազատ տեղերն արդեն սպառված են, նրանց փորձում ենք տեղավորել ծանրաբեռնված դպրոցներում: Սա հընթացս կարգավորվող գործընթաց է, և մենք սերտորեն աշխատում ենք թե՛ մարզպետարանների, թե՛ քաղաքապետարանների հետ, որպեսզի կարողանանք խնդիրները կարգավորել», -փաստել է նախարարը: