Այլատյացությունը քննադատող զեկույցի բանախոսը մի երկրից է, որն էթնիկ զտման է ենթարկել ԼՂ հայերին. Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ-ում

Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) տարակուսանք է հայտնել, որ այլատյացությունը և ավտորիտարիզմը քննադատող զեկույցի բանախոսը ներկայացնում է մի երկիր, որը հայտնի է իր այլատյացությամբ և ավտորիտարիզմով, որը վերջերս է էթնիկ զտման ենթարկել իրենց պապենական հայրենիքում ապրող ամբողջ հայ բնակչությանը:

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ Ջուլհակյանը մասնավորապես ասել է. «Այսօր մենք քննարկում ենք ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմքերին սպառնացող վտանգներից մեկը:

Ծայրահեղ աջ գաղափարախոսությունը, որը հաճախ դրսևորվում է ազգայնականությամբ, այլատյացությամբ, ավտորիտարիզմով, թափ է հավաքում աշխարհի տարբեր կողմերում: Սա ոչ միայն սպառնում է իրավահավասարության և արդարության սկզբունքներին, այլ նաև խաթարում ժողովրդավարության և մարդու իրավունքների բուն էությունը, ինչի համար շարունակ պայքարել ենք, դրանք փայփայել»:

Պատգամավորը նկատել է, որ վերջին տարիներին ծայրահեղ աջ գաղափարախոսության հետ կապված ատելության հանցագործությունների, խտրականության ու բռնության դեպքերի տագնապալի աճ է գրանցվել: Այս գործողություններն ուղղակիորեն սպառնում են այն անհատների իրավունքներին, որոնք թիրախավորվել են իրենց ազգային պատկանելության, կրոնական դավանանքի կամ համոզմունքների համար:

Ջուլհակյանն այս տեսանկյունից շատ է կարևորել, որ ԵԽԽՎ-ն՝ որպես կազմակերպություն, քննարկի խնդիրը՝ փորձելով գտնել հնարավոր լուծումներ:

«Բայց, անկեղծ ասած, հարգելի՛ գործընկերներ, ես մի փոքր տարակուսած եմ՝ տեսնելով, որ այլատյացությունը և ավտորիտարիզմը քննադատող զեկույցի բանախոսը ներկայացնում է մի երկիր, որը հայտնի է իր այլատյացությամբ և ավտորիտարիզմով, մի երկիր, որը տառացիորեն վերջերս է էթնիկ զտման ենթարկել իրենց պապենական հայրենիքում ապրող ամբողջ հայ բնակչությանը:

Էթնիկ զտում, որը վերջին ակորդն էր այդ մարդկանց մոտ տասն ամիս շրջափակելուց և սովի մատնելուց հետո»,-ասել է պատգամավորը:

Նա հավելել է՝ զեկույցում բերված են տարբեր երկրների օրինակներ, սակայն բուն Ադրբեջանի մասին ոչինչ չի ասվում: Օրինակ՝ զեկույցում կարող էր լինել հղում ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի՝ Ադրբեջանի վերաբերյալ վերջին զեկույցին, որում, մասնավորապես, նշված է հետևյալը.

«Կոմիտեն խորապես մտահոգված է հայկական ազգային կամ էթնիկ ծագմամբ անձանց նկատմամբ ռասայական ատելության հրահրման և ռասիստական կարծրատիպերի քարոզչության կապակցությամբ, այդ թվում՝ համացանցում և սոցիալական ցանցերում, ինչպես նաև հանրային դեմքերի և պետական պաշտոնյաների կողմից իրականացվող, ինչպես նաև նման արարքների վերաբերյալ մանրամասն հետաքննության, դատապարտման և պատժման դեպքերի բացակայությամբ: Կոմիտեն նաև մտահոգված է նրանով, որ դպրոցական դասագրքերն Ադրբեջանում խթանում են նախապաշարմունքներ և ռասայական ատելություն հրահրում, հատկապես էթնիկ հայերի նկատմամբ, ինչպես նաև Ադրբեջանում պատմության ուսուցման ընթացքում էթնիկ փոքրամասնությունների մարգինալացմամբ»

«Որպես պատասխանատու քաղաքական գործիչներ և արդարության ջատագովներ՝ մենք պետք է միասնական պայքարենք ծայրահեղականության, ատելության և անհանդուրժողականության դեմ: Մենք պետք է պաշտպանենք ժողովրդավարական սկզբունքները, որոնք հնարավորություն են տվել մեզ առաջադիմել որպես հասարակություն, և մենք պետք է անխոնջ աշխատենք հավաստիանալու համար, որ մարդու իրավունքները պաշտպանված են բոլորի համար՝ անկախ նրանց ծագումից կամ համոզմունքներից: Միայն այդպես մենք կկարողանանք կառուցել ապագա, որը, իսկապես, ներառական, արդար և ժողովրդավարական կլինի բոլորի համար»,-եզրափակել է ԵԽԽՎ-ում Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության անդամը:

Տեսանյութեր

Լրահոս