Ադրբեջանում այդ եղանակով գահընկեց է արվել երկու նախագահ. Էյնուլա Ֆաթուլաև

Qafqazinfo–ին տված հարցազրույցի ժամանակ՝ ադրբեջանցի հայտնի լրագրող, իրավապաշտպան, Haqqin.az կայքի ղեկավար Էյնուլա Ֆաթուլաևը նոր ուշագրավ հայտարարություններ է արել:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Ֆաթուլաևը հրապարակել էր իր «Երկու միլիոն դոլար Ադրբեջանում «ֆեյսբուքյան» հեղափոխության համար» հոդվածը, որում ամերիկյան Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) ներկայացուցչության ղեկավար Ալեքս Գրիգորիևին մեղադրել էր Ադրբեջանում «գունավոր հեղափոխություն» պատրաստելու մեջ, ով, սակայն, հերքել է այդ մեղադրանքը:

Այս հրապարակման հետ կապված Qafqazinfo –ին տված հարցազրույցի ժամանակ Ֆաթուլաևը հայտարարել է. «Իմ բոլոր մտածմունքները լրագրողական հետաքննության արդյունք են, և ոչ թե հնչեղ հայտարարություններ են: Յուրաքանչյուրն իրավունք ունի հավատալ կամ չհավատալ իմ գրածներին, ես խոսել եմ փաստերի լեզվով:

Այն, ինչ ես գրել եմ, կատարելապես կապ չունի ԱՄՆ դեսպանատան հետ (որը հերքել է նրա գրածները): Կարծում եմ, որ և՛ դեսպան Ռիչարդ Մորնիգսթարը, և՛ այլ պաշտոնատար անձինք շահագրգռված են Ադրբեջանի ժողովրդավարական զարգացմամբ: Իմ կողմից նշված գումարի չափն (2 միլիոն դոլար) առնչվում է մեկ մարդու՝ NDI-ի ներկայացուցչության ղեկավար Ալեքս Գրիգորիևի գործունեությանը:

Կարծում եմ, որ իմ ենթադրություններն ու Ադրբեջանում ընթացող գործընթացները պատահական չեն: Այդ գործընթացները մշակվում են երկրի ներսում, ինչպես նաև դրսում որոշակի ուժերի կողմից և կյանքի են կոչվում հայտնի սցենարով՝ Ադրբեջանում կոնկրետ քաղաքական փոփոխություն առաջացնելու համար: Ես այս խնդիրը հետաքննում են արդեն իսկ երեք ամիս: Ասում են, թե իմ հոդվածը քաղաքական պատվեր է:

Բայց ի՞նչն է սուտ գրված իմ հոդվածում: Մի՞թե Ալեքս Գրիգորիևը չի աշխատել Վրաստանում, մի՞թե այնտեղ տեղի չի ունեցել հեղափոխություն: Մի՞թե նա գործունեություն չի ծավալել Ուկրաինայում կամ էլ Մոլդովայում: Մի՞թե նա հատուկ մեթոդոլոգիա և սցենարներ չի մշակել Ռուսաստանում: Մի՞գուցե նա իր հաշվեհամարներից դուրս բերած 2 միլիոն դոլարը ծախսել է սննդամթերքի գնման վրա:

Ես հետաքննել եմ նաև դա և անգամ մտածեցի, իսկ մի՞գուցե նա գնել է անշարժ գույք կամ թանկարժեք սեփականություն: Ընդգծում եմ, որ գրանցամատյաններում այդ մարդու անվան դիմաց չկա սեփականություն, ավտոմեքենաներ և այլն: Դրա համար էլ ես հարց եմ բարձրացնում, թե որտեղ է նա ծախսել այդչափ փողը: Եկեք կազմակերպենք հասարակական քննարկումներ և թող ապացուցեն, որ իմ գրածներում գեթ մեկ փաստ կեղծիք է:

Ադրբեջանական բանակում ամեն տարի գրանցվում են մահվան մեծ դեպքեր: Այդ խնդիրը նկատելի է տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ այդ խնդիրը հանկարծ սկսեց լուրջ բողոքներ առաջացնել սոցցանցերում: Պատկերացրեք, որ Facebook-ով ուղարկվել է բողոքի ակցիային մասնակցելու 200.000 հրավեր: Դրանք ուղարկվել են անանուն պրոֆիլներից: Ինչպե՞ս կարելի է այդքան կարճ ժամանակահատվածում ուղարկել 200.000 հրավեր:

Այդ գործընթացները կատարելապես չեն առնչվում ընդդիմության առաջնորդներին, դրանք չեն ղեկավարվում ավանդական ընդդիմության կողմից: Ընդդիմադիր կուսակցությունները միավորվել են «Հասարակական պալատ» շարժման մեջ և արդեն մի քանի տարի է, ինչ գտնվում են խաղից դուրս վիճակում՝ կորցնելով քաղաքական գործընթացների վրա վերահսկողությունը:

Բողոքի ակցիաների մասնակիցները նոր սերնդի ներկայացուցիչներն են, որոնք կապված չեն ավանդական ընդդիմադիր ուժերի հետ: Ինչո՞ւ այդ ուժերը չկարողացան սոցցանցերի միջոցով կազմակերպել բողոքի զանգվածային ակցիաներ: Որովհետև նրանք կորցրել են այդ գործընթացների վրա ունեցած ազդեցությունը: Այդ գործընթացները նախապատրաստվում և ուղղորդվում են ուղեղային կենտրոնների կողմից:

Այստեղ արդեն խոսքը գնում է քաղաքական տեխնոլոգիայի մասին: Դա լուրջ նախագիծ է, որը պատրաստվել և իրագործվում է քաղտեխնոլոգների կողմից: Վերջիններս, մշակելով այդ սցենարը, շատ ճիշտ (արհեստավարժության տեսանկյունից) շեշտադրում են կատարել, Ադրբեջանում քաղաքական համակործանման աղբյուրը եղել է միայն համազգային հարցը:

Երկու նախագահներ (նկատի ունի Այազ Մութալիբովին ու Աբդուլֆազ Էլչիբեյին, Ալիևների ընտանիքն Ադրբեջանը ղեկավարում է 1993 թվականից – 168.am) են գահընկեց արվել Ղարաբաղյան պատերազմի և ռազմաճակատում մեր կորուստների պատճառով: Այսինքն, Ղարաբաղյան հակամարտության հետ կապված բոլոր խնդիրներն այն միակ գաղափարն են, որը կարող է մի շարքում համախմբել բողոքական բոլոր զանգվածներին՝ անկախ քաղաքական հայացքներից, աշխարհայացքից և ներքին տարաձայնություններից: Միայն այդ գաղափարն է ի վիճակի մոբիլիզացնել բողոքավոր զանգվածը»:

 

Տեսանյութեր

Լրահոս