Ալեքս Գրիգորիևը պատասխանել է Էյնուլա Ֆաթուլաևին

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) ներկայացուցչության ղեկավար Ալեքս Գրիգորիևը պատասխանել է ադրբեջանցի լրագրող Էյնուլա Ֆաթուլաևին, որն իր «Երկու միլիոն դոլար Ադրբեջանում «ֆեյսբուքյան» հեղափոխության համար» հոդվածում Ալեքսին մեղադրել է «գունավոր հեղափոխություն» նախապատրաստելու մեջ:

Ալեքսը Facebook-ի իր էջում հերքել է այդ տեղեկությունները՝ ընդգծելով, որ ԶԼՄ-ները տալիս են NDI-ի գործունեության վերաբերյալ ոչ հավաստի և խեղաթյուրված տեղեկատվություն. «Ճշգրտման համար ցանկանում եմ ասել, որ NDI-ն Ադրբեջանում իր գործունեությունը սկսել է 1995 թվականին՝ տվյալ ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևի հրավերով:

Վերջին տարիներին կազմակերպության գործունեությունն ուղղվել է քաղաքացիական հասարակությանը, երիտասարդ առաջնորդներին, ինչպես նաև տեղական իշխանական մարմինների հետ կառուցողական աշխատանքներ սկսելու ցանկություն հայտնած քաղաքացիներին օգնելուն:

NDI-ի ծրագրերը և ինստիտուտը չեն աջակցում որևէ կուսակցության, որևէ ուժի՝ լինի դա իշխանական, թե ընդդիմադիր: NDI-ի ծրագրերը հնարավորություն են տվել երկխոսություն սկսել Ադրբեջանում ճանապարհների, կոմունալ ծառայությունների, տեղական ենթակառույցների, զբոսայգիների, գրադարաների, բնապահպանական ծրագրերի զարգացման համար:

Միևնույն ժամանակ NDI-ն աջակցում է քաղաքացիներին՝ իրենց ձայնի պաշտպանության հարցում: NDI-ը շահագրգռված չէ Ադրբեջանում կայանալիք ընտրությունների արդյունքներում: NDI-ի գործունեության վերաբերյալ մնացյալ բոլոր ենթադրությունները չեն համապատասխանում իրականությանը»:

Հիշեցնենք, որ NDI-ի հեղափոխական գործունեության մասին տեղեկատվությունը հերքվել է նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան կողմից:

Տեսանյութեր

Լրահոս