
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է «Ֆեյսբուքյան հեղափոխություն» պատրաստելու մասին մեղադրանքը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբջանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) նկատմամբ հնչեցված մեղադրանքները, որը, իբրև թե, սոցցանցերի միջոցով «գունավոր հեղափոխություն» է նախապատրաստում Ադրբեջանում:
Այդպիսի մեղադրանք է ներկայացված ադրբեջանցի լրագրող Էյնուլա Ֆաթուլաևի «Երկու միլիոն դոլար Ադրբեջանում «ֆեյսբուքյան» հեղափոխության համար» հոդվածում, որը հրապարակվել է մարտի 10-ին:
ԱՄՆ դեսպանատունն անհիմն է որակել այդ հոդվածում տեղ գտած մեղադրանքները՝ ընգծելով, որ NDI-ն Ադրբեջանում իր գործունությունը սկսել է 1995 թվականից և բացարձակապես թափանցիկ է Ադրբեջանի կառավարության առջև: Դեսպանատունը հավելել է, որ Ադրբեջանում NDI-ի գործունեությունն իրականացվում է Ադրբեջանի արդարադատության նախարարության կողմից գրանցման մասին համաձայնագրի շրջանակներում: