Բաժիններ՝

Դիվանագիտական հարաբերությունների սրացման ֆոնին Հնդկաստանը Կանադային խնդրել է հետ կանչել շուրջ 40 դիվանագետի

Հնդկաստանը Կանադային խնդրել է հետ կանչել երկրում գտնվող առաքելությունների մի քանի տասնյակ դիվանագետների։ Այս քայլը հաջորդում է երկու երկրների միջև դիվանագիտական սկանդալին, որն առաջացել էր այն բանից հետո, երբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, թե իր երկրում սիկհ առաջնորդի սպանության հետևում կանգնած է Հնդկաստանի կառավարությունը։

Hindustan Times պարբերականը հիշեցնում է՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերին հայտարարել էր, որ դիվանագիտական ներկայացուցչություններում ներկայությունը պետք է լինի համարժեք։ Այս հայտարարությունից հետո Նյու Դելին որոշում էր կայացնում, թե քանի դիվանագետի Կանադան պետք է հետ կանչի։

Ըստ աղբյուրների՝ այդ թիվն արդեն հաղորդվել է կանադական կողմին։ Մեկ այլ աղբյուր նշել է, որ Հնդկաստանում Կանադայի դիվանագետների թիվը շատ ավելի մեծ է։ Financial Times-ի հրապարակման համաձայն՝ Նյու Դելին Օտտավային խնդրել է հետ կանչել Հնդկաստանում գտնվող իր 62 դիվանագետներից 41-ին։ Նրանք պետք է Կանադա վերադառնան մինչև հոկտեմբերի 10-ը։

Օրեր առաջ հաղորդել էինք, որ երկու երկրների միջև հարաբերությունների սրացման ֆոնին Կանադայում Հնդկաստանի վիզաների կենտրոնը կասեցրել է ծառայությունները։

Օտտավայի և Նյու Դելիի միջև դիվանագիտական սկանդալ է առաջացել այն բանից հետո, երբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարեց, որ Կանադայի հետախուզությունը ստացել է «վստահության արժանի» տվյալներ այն մասին, որ Հնդկաստանի կառավարությունը կարող է առնչություն ունենալ սիկհերի առաջնորդ Հարդիփ Սինգհ Նիջարի սպանությանը։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունն այս մեղադրանքներն անվանել է «անհեթեթ» և քաղաքական շարժառիթներով պայմանավորված։

Թրյուդոյի այս հայտարարությունից հետո երկու երկրներն արտաքսել են միմյանց դեսպաններին։

Սինգհ Նիջարը սպանվել էր հունիսի 18-ին Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում՝ սիկհական տաճարի դիմաց, երկու դիմակավորված անձանց կողմից։ Նրա սպանությունը մեծ զայրույթ է առաջացրել Կանադայում սիկհերի համայնքի շրջանում, որը Հնդկաստանի սահմաններից դուրս գտնվող սիկհերի ամենամեծ համայնքն է՝ 770 000 անդամներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս