Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 հազար 617 անձ

Լեռնային Ղարաբաղից հոկտեմբերի 3-ի ժամը 12:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 հազար 617 անձ:

Այս մասին հոկտեմբերի 3-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 հազար 191: «Այս ժամի դրությամբ ավելացում ունենք արդեն հաշվառվածների մեջ. այդ թիվը կազմում է 91 հազար 918»,-ասաց Բաղդասարյանը:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ավելի քան 50 տոկոսը ՀՀ տարբեր մարզերում օգտվել է պետական աջակցության կեցավայրերից:

Բաղդասարյանն անդրադարձավ նաև 100 հազարական դրամների տրամադրմանն ու հիշեցրեց, որ այն մարդկանց համար, ովքեր ունեն բանկային, քարտային հաշիվներ, գործընթացը ավելի հեշտ կլինի: Նա հիշեցրեց՝ բանկային քարտի հաշվի բացումը կլինի անվճար:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ:

Տեսանյութեր

Լրահոս