Բաժիններ՝

«Նյու-Յորքի զույգ շենքերի փլուզվելու օրը մեր հարաբերությունները փոխվեցին…» (լուսանկարներ)

Երգիչ Արթուր Իսպիրյանի կինը՝ Մադլեն Մինասյանը, 168.am-ի հետ զրույցում պատմում է իրենց ծանոթության, փոխհարաբերությունների, ընտանիքի, Երևանի  և Րաֆֆի Հովհաննիսյանի «Բարևի» հեղափոխության մասին:

– Մադլեն, կպատմե՞ք` ինչպես ծանոթացաք Արթուր Իսպիրյանի հետ։

– 1999 թվականին ես մշակութային ծրագրով Հայաստան էի եկել։ Այդ ծրագրի միջոցով վերանորոգվում էին Հայաստանի, Արցախի և ողջ Սփյուռքահայաստանի հուշարձանները, պատմական կառույցները։ Ես  Սաղմոսավանքում էի աշխատանքները ղեկավարում։ Իմ եղբայրը` Դեյվը, այդ ժամանակ համագործակցում էր Արթուրի հետ։ Մի օր էլ նրանք ցանկացան Երևանից հանգստանալ։ Դեյվն Արթուրին ասաց, որ Սաղմոսավանքում քույր ունի, և կարող են միասին այնտեղ գնալ։ Այսպես եկան Սաղմոսավանք, մենք ընկերացանք։ Երեք տարի մենք սովորական ընկերներ էինք, բայց Նյու Յորքի զույգ շենքերի փլուզվելու օրը մեր հարաբերությունները փոխվեցին։ Իմ եղբայրն աշխատում էր այդ շենքերի կողքի շենքում, որը հաջորդ օրը փլվեց։ Ես նրանից ոչ մի նորություն չունեի, սարսափի մեջ էի։ Պատահաբար փողոցում Արթուրին տեսա, պատմեցի նրան, ասաց` «կուզե՞ս գամ ձեր տուն, լուրերը կնայենք, կփորձենք ԱՄՆ զանգել»։ Բարեբախտաբար, եղբայրս այդ ժամին գրասենյակում չէր…

Այդ օրվանից էլ սկսվեց մեր սիրո պատմությունը։ Այդ և՛ ցավալի, և՛ իմ կյանքում նոր էջ բացած օրվանից արդեն 12 տարի է անցել։

Կարդացեք նաև

– Ինչպիսի՞ ամուսին է Արթուրը։

– Ես և Արթուրն իսկապես զուգընկերներ ենք։ Մեր ամեն ինչը 50 տոկոս է` և՛ խոհանոցում լինելը, և՛ երեխաներին մեծացնելը, և՛ տան հոգսերը հոգալը։ Մենք կարողանում ենք հենվել միմյանց վրա։ Ես` որպես կին, հենվում եմ իր վրա, և նա էլ շատ հարցերում հենվում է ինձ վրա։ Ես ինձ լավ եմ զգում և կարողանում եմ նրան խորհուրդներ տալ։ Ինձ համար շատ հաճելի է, որ իմ ամուսնու հետ նույն հարթակում ենք, միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանք ենք զգում։ Մենք այս աշխարհում իրար ձեռք բռնած, միասին առաջ ենք գնում։

– Իսկ երեխաների դաստիարակության հարցում Ձեզանից ո՞վ է ավելի խիստ։

– Արթուրը հիվանդագին հայր է, երեխաների հետ շատ է կապված։ Նրա նախընտրությունը երեխաների հետ ժամանակ անցկացնելն է։ Նա երեխաների ընկերն է։ Երբեմն նրան ասում եմ` «արի միասին մի տեղ գնանք», ասում է` «չէ, երեխաների հետ գնանք»։ Երեխաների նկատմամբ խստությունը փոքր-ինչ թերի է, որովհետև ցանկանում է նրանց ընկերը լինել։ Նրանց հետ երբեմն մանկանում է, և ես դառնում եմ մեր ընտանիքի, ինչպես ամերիկացիներն են ասում՝ «վատ ոստիկանը»։

– Արթուրի ամենամեծ թերությունը ո՞րն է։

– Նրա ամենամեծ թերությունն իր բնավորության ամենալավ գիծն է։ Նա համակերպվող չէ. եթե վատ հոսքը գնում է ներքև, նա միշտ վերև է լողում։ Սա երևի մի փոքր բարդացնում է նրա կյանքը, բայց նա միշտ վատ հոսքին հակառակ է գնում։ Սա, ինձ թվում է, ավելի շատ լավ կողմ է։ Ինչ վերաբերում է թերությանը, կարող եմ ասել, որ երբեմն նրա արտահայտվելու միջոցը դառնում է երաժշտությունը և ոչ թե՝ բառերը։ Ես պետք է սպասեմ նոր տեսահոլովակի կամ նոր երգի, որ զգամ, թե իմ նկատմամբ իր սրտի խորքում ինչ զգացմունքներ ունի (ժպտում է.- Գ.Ա.)։

– Տանը նրա երգերը լսո՞ւմ եք։

– Այո, լսում ենք, բայց երբեմն, երբ նրա երգերն եմ միացնում, անջատում է. ամաչում է։ Ավտոմեքենայիս մեջ նրա երգերն եմ լսում, և հենց դրանք էլ ինձ աշխատավայր և տուն են ուղեկցում։

– Վերջերս Ձեզ Ազատության հրապարակում տեսա… Դուք իսկապե՞ս հավատում եք «Բարևի» հեղափոխությանը, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է այն անվանում։

– Ես 2003 թվականի նախագահական ընտրություններում ԵԱՀԿ դիտորդ էի և տեսա, թե ինչ անարդարություններ են տեղի ունենում։ 12 տարի շարունակ այստեղ անարդարություններ եմ տեսել և չեմ կարծում, որ լռությունն օգուտ է այս երկրին։ Կարծում եմ` չի կարելի լռել։

Ինձ համար հետաքրքիր է Րաֆֆի Հովհաննիսյանի «Բարևի» հեղափոխությունը։ Րաֆֆին մի գիծ ունի, որի համար նրան շատ եմ հարգում. նա բոլոր քաղաքացիներին դնում է նույն հավասարության վրա։ Նրա համար նույնչափ կարևոր են Սևանում բնակվող տատիկը և Երևանի ռեկտորի որդին։ Այս հեղափոխությունը կարևոր է նաև նրանով, որ գնում է շրջաններ, և այնտեղի մարդիկ իրենց լիարժեք են զգում, քանի որ մեկն իրենց հիշում է, կարծիքը հաշվի է առնում։ Ես այնքան մեծ հույս եմ տեսնում շրջանների բնակիչների աչքերում։ Կարծում եմ` սա այս հեղափոխության յուրահատկություններից մեկն է։

– 12 տարի է` բնակվում եք Երևանում։ Դուք Երևանն ինչպե՞ս եք տեսնում։

– Երևանում միաժամանակ և՛ շատ լավ, և՛ շատ վատ փոփոխություններ են տեղի ունենում։ Լավն այն է, որ Երևանը մշակութային փեթակ է։ Երբ ես Կասկադում՝ «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում» էի աշխատում, մեր նպատակն էր՝ այս քաղաքը դարձնել մշակութային փեթակ, որովհետև մեր ժողովուրդը մեղուների նման զբաղված է արվեստի տարբեր ճյուղերով։ Բայց այն օրն ինձ մի զբոսաշրջիկ մոտեցավ և հարցրեց` «ինչպե՞ս կարող եմ քաղաքի հին մասը գնալ»։ Այնքան ցավալի էր, որ ես այդ մարդու հարցին պատասխան չունեի։ Մենք տոնում ենք մեր քաղաքի 2794-րդ ծնունդը, հպարտանում ենք, որ Հռոմից մեծ ենք, բայց այս մարդուն չենք կարողանում ուղարկել մեր քաղաքի հին մասը։ Սա ինձ համար շատ ցավալի է։ Հուսով եմ, որ քաղաքաշինությամբ զբաղվող մարդիկ կհասկանան, թե մեզ համար որքան կարևոր է մեր հարստությունները պահպանելը։

Այսօր Փակ շուկայի կողքով էի անցնում… մի քանի տարի առաջ զբոսաշրջիկին ասում էի, որ եթե ցանկանում է մեր համն ու հոտը հասկանալ, թող գնա Փակ շուկա։ Իսկ հիմա… Ես, իհարկե, գնահատում եմ այն փոփոխությունները, որոնք այստեղ կատարվում են, բայց միևնույն ժամանակ՝ այս խախտումները հետագա սերունդների համար անընդունելի են դառնում։ Փառք եմ տալիս Աստծուն, որ մենք ունենք ակտիվ երիտասարդություն, քաղաքացիներ, ովքեր կարողացան Մաշտոցի այգին փրկել։ Սա մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկն է։

– Մեզանում տեսնո՞ւմ եք հասարակական գիտակցության ծիլերը։

– Այո, տեսնում եմ։ Իհարկե, ոչ բոլորի մեջ, բայց փառք Աստծո, որ տեսնում եմ։

– Հավատո՞ւմ եք, որ այդ ոգին ի վիճակի է ինչ-որ փոփոխություններ կատարել նաև քաղաքական դաշտում։

– Ինձ թվում է, որ եթե նրանք ավելի շատ մարդկանց ոգեշնչեն, նրանց ձայները քաղաքական գործիչները կլսեն, որովհետև չլսելը կդառնա ճակատագրական։

– Դուք ԱՄՆ քաղաքացիություն ունեք, ի՞նչն է Ձեզ այստեղ պահում։

– Ժողովուրդը, համն ու հոտը, այն հնարավորությունը, որ կարող ես քո աշխատանքով ինչ-որ փոփոխություն կատարել։ Պապիկս 100 տարեկանում մահացավ, և նրա ու իր ծնողների շուրթերին միայն մի բառ էր` «տեսնել ազատ Հայաստան»։ Դարեր շարունակ իմ պապերի երազանքը սա է եղել։ Հիմա Հայաստան կա, և նա ազատ է։ Ես չեմ պատկերացնում, որ իմ առաքելությունը` առողջ ապրելակերպի քարոզումը, ուրիշ տեղ կարող եմ իրագործել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս