Հայկական Արցախը փրկելու շանս արդեն չկա, բայց դեռ շանս կա ֆիզիկապես փրկելու արցախցիներին. Հրանտ Միքայելյան

Մինչ Եվլախում մեկնարկել էր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, Ադրբեջանը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, Ստեփանակերտի հարակից տարածքներից հրաձգային տարբեր զինատեսակներից կրակում է նաև Ստեփանակերտի ուղղությամբ:

Հիշեցնենք՝ Եվլախում հանդիպման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել սեպտեմբերի 20-ին՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարության միջնորդությամբ։ Պայմանավորվածության շրջանակում Ադրբեջանը պարտավորվել էր դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որտեղ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո հայկական կողմն ունի առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։

Սեպտեմբերի 19-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմից հետո պաշտոնական հաղորդագրություններ էր տարածում նաև ՌԴ ՊՆ-ն՝  պարբերաբար տեղեկացնելով, որ մարտական գործողությունների մեկնարկից ի վեր՝  խաղաղապահները ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր են տեղափոխել արցախցիներն, որ  Ադրբեջանը հրետակոծել է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայրերից մեկը և մեքենան, որ խաղաղապահ զորախումբն ունի զոհեր:

Ովքե՞ր են Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակի պատասխանատուները, և արդյո՞ք ռուս խաղաղապահների դերակատարումն այս պահին հումանիտար առաքելություն իրականացնելը պետք է լիներ՝ 168.am-ն այս հարցադրումներն ուղղեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանին:

Կարդացեք նաև

Ի պատասխան՝ քաղաքագետն արձանագրեց. «Պատասխանատուները Փաշինյանն ու Պուտինն են, մեղավորը՝ Ալիևը:

Ինչ վերաբերում է հումանիտար իրավիճակին, ապա ՀՀ-ն այս պահի դրությամբ նաև հումանիտար գործողություններից էլ է հրաժարվում. Փաշինյանին ընդհանրապես ձեռնտու չէ, որ արցախցիները գան Հայաստան, որովհետև վախենում է իշխանություն կորցնել, քանի որ պարզ է՝ բոլոր արցախցիները լինելու են նրա դեմ: Նա փորձում է իր իշխանությունը պահել, որպեսզի շարունակի թուրքական շահերը սպասարկել Հայաստանում»:

Ինչո՞ւ է ՌԴ-ն իր գեոպոլիտիկ կարճաժամկետ շահերի համար 120 հազար հայերի ճակատագրի հետ խաղում. արդյո՞ք ՌԴ-ն տարածաշրջանում երկարաժամկետ հեռանկարի մասին չի մտածում՝ մեր հստակեցմանը, Հրանտ Միքայելյանն արձագանքեց արձանագրմամբ, որ ՌԴ-ի կողմից այս սարսափելի քաղաքականության պատճառը նախ՝ ՌԴ թուլությունն է, ապա՝ ռուսական էլիտայի ծայրահեղ ռազմավարական մշակույթը:

«Ռուսաստանը ցույց է տալիս իր թուլությունն ընդդեմ թուրքերի, որովհետև լավ, եթե հայերին չեն կարող իրենց պատասխանատվության գոտում ապահովել անվտանգությամբ, ապա գոնե իրենք իրենց ապահովեին, բայց դա էլ չի արվում»,- հավելեց նա՝ այս համատեքստում հիշեցնելով ռուս խաղաղապահների ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակոցների մասին:

Արցախում ստեղծված իրավիճակին զուգահեռ՝ Հայաստանում մեկնարկած գործընթացներից, հանրահավաքներից քաղաքագետը մեծ սպասելիքներ չունի այս պահին:

«Ցավոք սրտի, ՀՀ ընդդիմությունն այս պահի դրությամբ ցույց է տալիս իր  անկարողությունը: Իհարկե, այս իրավիճակը կարող է փոխվել. գլխավոր խնդիրն ընդդիմության մեջ է: Ինչու: Որովհետև ժողովուրդը դուրս է եկել փողոց: Ընդդիմությունն ասում էր՝ ժողովուրդը դուրս չի գալիս, դրա համար ոչինչ չի ստացվում, և ինչ առաջարկ ունի այդ ժողովրդին ընդդիմությունը. ոչ մի: Ընդդիմությունն ուղղակի ուզում է՝ ժողովուրդն իր փոխարեն ամեն ինչ անի:

Այդպես չի լինում: Ընդդիմությունը պետք է ծրագրով, կադրերով առաջ գա, և եթե ուզում է իշխանություն փոխել, հանդես գա գործողությունների ծրագրով. մարդկանց Եռաբլուր տանել և այլն՝ դա ուղղակի անբարոյականություն է այսօրվա պայմաններում»,- մանրամասնեց Հրանտ Միքայելյանը՝ շեշտելով, որ այսկերպ ստացվում է, որ ընդդիմությունն ուղղակի աջակցում է Փաշինյանին:

Եթե ընդդիմությունը կոնկրետ գործողություններով, ծրագրերով հանդես գա, հնարավոր համարո՞ւմ եք Արցախը հայկական պահելու հեռանկարը, եթե ադրբեջանցիներն արդեն Ստեփանակերտի մատույցներում են՝ հարցին Հրանտ Միքայելյանը պատասխանեց.

«Հայկական Արցախը փրկելու շանս արդեն չկա, բայց դեռ շանս կա ֆիզիկապես փրկելու արցախցիներին: Գոնե սա հասկանան: Եթե ոչ մի բան չարվի, ապա այդ շանսն էլ տապալվելու է, որովհետև Փաշինյանը, գործելով Թուրքիայի շահերից, փորձում է նրանց թույլ չտալ մուտք գործել Հայաստան:

Այսինքն՝ Հայաստանի իշխանությունում կան ուժեր, որոնք Թուրքիայի շահերն են պաշտպանում: Հիմա եթե ընդդիմությունը դրանց դեմ այդպես է պայքարում, ապա այդ ամենն իրենց մոտ ստացվելու է, և ընդդիմության վրա ևս ընկնելու է պատասխանատվություն այս ամենի համար (ինչպես և 2020 թվականի տապալված շարժումն է պատճառ այսօրվա գործողությունների):

Վերջին հաշվով, տասը տարուց, հարյուր տարուց հետո ընդդիմությունը նույնպես հիշվելու է՝ որպես տապալված և որպես Հայաստանը դավաճանած»:

Տեսանյութեր

Լրահոս