Րաֆֆի Հովհաննիսյան. «Ապացուցեք, որ վախեցուկ չեք ժողովրդից»
Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական հանրահավաքն է անցկացրել Վարդենիսում: Անդրադառնալով այս բնակավայրում Սերժ Սարգսյանի տարած հաղթանակին, Ժառանգության առաջնորդը հայտարարեց. «82 տոկոսը իրականում 52 տոկոս է, որովհետեւ վարդենիսցիք հպարտ ժողովուրդ են: Դուք վախեցուկ չեք, Վարդենիսը պիտի պահանջի արդարություն: Ես վերջնագրով խոսող չեմ, բայց հայ մարդը, ով ժամանակին պատգամավոր է եղել, հիմա այստեղ մարզպետ է, պետք է հրաժարական տա: Մարզպետ, թե քաղաքապետ պետք է պատասխան տան: Մենք միասին մի բռունցք պիտի դառնանք եւ բարեւ ասենք»:
Հիշեցնենք, որ Վարդենիսում Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնական տվյալներով հավաքել է ընդամենը 12 տոկոս:
«Վարդենիսում գողացան քվեն, որովհետեւ դուք նամուսով, թասիբով եւ անվախեցուկ ժողովուրդ եք: Այսպես որ խիստ ենք խոսում, սիրուց է գալիս, որովհետեւ մենք արդեն հաղթել ենք: 12 տոկոսին չնայեք, ես հաղթել եմ: Ինչպե՞ս 12 տոկոս սարքեցին. զինվորներին բերեցին, ուսուցիչներին վախեցրեցին: Մենք գիտենք, որ ձեր գյուղերը գրեթե դատարկ են, այդ ինչպե՞ս եղավ որ իրենք 82 տոկոս խփեցին: Ես պիտի կանգնեմ ձեր կողքին, մինչեւ մենք տեսնենք մեր հաղթանակը: Վախեցուկ չեմ եւ սիրում եմ մեր հայրենիքը, ձեր քաղաքը: Խոպանից հայրենիք պետք է բերենք բոլոր մարդկանց: Քանի՞ ընտանիք ապրում է Ռուսաստանում, քանի՞ ընտանիք է կիսված, պետք է բոլորին հետ բերենք»,- բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վարդենիսում ամենուրեք փակցված ՀՀԿ դրոշները տեսնելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց.
«Մյուս անգամ որ գամ, սրանք պետք է իջեցված լինեն, եւ պետք է նրանք վարձ տան՝ ժողովրդի սեփականության վրա այս դրոշները փակցնելու համար:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ շեշտեց, որ եկեղեցում մոմ է վառելու նաեւ Սերժ Սարգսյանի համար, որ նա մինչեւ ապրիլի 9-ը ինքնաբացարկ հայտնի եւ հեռանա:
«Ուզում եմ հաշվետու լիենլ եւ ասել, որ մինչեւ ապրիլի 9-ը պարտավոր է հաշվի առնել, որ կեղծվել են ընտրությունները, գողացել են ժողովրդից եւ պետք է ինքնաբացարկ տա կամ առնվազն նոր ընտրություններ նշանակվեն: Պարոն Սարգսյան, դուք վախեցուկ չեք, Արցախում ապացուցել եք, որ դուք վախեցուկ չեք: Ապացուցեք, որ վախեցուկ չեք այս ժողովրդից եւ ինքնաբացարկ ներկայացրեք»,- դիմելով Սերժ Սարգսյանին` նշեց Ժառանգության առաջնորդը: