«Գարդման-Շիրվան-Նախիջևան» միությունն ադրբեջանական հասարակությանը հորդորում է վերադառնալ քաղաքակիրթ երկխոսության միջավայր

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել մեկ տարի առաջ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական ռազմական ագրեսիայի կապակցությամբ՝ հորդորելով ադրբեջանական հասարակությանը վերադառնալ քաղաքակիրթ երկխոսության միջավայր՝ բռնության և ուժի սպառնալիքի բացառման պայմանով։

Հայտարարության մեջ նշված է. «Մեկ տարի առաջ Հայաստանի արևելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանն իրականացրեց լայնամասշտաբ ռազմական ագրեսիա, ինչի հետևանքով զոհվեց 224 անձ, այդ թվում՝ 3 քաղաքացիական, ևս 3 անձանց գտնվելու վայրը մինչ այժմ շարունակում է անհայտ մնալ։

2022թ․ սեպտեմբերի 13-14-ի իրադարձություններն ապացուցում են խնդիրների խաղաղ կարգավորումից հրաժարվելու ադրբեջանական միտումները։ Տեղի ունեցածը ռազմական հանցագործություն է, որի ամբողջ պատասխանատվությունը կրում են ադրբեջանական իշխանությունները։

Նման սադրիչ գործողությունները հետապնդում են մեկ նպատակ՝ խաթարել մեր տարածաշրջանում ազգամիջյան հարաբերությունների խաղաղ կարգավորման և ժողովրդավարացման անհրաժեշտ գործընթացը։

Ուժի ցուցադրումը և ֆիզիկական գոյության սպառնալիքի կիրառումը վկայում է, որ էթնո-ազգայնական տրամադրություններով տարված ադրբեջանական իշխանությունները պատրաստակամ չեն կյանքի կոչել իրենց իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները և ապահովել մարդու իրավունքների միջազգային հռչակագրով և միջազգային այլ հեղինակավոր կոնվենցիաներով սահմանված մարդու կենսական իրավունքներն ու անվտանգությունը։

2022թ․ սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիայից մեկ տարի անց Ադրբեջանը կրկին զինտետեխնիկա է կուտակում ինչպես Լեռնային Ղարաբաղի շուրջ, այնպես էլ Հայաստանի հետ պետական սահմանին, ավելի քան 9 ամիս լիակատար շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկ 120 հազար հայերի, պետական ու հասարակական հռետորաբանությունը ներշնչված է ագրեսիվ, ռազմատենչ գունավորմամբ, Ադրբեջանի կողմից ցինիկաբար անտեսվում են միջազգային հեղինակավոր կառույցների և գործիչների ինչպես պարտադիր կատարման ենթական որոշումներն, այնպես էլ մարդասիրական կոչերը։ Այս ամենը ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային լուրջ վտանգներ է պարունակում՝ սպառնալով վերածվել ամենաթողության ցցուն օրինակի։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը իր ցավակցությունն է հայտնում սեպտեմբերյան ագրեսիայի զոհերի ընտանիքներին և կոչ անում միջազգային հանրությանը արդյունավետ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ թույլ չտալու վերջինիս վերածվել հարավկովկասյան ահաբեկչական կենտրոնի, ինչի հավանականությունը, ցավոք, առկա է։ Մենք կոչ ենք անում ադրբեջանական իշխանություններին վերջ տալ սեփական հանրության նկատմամբ հոգեբանական բռնությանը՝ այն է հայերի նկատմամբ թշնամանք և ատելություն սերմանելուն, կոչ ենք անում հարգել ստանձնած միջազգային պարտավորությունները, հավատարիմ մնալ 2020թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրի ոգուն, ինչպես նաև միջնորդական ջանքերով ձեռք բերված այլ համաձայնությունների։

Որպես ադրբեջանական ագրեսիան մեր մաշկի վրա զգացածներ՝ մենք՝ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության ներկայացուցիչներս, պահանջում ենք արդարացի փոխհատուցում տրամադրել Ադրբեջանի տարածքից բռնությամբ տեղահանված շուրջ հարյուր հազարավոր հայերին, դադարեցնել հայատյաց պետական քաղաքականությունը, ինչը վտանգավոր է դարձնում մեր վերադարձը հայրենի բնակավայրեր: Պահանջում ենք վերականգնել ոչնչացված հայկական պատմամշակութային և ճարտարապետական շինությունները, եկեղեցիները, առնվազն պատմամշակութային արժեք ունեցող գերեզմանատները, սրբազան տարածքները, վերակագնել նրանց կեղծած ինքնությունները։ Մենք հորդորում ենք ադրբեջանական հասարակությանը վերադառնալ քաղաքակիրթ երկխոսության միջավայր՝ բռնության և ուժի սպառնալիքի բացառման պայմանով։

Տեսանյութեր

Լրահոս