Արցախահայությունը հավատում է այն խաղաղությանը, որն ինքն է պարտադրում, մեզ պարտադրված խաղաղություն պետք չէ. Չափարի գյուղապետ
Այսօր Արցախի Հանրապետության պաշարման 271-րդ օրն է։ 9 ամիս է՝ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, 9 ամիս շարունակ 120 հազար մարդ՝ երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ծերեր, մատնված են սովի: Բացի դրանից, արցախցիներն ապրում են ֆիզիկապես ոչնչացվելու սպառնալիքի ներքո՝ Ադրբեջանը մեկ կրակ է արձակում դաշտում գյուղատնտեսական աշխատանք կատարող խաղաղ բնակիչների ուղղությամբ, մեկ էլ Հակարիի կամրջին տեղադրված ապօրինի անցակետից մարդկանց է առևանգում:
Եվ արդեն միջազգային մամուլն էլ է բազմաթիվ հրապարակումներով անդրադարձել Արցախում ստեղծված իրավիճակին, մատնանշելով, որ Արցախում տեղի է ունենում էթնիկ զտում, բնաջնջում։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չափար գյուղի ղեկավար Վարդգես Սաղիյանն ասաց, որ վիճակն օրեցօր ավելի է ծանրանում։
«Հիմա մի կերպ, մի կերպ ապրում ենք։ Սոցիալական վիճակը բոլորովին զրոյի վրա է, առողջապահական ոլորտը մի քիչ ավելի լավ է, դեռ կարող ենք յոլա տանել։ Քաղաքում, իհարկե, սոցիալական վիճակն ավելի ծանր է, գյուղում էլ՝ ծանր է, բայց մի քիչ տանելի։
Փառք Աստծո, մինչև օրս չենք ունեցել այնպիսի հիվանդներ, որոնց չենք կարողացել հասցնել հիվանդանոց, բայց եթե այսպես շարունակվի, այդ խնդրին էլ ենք բախվելու գյուղում։ Մինչև այժմ ինչ նման հարց եղել է, ինչ-որ միջոցներով հասցրել ենք, այսուհետև չենք կարողանալու»,- նշեց Վարդգես Սաղիյանը։
Գյուղապետը փախանցեց, որ սեպտեմբերի 1-ից գյուղի դպրոցը բացվել է, աշակերտների հիմնական մասը՝ 90-91 տոկոսով գնում են դպրոց և դեռ կկարողանան գնալ, հավանաբար մինչև ցրտերն ընկնելը։
«Գյուղում ցորեն ունենք, մասամբ հավաքել ենք, մի մասը դեռ չենք հասցրել, որովհետև դիզվառելիքի խնդիր կա։ Հաճար ունենք, դա էլ դեռ չենք հավաքել։ Հիմա մարդիկ հիմնականում այդ հավաքած ցորենով են ապրում, բայց դա էլ քիչ ժամանակ անց կսպառվի։ Չգիտեմ՝ վերջն ինչ է լինելու, սրա վերջաբանը պետք է լինի Բերձորի միջանցքի բացումը։ Եթե այդ ճանապարհը չբացվի, 120 հազար մարդ սովի կմատնվի։
Մենք Բերձորի ճանապարհին այլընտրանք չունենք, դա է մեզ հասանելիք ճանապարհը։ Ասում են՝ Աղդամի ճանապարհը, մեզ այդ ճանապարհը պետք չէ, թող բացեն Բերձորի միջանցքը, չբացեցին էլ՝ իրենց խնդիրն է, մենք որևէ բանի չենք համաձայնի։
Եթե խոսում են խաղաղությունից, ապա ասեմ՝ արցախահայությունը հավատում է այն խաղաղությանը, որն ինքն է պարտադրում, ոչ թե իրեն պարտադրված խաղաղությանը։ Հիմա մեզ խաղաղություն են պարտադրում, մենք դրան չենք հավատում, նման խաղաղություն մեզ պետք չէ»,- եզրափակեց Վարդգես Սաղիյանը։