Կոնֆրոնտացիոն խոսույթից՝ հպատակի մուղամ

Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման առթիվ ունեցած խայտառակ շնորհավորական ուղերձում (այն ոչ թե շնորհավորանք էր, այլ մահախոսական), Նիկոլ Փաշինյանը, ի թիվս մի շարք հակապետական դրույթների, բացահայտել է նաև իր, իր իշխանության երկակի ու այդ երկակիությամբ՝ ստոր բնույթը։

Կասկածի տակ դնելով Հայաստանի անկախության հռչակագրի ոգին ու տրամաբանությունը, նա իր այդ մոտեցումը հիմնավորում է հետևյալ կերպ․

«Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ»:

Եթե ավելի պարզ, Փաշինյանի ասածը հանգում է նրան, որ Խորհրդային Միությունը մեզ «արհեստականորեն» թշնամացրել է մեր հարևանների հետ, և այդ բանաձևն էլ մեխանիկորեն դրվել է ՀՀ անկախության հռչակագրի հիմքում։ Այս թեզը, իհարկե, որևէ քննադատության չի դիմանում, քանի որ նրա ասածից ստացվում է, որ մեր հարևանների հետ թշնամալու որևէ իրական առիթ չի եղել, և տարածաշրջանային միջավայրի հետ մեր «կոնֆրոնտացիոն խոսույթը» պարտադրվել է ԽՍՀՄ-ի կողմից։

Կարդացեք նաև

Այս տրամաբանությամբ նրա հաջորդ բացահայտումը վերաբերելու է Հայոց ցեղասպանությանը, և մի գեղեցիկ օր, բացառված չէ՝ հենց ապրիլի 24-ին, Նիկոլ Փաշինյանը կարող է հայտարարել, որ իրականում 1915թ Հայոց ցեղասպանություն տեղի չի ունեցել, դրանք ընդամենը «ողբերգական իրադարձություններ էին Օսմանյան Թուրքիայի տարածքում, որոնք տեղի են ունեցել հայ բնակչության անհնազանդության պատճառով» (կամ որևէ այլ ձևակերպում, որը բովանդակորեն կրկնում է թուրքական քարոզչությունը)։ 

Բայց մի պահ ենթադրենք, թե Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում ու այդպես է խոսում ոչ թե դավադրաբար, այլ՝ որովհետև մանկուց ատելություն ունի ցանկացած կոնֆրոնտացիոն երևույթի նկատմամբ և անուղղելի խաղաղասեր է, այսինքն՝ պատրաստ է ամեն ինչի՝ տարածաշրջանային խաղաղության, հարևանների հետ հաշտ ապրելու համար։ Այս դեպքում, սակայն, պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի խաղաղասիրությունը տարածվում է միայն թուրքերի ու ադրբեջանցիների նկատմամբ, և այնպես չէ, որ նա դեմ է բոլոր տեսակի կոնֆրոնտացիաներին։

Փաշինյանն իշխանության է եկել Հայաստանի ներքին կյանքում գերկոնֆրոնտացիոն հռետորաբանությամբ, իսկ իշխանությունը բռնազավթելուց հետո արել է առավելագույնը՝ հասարակության հնարավորինս շատ շերտերի ու խմբերի բաժանելու, նրանց հակադրելու, կոնֆրոնտացիոն ռեժիմում պահելու համար։

Այդպես նա լուծել է նախ՝ իշխանության գալու, ապա՝ իշխանությունը պահպանելու ու ամրապնդելու խնդիրը։

Սեփական քաղաքական մտքի ու գաղափարախոսության բացակայության պատճառով, Նիկոլ Փաշինյանն առաջնորդվել ու շարունակում է առաջնորդվել միջին վիճակագրական ավտոկրատի պարզագույն, բայց փորձված բանաձևով՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով։ Դրան հետևելով՝ նա հայ հասարակությանը բաժանել է հնարավորինս շատ մասերի՝ կոտրելով միավորվելու հնարավորությունը և այդպիսով պահպանելով իշխանությունը։ Բայց, փաստորեն, դա վերաբերում է նրա միայն ներքին քաղաքականությանը։

Արտաքին հարաբերություններում նա ոչ թե առաջնորդվում է Հայաստանի հետ կոնֆրոնտացիոն ռեժիմում գտնվող երկրները բաժանելու ու տիրելու, այսինքն՝ մեզ համար շահեկան վիճակի հասնելու բանաձևով, այլ ճիշտ հակառակը՝ այդ պետություններին է առաջարկում բաժանել Հայաստանը՝ վերջնականապես տիրելու նպատակով։ Այդ ճանապարհին Փաշինյանն արդեն իսկ լուծված է համարում Արցախի հարցը, որին նրա բաժանման արդյունքում փորձում է տիրել Ադրբեջանը, և հիմա անցել է Հայաստանը նույն սկզբունքով մատուցելու գործին։ Այն դեպքում, երբ երկրի նորմալ ղեկավարը նման հակադրության մեջ պետք է առաջնորդվեր ճիշտ հակառակ սկզբունքով՝ հնարավորինս միավորել, համախմբել հասարակությանը՝ արտաքին թշնամու առաջ չբաժանվելու և հակառակորդ պետությունները հնարավորության դեպքում բաժանելու (բառի գոնե փոխաբերական իմաստով) ու հայկական շահերի դոմինանտությունը հաստատելու, իմա՝ տիրելու սկզբունքով։

Հայ հասարակությունը Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն անթաքույց իրականացվող այս քաղաքականությանը կարող է հակադրել միայն նրա իշխանությունը բաժանելու ու Հայաստանին վերատիրանալու բանաձևը։ Ժամանակը շատ քիչ է, և հնարավոր է, որ մինչ հանրության շրջանում դրա անայլընտրանքության գիտակցության հասունացումը, Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ հասցրած լինի վերջնականորեն բաժանել նաև Հայաստանը՝ «կոնֆրոնտացիոն խոսույթը» փոխարինած լինելով թուրքական որևէ գյալաջիով։ Կամ հպատակի մուղամով։

Տեսանյութեր

Լրահոս