Բաժիններ՝

Աղոթք` անձրևի համար

(Հիմնված է իրական դեպքերի վրա)

Օգոստոսյան տապ էր։ Ավելի տափակ սկիզբ դժվար է պատկերացնել, չէ՞։ Բնական է, որ հուլիսին և օգոստոսին շոգ է։ Բայց ես կկրկնվեմ։ Օգոստոսն էր։ Եվ սաստիկ շոգ էր։

Ի տարբերություն Արևմտյան և Կենտրոնական Բուլղարիայի, նրա Արևելյան հատվածը չի կարող պարծենալ ամառային անձրևներով։ Երկրի առաջին երկու շրջաններում մարդիկ համարյա խեղդվում են անձրևներից, ինչպես Նոյի ժամանակներում, իսկ արևելքում բոլորովին այլ Բուլղարիա է։ Արև ու տապ։ Ու ճանճեր՝ փոքր, մեծ ու հսկայակա՜ն․․․

Հուլիսին և օգոստոսին անձրևը անհրաժեշտ է։ Թեկուզ մի փոքր, ցորենի ու գարու հունձքին չխանգարող, բայց անպայման պետք է։ Որովհետև արևածաղկի ու եգիպտացորենի հատիկը լցվում է, և եթե այդ ժամանակ անձրև չկա, ապա հյութալի եգիպտացորենի և գլուխները հակած արևածաղկի փարթամ դաշտերի փոխարեն, որ կողմն էլ նայես՝ ասես խանձված խոզան լինի։ Եգիպտացորենի դեղին, չոր ցողուններ՝ անճոռնի կերպով օդում ցցված, և արևածաղկի սևացած, թերաճ գլխիկներ՝ հազիվ երեխայի բռունցքի չափի։ Իսկը լացելու բան է։

Իմ պատմությունը, սակայն, նվիրված է այն ժամանակահատվածին, երբ դեռ բանը չէր հասել նման մռայլ պատկերի։ Մի փոքրիկ գյուղում (հարկավոր է իսկական անունը թաքցնել, ուստի անվանենք այն Ֆերդինանդովո), ծովից ոչ շատ հեռու, հողագործական կոոպերատիվ կար․․․

Կոոպերատիվի նախագահը, ժպտերես ու բարեսիրտ մի մարդ, մշտապես բարեհամբույր էր ու հոգևոր թեմաներով ամենատարբեր հարցեր էր տալիս Ֆերդինանդովոյի այցելու քահանային։ Մի օր նա տրտմությամբ նշեց, որ գործերը լավ չեն, որովհետև վաղուց անձրև չէր եկել և սաստիկ երաշտ էր։

– Աշնանը ռենտան պիտի վճարենք, իսկ բերքը խիստ սակավ է լինելու։ Ի՞նչ կարելի է անել։ Աստված կարո՞ղ է ողորմել մեզ և անձրև ուղարկել։

– Իհարկե կարող է,- պատասխանեց քահանան։- Բայց պետք է խնդրել Նրան։ Նա մեզ բավականաչափ պարգևել է ձրիաբար, իսկ այլ բաների համար պետք է ջանք թափել։

Դրանից հետո նրանք բաժանվեցին և յուրաքանչյուրը խոստացավ մտածել, թե ինչ կարող է ձեռնարկել տվյալ հարցը լուծելու համար։

Մեր քահանան ծառայում էր ոչ միայն Ֆերդինանդովոյում, այլև Անտառայինում (այսպես կոչենք այն), որտեղ և ապրում էր։ Ֆերդինանդովո եկել էր ամենամյա կուրբանին*, որը գյուղի բնակիչները համարում էին բարեպաշտության գագաթնակետը: Այդ օրը բոլորը մաքուր ու կոկիկ հագնված, փոքրիկ ծաղկեփնջերով զարդարված, տնից դատարկ շշեր ու շերեփներ վերցրած, գնում էին ջրօրհնեքի։ Երեխաները ուլիկների պես թռչկոտում ու խաղում էին։ Մայրիկները այս ու այնտեղ խմբերով կանգնած ուրախ ճլվլում էին, իսկ տղամարդիկ շերեփներն էին թափահարում ու լուրջ տեսքով եփում ապուրը՝ մեծ կաթսայից հեռու քշելով տղեկներին ու ճանճերին։ «Սիրելի հարազատ պատկեր», ինչպես ասում էր մի բուլղարացի գյուղական կլասիկ։

Ջրօրհնեքի մաղթանքից հետո քահանան դիմեց հավաքվածներին․

– Եղբայրնե՛ր և քույրեր, դուք գիտեք, որ երկար ժամանակ է, ինչ անձրև չի տեղում և բերքը չորանալու վտանգի առջև է։

Ժողովուրդը լռեց ու հայացքը սևեռեց քահանային, իսկ վերջինս շարունակեց․

– Սա մեր մեղքերի ու անփութության հետևանքն է։ Եվ եթե ուզում ենք, որպեսզի Աստված ողորմած գտնվի մեր հանդեպ, հարկավոր է, նախ և առաջ, որոշակի ջանք գործադրել․ խորհել՝ արդյո՞ք կարիք չկա մեր կյանքում որևէ բան փոխելու, դեպի Աստված դառնալու, ապաշխարելու մեր չար գործերի համար, ավելի շատ գթության գործեր անելու։ Չմոռանանք, որ ընդամենը ժամանակավոր կյանք ենք ապրում այս աշխարհում։

Բոլորը, շփոթված, լռել էին։ Ոմանք խոժոռվել էին, մյուսները կանգնել էին սառած ժպիտներով, երրորդները ձանձրույթով սպասում էին, թե քահանան երբ է ավարտելու խոսքը։

– Ուստի, եթե անձրև ենք ուզում, եկեք ողջ սրտով դիմենք Աստծուն, և Նա, հնարավոր է լսի և իրականացնի մեր աղերսը։ Եկեք երեք օր պահք պահենք՝ Չորեքշաբթի, Հինգշաբթի և Ուրբաթ, ապա հավաքվենք և աղոթենք անձրևի համար։ Հավատում եմ, որ Աստված մեր աղոթքը չի մերժի։

– Իսկ կուրբան լինելո՞ւ է, տե՛ր հայր,- հարցրեց մի տատիկ։- Սովորաբար այդպես են անում նման դեպքերում։

– Համա թե արյունախում եք,- ծիծաղեց տեր հայրը։- Բա առանց կուրբանի ո՞նց կլինի։ Ահա երեք օր պահք կպահենք, դա էլ կլինի մեր կուրբանը։ Որովհետև ոչխարի արյամբ չենք կարող անձրև աղերսել։

Ներկաները ակնհայտորեն համաձայն չէին։ Որտե՞ղ է տեսնված, որ աղերսը առանց ոչխար մորթելու անեն։ Բայց գյուղում գիտեին, որ տեր հայրը «մի քիչ տարօրինակ է», և նրա խոսքերը լուրջ չընդունեցին։

– Դե, կտեսնվենք ուրբաթ օրը,- ասաց քահանան՝ ամփոփելով խոսքը։

Բոլորի վրա ջուր ցողելուց հետո, թափորը շարժվեց դեպի հյուրասիրությունը։ Քահանան օրհնեց սեղանը, և, ինչպես սովորաբար տեղի է ունենում նման դեպքերում, բոլորի տրամադրությունը բարձրացավ, մարդիկ աշխուժացան, դարձան ավելի սիրալիր։ Ոտ ու ձեռք ընկած տեղավորվում էին՝ հուզվելով՝ կբավարարե՞ն արդյոք ափսեներն ու գդալները, և ամեն կերպ բարիդրացիական հոգատարություն ու մեծահոգություն էին ցուցադրում։

Ճաշկերույթից հետո քահանան հրաժեշտ տվեց հավաքվածներին, հիշեցրեց աղոթքի մասին ու մեկնեց, ժողովուրդն էլ ցրվեց տներով։

Անցան Չորեքշաբթին ու Հինգշաբթին։ Ուրբաթ կեսօրից հետո քահանան եկավ Ֆերդինանդովո ու մտավ գյուղապետարան։ Որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ այնտեղ միայն երեք հոգու տեսավ՝ կոոպերատիվի նախագահին, հաշվապահին ու գյուղապետին։ Նրանք շփոթված ժպտալով՝ ասացին․

– Տե՛ր հայր, միայն մենք ենք։ Մյուսները չեն եկել։

– Ի՞նչ։ Ախր ինչպե՞ս անձրև աղերսենք առանց աղոթողների,- վշտացավ քահանան։ Հետո հոգոց հանելով ասաց․

– Լավ, ինչ կա՝ հերիք է։ Գնանք դաշտ ու աղոթենք։

Բոլորը դուրս եկան գյուղամեջ ու դանդաղ շարժվեցին դաշտի կողմը։ Արևն անողոք կերպով այրում էր, օդը տատանվում էր տաք մշուշից։ Ասես փողոցում ռումբ էր ընկել՝ սպանելով բոլոր մարդկանց և տնկված թողնելով միայն դատարկ տները, ինչպես ամերիկյան ֆիլմերում է, երբ ամբողջ նահանգներ են տարհանում մոտեցող հողմի կամ Երկրի վրա ընկնել պատրաստվող ինչ-որ աստերոիդի պատճառով։ Ընթացնողների ճանապարհին երբեմն-երբեմն կյանքի նշույլներ էին հանդիպում՝ մե՛կ վարագույրն էր շարժվում, մե՛կ մուտքի դուռը՝ ճռռում, մե՛կ հավ էր վազում փոշոտ փողոցում կամ էլ ինչ-որ ծերունի սաստում էր բակի շանը։ Սակայն ոչ ոք չմիացավ փոքրիկ խմբին․․․

Դաշտում քահանան հանեց ճաշոցը, նախապատրաստեց բուրվառը, ջրօրհնյաց գավաթն ու ցողիչը, հագավ փորուրարն ու սկսեց անձրևի համար աղոթքը։ Բոլոր չորսը աչքերը հառեցին երկինք՝ հույսով, որ Աստված կլսի իրենց՝ համաձայն խոստման՝ «ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ» (Մտթ․ 18։20)։

Աղոթքի ավարտին մասնակիցները ոգևորվեցին ու սկսեցին քաջալերել մեկմեկու՝ ասելով, որ արժեր աղոթել, դրանից հետո սիրտը թեթևացավ։ Դե մնացածն էլ՝ ինչպես Աստված կտա։ Եվ ապա գնացին հանգստանալու ու մի-մի գավաթ սուրճ խմելու։ Առիթից օգտվելով՝ ներկաներին կներկայացնեմ Ագաթա Քրիստիի վեպերի ոճով։

Սեղի շուրջը նստած էր քահանան, որը, ինչպես արդեն ասել ենք, ապրում էր Անտառային գյուղում։ Նրա կողքին նստած էր կոոպերատիվի նախագահը՝ Յասլինո գյուղից (անվանումները փոփոխված են), նրա հաշվապահը՝ ծնունդով Եչեմիկ գյուղից, որը սակայն բնակվում էր Պոմորիե քաղաքում, և գյուղապետը, որ ապրում էր Ֆերդինանդովոյում, սակայն ծնունդով Բուրգասից էր։ Այսինքն՝ Ֆերդինանդովոյի ոչ մի տեղաբնիկ չկար։

Նախքան կցրվեին, կոոպերատիվի նախագահը նայեց երկինք ու ասաց․

– Երկինքը առաջվա պես պարզ է։ Տեր հայր, տեր հայր, արդյոք անձրև կուղարկի՞ Տերը։

– Եթե անգամ չուղարկի, մենք արեցինք այն, ինչ պարտավոր էինք անելու։ Ինչ լինելու է, թող լինի։

Հրաժեշտ տալիս պայմանավորվեցին հեռախոսով կապ պահպանել և հաղորդել անձրև գալու դեպքում։ Եվ նրանցից ոչ մեկն անգամ չէր կասկածում, թե Աստված ինչպես է կատարելու խնդրածը․․․

Օրն արագ անցավ։ Համարյա մայրամուտ էր, երբ քահանան, գործերով էլի մի քանի տեղ այցելելուց հետո, ուղևորվեց դեպի Անտառային։ Ճանապարհի երկու կողմերում գյուղի արտերն էին, իսկ թփերից լսվում էր քնելու պատրաստվող ճնճղուկների աներևակայելի աղմուկը։ Շոգն անցել էր՝ տեղը զիջելով երեկոյան զովին, և շնչելն արդեն հեշտացել էր։

Բակում քահանային դիմավորեց եկեղեցու կատուն՝ ողջունելով դրոշակի պես ցցված պոչով։ Օդը թարմ էր, իսկ եկեղեցու բակի ասֆալտը՝ մաքուր։ Անցնող հարևանն ուրախ կանչեց քահանային․

– Հե՜յ, տեր հայր, ինչպե՞ս եք։ Լավ է, որ անձրև եկավ։ Հարկավոր էր․․․

Քահանան ցնցվեց ու նայեց շուրջբոլորը։ Եվ միայն այդ պահին նկատեց, որ ամեն ինչ թաց է շրջակայքում։ Դրանից էր, որ օդը թարմացել էր, դրանից էր, որ զգացվում էր անտառային խոտաբույսերի սուր բուրմունքը։ Հենց այդ պահին հեռախոսը զնգաց։

– Ալլո, տե՛ր հայր,- լսվեց հաշվապահի հուզված ձայնը։- Հենց նոր խոսեցի Եչեմիկում բնակվող հարազատներիս հետ։ Նրանք ասացին, որ իրենց մոտ անձրևում է։ Իսկ այժմ այստեղ՝ Պոմորիեում էլ սկսեց անձրև տեղալ։ Հավատս չի գալիս, հավատս չի գալիս․․․

– Այստեղ էլ է անձրև տեղացել, բայց կարծես թե պատրաստվում է կրկին գալ՝ երկինքը սևացել է ամպերից։

– Փա՜ռք Աստծու։ Փա՜ռք Աստծու,- բացականչեց կինն ու հրաժեշտ տվեց։

Քահանան որոշեց ստուգել, թե ինչ է կատարվում Յասլինոյում, և հավաքեց կոոպերատիվի նախագահի հեռախոսահամարը․

– Տե՛ր հայր, Աստված մեզ լսեց,- ուրախությամբ պատասխանեց վերջինս։- Անձրև է գալիս, այն էլ՝ ինչպիսի՜։ Հենց հիմա ուզում էի Ձեզ զանգահարել։ Պոմորիեում նույնպես անձրև է։

– Գիտեմ, գիտեմ, ինձ արդեն ասել են։ Իսկ ի՞նչ լուր կա Ֆերդինանդովոյից։

– Չգիտեմ, բայց հիմա կստուգեմ։ Կզանգեմ բեգ Միխոյին՝ տրակտորավարին։

– Ես էլ գյուղապետին կզանգեմ,- ասաց քահանան։

Մինչ հավաքում էր հեռախոսահամարը, մայրամուտի լռության մեջ լսվեցին անձրևի առաջին խոշոր կաթիլները։ Եվ հանկարծ կիսախավարը լուսավորվեց կայծակից։

– Ի՞նչ նորություն կա Ֆերդինանդովոյից,- հարցրեց քահանան գյուղապետին։

– Անձրև չկա, տե՛ր հայր։ Նույնիսկ մի կաթիլ։ Ողջ օրը երկնքին եմ նայել։ Սակայն մայրս զանգահարեց Բուրգասից և ասաց, որ իրենց մոտ անձրևում է։

– Անտառայինում էլ է անձրև, Յասլինոյում ու Եչեմիկում նույնպես։

– Ի՜նչ տարօրինակ է,- զարմացավ գյուղապետը։- Միգուցե գիշերն այստեղ էլ անձրևի։

– Լավ, վաղն առավոտյան կխոսենք։

Անտառայինում ընդմիջումներով անձրև տեղաց մինչև առավոտ։ Ինչպես հաջորդ օրը պարզվեց նույն պատկերն էր նաև Յասլինոյում, Եչեմիկում, Պոմորիեում, Բուրգասում և մոտակա գյուղերում։ Միայն Ֆերդինանդովոյում էր չոր մնացել։ Իսկ չէ՞ որ աշխարհագրորեն այն գտնվում էր նշված բնակավայրերի միջև։ Բայց այնտեղ կաթիլ անգամ չէր եկել։

* Կուրբան – բուլղարական ավանդույթ, որ գոյություն ունի թուրքական տիրապետության ժամանակներից։ Դժվարությամբ է արմատախիլ արվում, հատկապես գյուղական վայրերում։ Կապված է եկեղեցական որևէ տոնից կամ կարգից հետո տնային կենդանիների կամ թռչունների զոհաբերության և մեծաթիվ մարդկանց համար հյուրասիրության պատրաստման հետ։ Այժմ հիմնականում բավարարվում են առանց կենդանու զոհաբերության, իսկ ապուրը պատրաստվում է խանութից գնված մթերքներով։

Դեսիսլավա Գլավևա

Ռուսերենից հատվածաբար թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս