Բանակում տիրող իրավիճակի մասին՝ փաստերով. վերջին մեկ ամսում մահվան դեպքերն ավելի շատ ոչ մարտական պայմաններում են եղել
168.am-ն ուսումնասիրել է, թե մեկ ամսվա կտրվածքով ՀՀ զինված ուժերում մարտական և ոչ մարտական պայմաններում մահվան քանի դեպք է գրանցվել:
Ի դեպ, դրանց մի մասին օգոստոսի 12-ին ««Էռատո» ջոկատի «ինստրուկտորի» կորպուսում մոտ 2 շաբաթում մահվան 3 դեպք է արդեն գրանցվել» վերտառությամբ հոդվածում անդրադարձել էինք։
Եվ այսպես՝
Դեպք առաջին
Հուլիսի 26-ին հրազենային մահացու վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը:
Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ զինծառայողի դին հայտնաբերվել էր ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում, գետնատնակի հարակից տարածքում:
Ավելի ուշ մեղադրանք էր ներկայացվել համածառայակցին՝ սպանություն (ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով) և մարտական դիրքի ավագին՝ հանցանք կատարած անձին աջակցելը (ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով), թեպետ սկզբում խոսքն ինքնասպանության մասին էր։ Այս դեպքն էլ արձանագրվել էր Վայքի զորամասում:
Դեպք երկրորդ
Օգոստոսի 11-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ օգոստոսի 10-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը:
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ էր հայտնել դեպքի մասին առ այն, որ 2023 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:50-ի սահմաններում, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն զորամասի ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանը, լինելով ազատ հերթափոխում, գետնատնակի մոտ այլ զինծառայողին ամրակցված ինքնաձիգով կատարել է ինքնասպանության փորձ:
Օգոստոսի 11-ի վաղ առավոտյան հոսպիտալից հաղորդում է ստացվել, որ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած զինծառայող Ժորա Կարապետյանը մահացել է։
Իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում օգոստոսի 11-ին Ժ․ Կարապետյանին մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում մի խումբ անձանց կողմից անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել էին վերջինիս համածառայակից, ժամկետային երկու զինծառայող։
Ըստ քննության ներկա փուլում ձեռք բերված նախնական տվյալների՝ զինծառայողն ինքնասպանությունը գործել է իր նկատմամբ ոչ կանոնադրական հարաբերություններին բնորոշ վարքագծի դրսևորման արդյունքում։
Դեպք երրորդ
Օգոստոսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ օգոստոսի 11-ին չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ, 2023 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի ետնամասում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գրանիկ Խնկոյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Արդեն օգոստոսի 18-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ զինծառայող Գրանիկ Խնկոյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետին:
168.am-ի տեղեկություններով, երկու դեպքն էլ տեղի է ունեցել Արարատի զորամասում:
Հսվելենք, որ վերոնշյալ զորամասերը՝ Արարատ և Վայք, 5-րդ բանակային կորպուսին են ենթարկվում:
Դեպք չորրորդ
Ի դեպ, այս կորպուսի հետ առնչվող ևս մեկ դեպք գրանցվել էր օգոստոսի 16-ին, երբ ըստ ՊՆ հաղորդագրության, պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը:
Ավելի ուշ պարզվել էր, որ պահեստազորայինը հայտնվել է ադրբեջանական կողմում, նրան առևանգել են։ Սրանից հետո Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր ՀՀ ԶՈւ պահեստազորային Գագիկ Ոսկանյանի հետ կապված քրեական գործ հարուցելու և նրան կալանավորելու մասին։
168.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Ջերմուկի դիրքերի հատվածում:
Դեպք հինգերորդ
ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն, օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը:
Դեպք վեցերորդ
Օգոստոսի 26-ին հոսանքահարման հետևանքով մահացել էր ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Շավարշ Հովհաննեսի Ակինյանը։
Դեպք յոթերորդ
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը:
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ, 2023թ. օգոստոսի 27-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն մարտական դիրքի դիտորդ զինծառայող Ա․ Հ․–ն իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից մահացու հրազենային վիրավորում է պատճառել նույն դիրքի ավագ, զինծառայող Ա. Խ.-ին, այնուհետև նույն զենքով իր կզակի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախնական տվյալներով կատարվածը կապված է միջանձնային, ոչ կանոնագրքային հարաբերությունների հետ։
168.am-ի տեղեկություններով, զինծառայողները եղել են Գորիսի բրիգադից:
Եթե հանրագումարի բերենք, ապա հուլիսի 26-ից օգոստոսի 28-ը ներառյալ մահացել է ՀՀ ԶՈՒ 7 զինծառայող, որոնցից մեկը հակառակորդի կրակոցից՝ Վանիկ Արամի Ղազարյան, մյուսը՝ դժբախտ պատահարից՝ Շավարշ Հովհաննեսի Ակինյան, մյուս 5 զինծառայողները մահացել են ոչ մարտական պայմաններում կամ ոչ կանոնադրական հարաբերությունների խախտման հետևանքով՝ Մուրադ Սերյոժայի Գրիգորյան, Ժորա Զոհրաբի Կարապետյան, Գրանիկ Վարդանի Խնկոյան, Արտյոմ Արայի Հայկազյան, Արմեն Հայկի Խաչատրյան: Բացի այս, ինչպես նշեցինք, ունեցել ենք պահեստազորայինից դիրքն ինքնակամ լքելու և ադրբեջանական կողմից առևանգման դեպք:
Այսինքն, մոտավորապես 4 օրը մեկ մահվան դեպք ենք ունեցել:
Ի դեպ, օգոստոսի 24-25-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը և հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի, ՀՀ ԶՈւ Ինժեներական զորքերի պետ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի և ՀՀ ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանի հետ այցելել էին սահմանի հարավային հատվածի ամրացված շրջաններ` Արարատից Մեղրի:
Թե որքանով են բանակում մահվան դեպքերն այս հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, ավելին, ԳՇ պետի և ՀՀ պաշտպանության նախարարի, կարելի է միայն ենթադրություններ անել: Բայց փաստ է՝ բանակում կարգապահության հետ կապված լրջագույն խնդիրներ կան, իսկ ռազմական ղեկավարությունը, թերևս, այլ հարցերով են զբաղված: