«ՀՀ իշխանություններն իրավունք չունեն հանգիստ նայել, թե ինչպես է 120.000 հայ դատապարտվում ցեղասպանության։ Նմանատիպ պահանջ պետք է ձևավորվի նաև ՌԴ իշխանությունների հանդեպ»

Արցախի ընդդիմադիր «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2020 թվականին պատերազմ սկսելով Արցախի Հանրապետության դեմ, Ադրբեջանը ունեցել է մեկ նպատակ՝ ստանալ հայաթափված Արցախ և նոյեմբերի 9-ից հետո հետևողականորեն շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը։

Արցախն այսօր հայտնվել է քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական ու բարոյա-հոգեբանական աղետի առջև: Այսօրվա իրականությունը հուշում է, որ անհրաժեշտ են միջնաժամկետ, ժամանակավոր լուծումներ, որոնք թույլ կտան հանդարտ պայմաններում փնտրել երկարաժամկետ լուծումներ։ Միջազգային հանրությունը պարտավոր է ժամ առաջ ստեղծել համապատասխան գործիքակազմ ցեղասպանություն թույլ չտալու համար։ Այս հարցում շատ կարևոր են Արցախից հնչող ճիշտ ձևակերպումները և, իհարկե, Արցախի իշխանությունների կշռադատված և համարձակ քայլերը։

Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է պարզ հայտարարեն, որ Ադրբեջան պետության և Ադրբեջանի ժողովրդի հետ հարաբերությունները կարգավորելու և երկարատև հարևանության տարբերակ ստանալու համար անհրաժեշտ է, որ Ալիևը հրաժարվի իր ցեղասպան մտադրություններից։ Սա պետք է դառնա Արցախի հստակ դիրքորոշումը ուղղված միջնորդներին։

Ադրբեջանն իրավունք չունի մի ողջ ժողովրդի, 120 հազար մարդու ենթարկել ցեղասպանության։

Իրավիճակը լիցքաթափելու և քայլ առ քայլ լուծումներ գտնելու նպատակով անհրաժեշտություն կա ստեղծելու 3+1 ֆորմատով (Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան + Լեռնային Ղարաբաղ) աշխատանքային խումբ, Արցախում ցեղասպանություն թույլ չտալու, միջնաժամկետ դեէսկալացիայի և երկարաժամկետ լուծումներ գտնելու համար։

Արցախի Հանրապետության իշխանությունները հստակ պետք է հայտարարեն, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են ակտիվ ներգրավվել այս աղետի վերացման գործում: Հայաստանի իշխանությունները իրավունք չունեն հանգիստ նայել, թե ինչպես է 120 հազար հայ դատապարտվում ցեղասպանության։ Նմանատիպ պահանջ պետք է ձևավորվի նաև Ռուսաստանի Դաշնության իշխանությունների հանդեպ:

Ռուսաստանի Դաշնությունը պարտավոր է կանխելու Արցախի ժողովրդին սպառնացող ցեղասպանությունը։ Ցեղասպանության կանխումը ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ միջազգային պարտավորություն՝ հակառակ դեպքում տարածաշրջանում հետաքրքրություններ և հավակնություններ ունեցող բոլոր երկրները դառնալու են ցեղասպանության թեկուզ և պասիվ մասնակից»։

Տեսանյութեր

Լրահոս