Գերտերությունները պետք է ստիպեն Ալիևին հարգել նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ դրված ստորագրությունը. ԵԽ-Արցախ բարեկամության խմբի համանախագահ

Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարան-Արցախ բարեկամության խմբի համանախագահ Ֆրանսուա Ալֆոնսին լիարժեք գոհ չէ Արցախյան հակամարտության հարցում Եվրամիության վարած քաղաքականությունից։  Այդուամենայնիվ, նա կարծում է, որ Եվրախորհրդարանի հետեւողական աշխատանքի եւ ճնշումների արդյունքում ԵՄ-ն փորձում է գործընթացում ներկա եւ ակտիվ լինել։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում Ալֆոնսին ընդգծել է, որ նախ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է հարգեն իրենց ստորագրությունը, որ դրել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի վրա։ Եվրախորհրդարանի պատգամավորի խոսքով գերտերությունների կոալիցիան պետք է գործի իր հայտարարություններին համահունչ, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հնարավոր լուծումներից մեկն էլ կարող է լինել սառը պատերազմի տարիների Գերմանիայի օրինակը՝ Արեւելյան եւ Արեւմտյան Գերմանիաների միջեւ առկա միջանցքի տրամաբանությամբ։

–  Պարոն Ալֆոնսի, Լեռնային Ղարաբաղի 120.000 հայերը յոթ ամիս շրջափակված ենև մարդասիրական աղետն օրեցօր ավելի է խորանում։ Ինչպե՞ս եք գնահատում ԵՄ քաղաքականությունն այս հարցում։

ԵՄ-ն քիչ թե շատ զբաղվում է հարցով։ Կարծում եմ՝ դա Եվրախորհրդարանի հետեւողական աշխատանքի եւ ճնշումների արդյունքն է։ Դիտորդական առաքելությունը, որը պարոն Բորելի կողմից ուղարկվել է Հայաստան, այնուամենայնիվ, դրական կետ է։ Մյուս կողմից՝ Եվրոպական խորհրդի նախագահը համախմբում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին՝ փորձելով ելք գտնել։ Կարծում եմ, որ Եվրոպան փոքր-ինչ ներգրավված է, և սա ավելի շատ հայ ժողովրդի շահերից է բխում, որ Եվրոպան ներգրավվի, քանի որ Եվրոպան, բացի միջազգային դիվանագիտական ​​կշիռից, նաեւ տնտեսական ճնշման միջոցներ ունի, որոնք իրական են։ Եթե ԵՄ-ն ցանկանա, կարող է դրանք իրականացնել։ Իրավիճակը բարդ է, և, եթե Եվրոպան դուրս գա որևէ նախաձեռնությունից, կարծում եմ, որ դրությունն էլ ավելի բարդ կդառնա։ Սա է իմ առաջին արձագանքը։ Երկրորդ դիտարկումս այն է, որ կա միջազգային պայմանագիր, որը պետք է հարգվի։ Սա նախապայման է՝ հրադադարի պայմանագիրն է, որը բացահայտորեն նախատեսում է ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով՝ ռուսական խաղաղապահների կողմից տրված երաշխիքով։ Չէ որ միայն նրանք են տեղում եւ գիտեն, թե ինչ պետք է անեն, ուստի կարծում եմ, որ քննարկումների մեկնարկային կետը պետք է լինի հենց սա:

Պարոն Ալիևը, Լաչինի միջանցքը փակելով, օգտագործում է իր ուժի դիրքը։  Նա առաջարկներ է արել՝ հնարավոր այլ մուտքերի եւ ճանապարհների վերաբերյալ, որոնք ինչ-որ կերպ կլինեն ադրբեջանական տարածքով՝ նրա լիակատար վերահսկողության տակ։ Սակայն դա չի կարող լինել, քանի որ չկա վստահություն, առավել եւս Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար։ Եվրոպան պետք է ցույց տա, որ, գլխավոր դերակատարներին համախմբելով, կշիռ ունի 2020 թվականի հրադադարի համաձայնագրի նկատմամբ լիարժեք հարգանք պարտադրելու համար, քանի որ ամեն ինչ պետք է ծավալվի դրա շուրջ։

– Ինչպես ասացիքԵՄն փորձում է ակտիվ դերակատար լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում, բայց հստակ գործողություններ չկան։  Ո՞րն է ԵՄի իրական մտադրությունը՝ աջակցե՞լ համամարդկային արժեքներին համապատասխան լուծման որոնմանը, թե՞ պարզապես թուլացնել Ռուսաստանի դերը։

– Եվրոպական հասարակական կարծիքի միջոցով հայ ժողովրդի հետ համերաշխությունը Եվրախորհրդարանում իրականություն է։ Դա հաստատվում է ամեն անգամ, երբ կա բանաձեւ, որը մտահոգություն է արտահայտում Լեռնային Ղարաբաղում ապրող բնակչության ապագայի վերաբերյալ և դրվում է քվեարկության։ Բայց եվրախորհրդարանն ունի միայն խոսելու իրավասություն, իսկ ղեկավար մարմինները՝ նրանք, ովքեր գործելու իրավունք ունեն, անդամ երկրներն են։ Եվրոպայում ռազմական ուժ չկա, կա միայն եվրոպական դիվանագիտական ​​ուժը, որը գործարկվում է արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ պարոն Բորելի կամ եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջոցով։ Բայց նրանց ներգրավվածությունը պարոն Ալիևը չպետք է օգտագործի իր առավելությունն էլ ավելի առաջ մղելու համար:

Նա հաղթեց 2020 թվականի պատերազմը, օգտվեց առավելությունից, և մենք զգում ենք, որ նպատակը, որ նա հետապնդում է, իր առավելությունը մի փոքր առաջ մղելն է, եւ նա դա փորձում է անել Լաչինի միջանցքն արգելափակելու միջոցով։ Կարծում եմ, որ այս միջանցքը նյարդային կիզակետ է, պետք է բավականաչափ ճնշում ունենալ, սակայն Եվրոպայի ճնշումը բավարար չէ։

ճիշտ է, որ այս ամենն արևմտյան տերությունների՝ Եվրոպայի կամ Միացյալ Նահանգների կամքի ֆոնին է արվում Ռուսաստանին հակադրվելու համար՝  հաշվի առնելով ուկրաինական հակամարտությունը։ Սակայն երբ մեկը ռազմական առումով ուժեղ է եւ փորձում է ուժով լուծել բոլոր հարցերը, վերահսկողության տակ առնել Լեռնային Ղարաբաղը՝ առանց որևէ բացասական դիվանագիտական ​​կամ տնտեսական հետևանքների, նրան պետք է հասկանալի դարձնել, որ, եթե նա շարունակի հարձակվել Լեռնային Ղարաբաղի վրա, կունենա հսկայական տնտեսական և դիվանագիտական ​​ բացասական հետևանքներ։ Իսկ սա անելու համար մեզ, հավանաբար, պետք է նաեւ ԱՄՆ-ի աջակցությունը։ Մենք կցանկանայինք խուսափել ռուսական խաղաղապահների դուրսբերումից, միայն թե դա հակասական է։

Դուք չեք կարող օգնություն խնդրել ռուսներից՝ աջակցելով պատերազմին, որը ներկայումս ընթանում է (խմբ․- նկատի ունի պատերազմն Ուկրաինայում)։ Այնպես որ իրավիճակը շատ բարդ է: Անձամբ ես կարծում եմ, որ միակ բանը, որ ճանաչում են բոլորը՝ ռուսները, ամերիկացիները, եվրոպացիները, ադրբեջանցիները, հայերը, հրադադարի պայմանագիրն է, որը ստորագրվել է, այդ թվում՝ պարոն Ալիևի կողմից։ Այսպիսով, առաջինը, որ պետք է խնդրել միջազգային բոլոր դերակատարներից, ասելն է՝ պարոն Ալիև, հարգեք ձեր ստորագրությունը։

– Ուկրաինայի պատերազմի ընթացքում Արեւմուտքի քաղաքական կամքն ակնհայտորեն երեւաց։ Ռուսաստանի դեմ հնարավոր ու անհնար բոլոր պատժամիջոցները կիրառվեցին՝ հանուն համամարդկային եւ եվրոպական արժեքների։ Սակայն նույն կամքի դրսեւորումը բացակայում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հարցում։ Արցախում այսօր խորացված հումանիտար ճգնաժամ է, բայց, չնայած դրան, ԵՄ-ն ընդդեմ Ադրբեջանի հնարավոր պատժամիջոցների հարց չի էլ քննարկում, որը,  ինչպես դուք նշեցիք, ԵՄ միակ զենքն է։ Փոխարենը Եվրահանձնաժողովի նախագահը գնում է Բաքու եւ հայտարարում, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր է։ Այս ամենի  ֆոնին Ադրբեջանն անտեսում է միջազգային կառույցների դատավճիռներն ու կոչերը, շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը և հետապնդում է մեկ նպատակ՝  էթնիկ զտումների ենթարկել արցախահայությանը։ Չե՞ք կարծում, որ այս ամենը անպատժելիության հետևանք է։ Ինչո՞ւ Արեւմուտքը չի գործում իր արժեհամակարգին  համահունչ։

– Ադրբեջանի անպատժելիությունը վկայում է Հայաստանի դաշնակիցների անզորության մասին, եւ սա վերաբերվում է նաեւ Եվրամիությանը։ Մենք հանձնառու ենք աջակցել Հայաստանին Մինսկի համաձայնագրերի շրջանակներում։ Արդեն երկար տարիներ է, ինչ գոյություն ունի հակամարտություն, որի հանգուցալուծմանը Եվրոպան փորձում է հասնել, բայց անզոր է:

Անզոր է, քանի որ մենք գտնվում ենք ռուսական վերահսկողության գոտում և հիմա Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ենք։ Ռուսաստանը եւս անզոր է, որովհետև ինքն իրեն քաղաքական միջոցներ չի տրամադրում առաջ գնալու համար և շատ ուժեղ երկիմաստության մեջ է գտնվում. թղթի վրա աջակցություն է ցուցաբերում Հայաստանին, իսկ հետո, փաստորեն, շատ ամուր տնտեսական հարաբերություններ է պահպանում Բաքվի հետ։ Այս երկիմաստությունն ինքնին խնդիր է, եւ սա նաեւ ԵՄ-ին է վերաբերում. ի՞նչ վստահություն կունենա պարոն Միշելը այսօր, իսկ վաղը՝ նրա իրավահաջորդը: Կարծում եմ՝ ապացուցվածն այն է, որ Եվրախորհրդարանում կա մի ուժեղ մեծամասնություն, որը կշարունակի աջակցել հայ ժողովրդին, քանի որ համերաշխությունը վաղեմություն ունի եւ արմատացած է: Եվ հետո անհրաժեշտ է, որ ներգրավված կառավարությունների միջոցով Խորհրդարանի այս կամքը կարողանա գտնել իր քաղաքական թարգմանությունը։

Պետք է արձանագրել, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը հայկական սահմանին փոքր ինչ զսպեց հետագա հարձակումները: Կան մի քանիսը, բայց միջազգային դիտորդական առաքելությունն արդեն հակակշիռ է։ Պարոն Ալիևը դատապարտել և հրաժարվել է Ադրբեջանում դիտորդական առաքելությունից։ Սա փոքր տարր է, բայց ինքնին կոնկրետ գործողություն է: Կլոր սեղանների և քննարկումների ժամանակ, եթե միևնույն ժամանակ կոնկրետ գործողություններ չձեռնարկես, միշտ ուժ ունեցողը կասի «լավ, շատ լավ, քո քննարկումները հետաքրքրաշարժ են, բայց վերջում ես եմ որոշողը»։ Եվ նա վերջում որոշում է։ Իսկ այն որոշումը, որը պարոն Ալիևը ցանկանում է ընդունել որքան հնարավոր է շուտ, քանի որ ցանկանում է ավարտել գործը, դա Լեռնային Ղարաբաղ վերջնական ներխուժումն է։

– Իսկ այսօր ի՞նչն է նրան հետ պահում։

– Դե, դա առաջին հերթին ռազմական արկածախնդրություն է, հետո վերադառնում ենք Լաչինի միջանցքը շրջափակելու որոշմանը՝ զենքի տարանցման պատճառաբանությամբ, որն, ըստ Ալիեւի, արդարացնում է անցակետի գոյությունը։ Այսպիսով, հետին պլանում նա միշտ ցանկանում է հեշտությամբ հաղթել հակամարտությունն ընդդեմ զինաթափված բնակչության։ Վերջնական նպատակը դա է։

– Ի՞նչը կարող է զսպել  և  կանխել այդ ամենը:

– Դա իսկապես մեծ տերությունների կոալիցիան է, որը պետք է ասի՝ «բացառվում է, մենք չենք ուզում նման արդյունք»: Այսօր նրանք, ովքեր դա ասում են, կիսատ են ասում, և նրանց գործողություններն իրենց խոսքին համահունչ չեն։

– Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական հաշտության պայմանագիրըորը խրախուսում են մեծ տերությունները։ Որո՞նք պետք է լինեն այն հիմնական կետերը, որպեսզի այդ խաղաղության պայմանագիրը արդար համարվի:

– Հիմնական սկզբունքն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարողանա ասել՝ «իմ իրավունքները հարգված են»: Խաղաղություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ մարդիկ համարում են, որ իրենց իրավունքները հարգված են։ Այս պայմաններում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը ինչպե՞ս կարող են ասել, որ իրենց իրավունքները կամ տարածքը հարգված են։ Չեն կարող։

Եվրոպան դա լավ գիտի, 20 տարի Գերմանիան կառավարում էր Բեռլինը՝ թշնամական գոտում գտնվող միջանցքով: Կարող ենք նման մի լուծում պատկերացնել, բայց այդ ժամանակ միջանցքը պետք է լինի միջազգային պաշտպանության ներքո, և Լեռնային Ղարաբաղի տարածքային սահմանները պետք է թույլ տան հայ բնակչությանը կազմակերպվել և ապրել փոխհամաձայնության մեջ։ Իհարկե, դժվար է պատկերացնելը․ միջազգային պայմանագրերը հաճախ երևակայական են։ Ուստի անհրաժեշտ է ունենալ երաշխիքներ տարածքի ամբողջականության, հայ բնակչության իրավունքների և Լաչինի միջանցքի անձեռնմխելիության վերաբերյալ։ Ճիշտ այնպես, ինչպես Արևմտյան Գերմանիայի և Արևելյան Գերմանիայի միջև՝ սառը պատերազմի ժամանակ։

Տեսանյութեր

Լրահոս