Ո՞վ էր Գիվի Հովհաննիսյանը մինչև հեղափոխությունը. Փաշինյանի նախկին փաստաբանին առնչվող աղմկահարույց պատմությունները՝ մեկ դիպաշարով
Դատարանները փակել–բացելուց, դատավորներին զտելու մասին հայտարարություններից ու նրանց մի մասին վնգստացող որակելուց հետո իշխանությունները որոշեցին ստեղծել Հակակոռուպցիոն դատարաններ:
2021-ի ապրիլին Օրենսդիր մարմինն ընդունեց հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին նախագծերի փաթեթը: 2022-ի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 8-ը նշանակվեցին դատավորները, և դատարանի աշխատանքը սկսվեց։
Մասնագիտացված այս դատարանները նախատեսված են կոռուպցիոն հանցագործություններ և ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ գործեր քննելու համար, սակայն, ինչպես նախագծի հանրային քննարկման օրերին, այնպես էլ նոր դատարանների աշխատանքի սկզբում արդեն հանրային ու մասնագիտական տարբեր շրջանակներ ահազանգեցին՝ իշխանություններն այս դատարաններով փորձում են բավարարել ստալինյան տրոյկաներ ունենալու իրենց գայթակղությունը:
Այսինքն, ըստ տարբեր տեսակետների, այս դատարանների քաղաքական ենթատեքստը նախկին պաշտոնյաների հանդեպ հետապնդումներն ու նրանց գույքի բռնագանձումն է։
Նկատենք՝ Հակակոռուպցիոն դատարանի հետ են կապվում 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին, Երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին ու նրա ընտանիքի անդամներին առնչվող գործերը, և այլն:
Ի դեպ, հենց երեկ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, ևս երկու ամսով երկարաձգեց ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման ժամկետը:
Ավելի վաղ նիստի ընթացքում պաշտպանական կողմը Գիվի Հովհաննիսյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել։
Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ դատավորի հայրն ու եղբայրը 2008 թվականի Մարտի 1-ի գործով «քաղաքական հալածանքների» են ենթարկվել նախկին իշխանությունների օրոք, հետևաբար, ստացվում է՝ Հովհաննիսյանը քննում է նախկին իշխանությունների ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը:
Արմեն Աշոտյանի փաստաբանը տեղեկացրել էր, սակայն, որ իրենց միջնորդությունը դատավորը մերժել է՝ հիմնավորմամբ, թե Աշոտյանն այն ժամանակ քննիչ, դատավոր կամ դատախազ չի եղել:
Բայց անշահախնդիր դիտորդի համար որքանո՞վ է դատավորի այս հիմնավորումն օբյեկտիվ՝ հարցը բաց է մնում:
Իսկ ո՞վ է Գիվի Հովհաննիսյանը
Ըստ բաց աղբյուրներում ներկայացված ինքնակենսագրական տվյալների՝ Գիվի Հովհաննիսյանը 2002-2008թթ. աշխատել է ՀՀ ոստիկանությունում, նախ՝ որպես ՀՀ ՆԳՆ քննչական գլխավոր վարչության 1-ին վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ, ապա ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ:
2008 թվականի հոկտեմբերի 14-ից 2022 թվականի օգոստոսի 1-ը նա եղել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ: Իսկ օգոստոսի 1-ից արդեն ՀՀ նախագահի որոշմամբ նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:
Գիվի Հովհաննիսյանն իր փաստաբանական կարիերայի առաջին տարիներին ստանձնել է նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպանությունը, երբ նախկին ընդդիմադիր, այժմ՝ իշխանություն Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործով դատապարտվել էր և իր պատժաչափն էր կրում նախ՝ «Կոշ», ապա՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում:
Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գծով դատավոր Գիվի Հովհաննիսյանը նաև տարբեր դատական վեճերի կողմ է հանդիսանում:
Դատավորի նախկին կնոջ՝ Կարինե Ալբերտյանի հայրը՝ Մաթևոս Ալբերտյանը, տարբեր առիթներով նշել է, որ նախկին փեսան, չարաշահելով դստեր վստահությունը, յուրացրել է նրան պատկանող գույքը։
Մաթևոս Ալբերտյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ խոսքը երկու գույքի մասին է՝ մեկ բնակարան Երևանի Կենտրոնում և մեկ տուն, որն անձամբ էր կառուցել Քասախում՝ կից հողամասով:
Մեր զրուցակիցը պատմեց՝ 2007 թվականին Կենտրոնում դստեր անունով ձեռք է բերել բնակարան, որի ամբողջական արժեքը վճարվել է 2009թ.-ին, բայց քանի որ կառուցապատման աշխատանքներն ավարտվել են 2011թ., և քաղաքապետարանը ինչ-ինչ պատճառներով ուշացրել է վկայականի հանձնումն ու այն հանձնել միայն Գիվի Հովհաննիսյանի և Կարինե Ալբերտյանի ամուսնության գրանցումից հետո, նախկին փեսան կնոջից պահանջել է, որպեսզի իր իրավունքն այդ բնակարանի նկատմամբ ևս գրանցվի:
«Մենք պահանջում ենք, որ միանձնյա սեփականատեր դառնա աղջիկս,- ասաց Մաթևոս Ալբերտյանը՝ շարունակելով,- Ես դատարաններից ոչ մի բան չեմ ակնկալում. երեք տարի է՝ քաշքշում են: Ինքը մասնաբաժին է ուզում այնտեղից, որտեղ մի կոպեկ չի ծախսել: Անգամ երեխաները չեն ուզում տեսնել հորը: Պատմությունը սկսվել է մի տասը տարի առաջվանից. ինքը գույք էր ուզում, ես ասեցի՝ դու բաժին չունես, ես ինչ տալիս եմ, տալիս եմ քո ընտանիքին:
Համբերության բաժակը լցվեց այնտեղ, երբ ինքը վարկ էր վերցրել՝ իմ նվիրած գույքը՝ Քասախի տունը, դնելով որպես գրավ: Գումարի կեսը նա ծախսել է բնակարանի կոսմետիկ վերանորոգման վրա, հետո էլ՝ մի օր աղջկաս ասել էր, թե՝ իմ եղբայրը պետք է գա այս Քասախի տանն ապրի. հերիք չէ՝ իր ծնողներին բերել էր, հետո էլ՝ եղբոր ընտանիքին էր ուզում բերել իմ նվիրած տուն, իմ հողամաս: Ես էլ ասեցի՝ ոչ մեկը չի գալու, նա էլ ասաց՝ եթե այդպես է, վարկը չեմ փակի: Ու քանի որ համավարկառուն տղաս էր, ու իմ գույքն էր դրված գրավ, սկսեցի ես փակել վարկը, բայց իմ սխալն այն էր, որ ես եմ մուծումներ կատարել բանկում, բայց ինքն է ստորագրել»:
Մեկ այլ դրվագով էլ, ըստ մեր զրուցակցի, փեսան Բաթումում համատեղ գնված բնակարանը կնոջ լիազորագրով վաճառել է, որպեսզի Երևանում գնի բնակարան, սակայն այդպես էլ անհայտ են մնացել այդ վաճառքի մանրամասներն ու արդյունքը:
Նա նշեց, որ այս տարբեր դրվագների մասին բարձրաձայնումից հետո մեկ ամիս առաջ Գիվի Հովհաննիսյանը փորձել է փաստաբանի միջոցով հաշտության եզրեր գտնել՝ սակայն սեփական դրույթներն առաջ տանելով:
«Ես ասել եմ՝ գույքը կտամ աղջկաս ու թոռներիս, բայց ինքը կետեր է դնում, թե իբրև ինքն ինչ-որ մասնաբաժին ունի այնտեղ: Ես իմ պայմանները մեկ ամիս ուղարկել եմ, եթե ինքն իմ պայմաններին համաձայն չի, հաշտության չեմ գնա, ու ո՛չ թոռներիս, ո՛չ աղջկաս չեմ տա գույքը՝ մինչև Գիվի Հովհաննիսյանը չմահանա»,- մանրամասնեց Մաթևոս Ալբերտյանը:
Դատավորի նախկին կնոջ հայրը չի ընկալում, թե ինչպես կարող է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվել նման նկարագրով մարդ.
«Եթե մի մարդ կնոջը թալանել է, իր երեխաների ունեցվածքն է թալանել, ինչի՞ մասին է խոսում: Այսինքն՝ Հայաստանում ի՞նչ օրենք. մի քանի քրեական գործեր կային՝ լրիվ ծածկադմփոց արեցին Եղվարդի բաժնում, փակեցին:
Ինքը եկավ մեր տան պատուհանը ջարդեց, հետո աղջկաս էին ծեծել հեր ու տղա իրենց բակում, դա էլ փակեցին: Շունը շան թաթը չի կծի, հասկանո՞ւմ եք»:
Գիվի Հովհաննիսյանի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի մասին
Պաշտոնատար անձի` 2022 թվականի հայտարարագրի համաձայն՝ դատավորն ունի համատեղ սեփականության իրավունքով 1998 թվականից իրեն պատկանող մեկ բնակարան (չի նշվում գույքը ձեռք բերելու եղանակը), ինչպես նաև 2011 թվականին գնման եղանակով համատեղ սեփականությամբ մեկ այլ բնակարան:
Որպես հայտարարատուի կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք (կամ հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, կամ անշարժ գույք, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն) նշվել է անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, որի մասին այլ տեղեկությունները պաշտպանված են:
Էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ բաժնում տեղեկությունը մասնակի է, իսկ հաշվետու տարում եկամուտները կազմել են շուրջ 16 միլիոն դրամ, այդ թվում՝ աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ «Արգումենտում» ՍՊԸ-ից և ՀՀ ԲԴԽ աշխատակազմ դատական դեպարտամենտից, փոխառություններ՝ «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ից, Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ից, Ինեկոբանկ ՓԲԸ-ից, ինչպես նաև՝ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները (բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած) Խաչիկ Հակոբյանից:
Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Գիվի Հովհաննիսյանի հետ, որպեսզի Մաթևոս Ալբերտյանի հայտնած տեղեկությունների առնչությամբ լսենք նաև նրա տեսակետը, բայց մեր զանգերը մնացին անպատասխան: