Արցախում պլանավորում են խաղաղ երթ իրականացրել դեպի Հակարիի կամուրջ՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու նպատակով
Արցախում նախատեսում են խաղաղ երթ իրականացնել դեպի Հակարիի կամուրջ, որտեղ Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել ու շրջափակման մեջ է պահում Արցախը՝ արգելափակելով մարդկանց, տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Երթի կազմակերպչական աշխատանքների իրականացման համար ստեղծվել է «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժում»-ը։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում շարժման նախաձեռնող խմբի անդամ Արթուր Օսիպյանն ասաց, որ ստեղծված իրավիճակից ելքը տեսնում են խաղաղ պայքարի միջոցով։
«Ելնելով այն իրավիճակից, որում գտնվում ենք՝ կարող ենք անզեն, մեծաթիվ խաղաղ բնակիչներով մեկնել Հակարի և տեղում հարցերը լուծել, այսինքն՝ անցնել բանակցությունների: Սա չի նշանակում, որ մենք մերժում ենք Արցախի պետական մարմիններին, քանի որ կարծիք կա, թե այս քայլով Ալիևի ասածն ենք անում: Այդպես չէ: Մենք համաժողովրդական շարժմամբ բարձրացնում ենք այն հարցերը, որոնք արդեն բարձրաձայնել ենք՝ ցույց տալով, որ Արցախում ոչ թե ինչ-որ հանցագործներ են զավթել իշխանությունը և փորձում են իրենց կամքը թելադրել, այլ, որ ժողովուրդն ու իշխանությունը միակարծիք են այն ամենի հարցում, ինչ վերաբերում է ինքորոշմանն ու Արցախի կարգավիճակին: Այս շարժումն անկախ ժողովրդական շարժում է: Սա համաժողովրդական շարժման նոր գաղափար է, որ պիտի գնանք ու ինքներս միջանցքն ապաշրջափակենք»,-մանրամասնեց Օսիպյանը:
Օսիպյանը մանրամասնեց, որ իրենց նպատակն է բազմահազար երթով գնալ ու ապաշրջափակել միջանցքը, քանի որ ոչ ՌԴ խաղաղապահները և ոչ էլ միջազգային հանրությունն այս հարցը չեն լուծում:
Անդրադառնալով նախատեսվող երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու հարցին՝ Արթուր Օսիպյանը համոզմունք հայտնեց, որ առաջին հերթին պետք է ներգրավեն ՌԴ խաղաղապահներին, այնուհետև՝ աշխարհին պիտի ներկայացնեն, որ այն խաղաղ երթ է, ժողովրդական շարժում, որը ժողովուրդն է ինքնակազմակերպվել ու իրականացնում:
«Երթը պիտի օնլայն տեսանկարահանվի բոլոր կողմերից, ապահովվի կապը, որովհետև մենք տեսնում ենք, որ այն դեպքերում, երբ կան տեսանելի և մնայուն փաստեր, Ալիևը հանցագործությունների չի դիմում»,-հավելեց նա:
Ինչ վերաբերում է երթի ժամկետներին, Օսիպյանն ասաց, որ չեն շտապելու:
«Մենք հավաքը հրավիրելու ենք այն ժամանակ, երբ տեսնենք, որ հասարակության մեծամասնությունը դրան պատրաստ է: Այն մարդիկ, ովքեր արդեն պատրաստ են, ճնշում են մեզ, որ արագացնենք, բայց փոքրաթիվ հավաքով մենք գործի չենք անցնելու: Կարևորն այն է, որ հասարակության մեծամասնության աջակցությունը ստանանք, հիմա պետք է այդ խնդիրը լուծենք»,-ընդգծեց նա՝ տեղեկացնելով, որ կազմակերպչական աշխատանքները շարունակում են։
Վան Նովիկով