ՀՀ բոլոր դատավորներին կոչ ենք անում և հորդորում ամեն գնով տապալել վաղվա ընդհանուր ժողովը՝ կամ այդ ժողովին չմասնակցելով, կամ մասնակցելով և կրկին օրակարգը չհաստատելով․ Հարություն Հարությունյան
Փաստաբան Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դատավորները կամ պետք է տեր կանգնեն իրենց լիազորություններին կամ ընդունեն իրենց՝ ՀՀ դատական դեպարտամենտում ընդամենը բարձր աշխատավարձով դատավոր աշխատելու փաստը․
Դատավորների նախորդ ընդհանուր ժողովին դատավորները բարձրաձայնել են, որ ՀՀ դատական դեպարտամենտը չէ այն մարմինը, որ պետք է որոշի, թե ում ուղարկի ծանուցագրեր՝ ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղի համար առաջադրվելու հարցում և դա հենց Դատավորների ընդհանուր ժողովի որոշելիքն է։
Հիմա ինչ, ստացվում է, որ նույն հարցով կրկին հրավիրվում է Ընդհանուր ժողով։
Այստեղ կարևոր է հասկանալ, թե արդյոք այս ժողովը նախորդի շարունակությունն է, թե նոր ժողով է։
Քանի որ նախորդն արդեն իսկ կայացվել է և օրակարգը չի հաստատվել, հետևաբար դա բավարար է հանգելու հետևության, որ փակված, ավարտված նիստը կրկին չի կարող վերսկսվել, հետևաբար վաղվա ժողովը, ըստ էության, նոր ժողով է՝ հին օրակարգով։
Այստեղ արդեն առաջանում է հաջորդ իրավական խնդիրը․
Այսպես, եթե 04․08․2023 թվականին հրավիրված է նոր ժողով, ապա ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարը կրկին պարտավոր էր ԲԴԽ անդամին առաջադրվող պահանջներին համապատասխանող բոլոր դատավորներին ծանուցումներ ուղարկել։
Ընդ որում, այդ ծանուցումը, ըստ ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի, պետք է արվեր ընդհանուր ժողովից առնվազն մեկ ամիս առաջ, որպեսզի դատավորները ժամանակ ունենային կամ հրաժարվելու, իսկ համաձայնողները՝ բարեվարքության հարցաթերթիկը լրացնելու, քանի որ այս ընթացքում ևս (երկու ընդհանուր ժողովների միջակայքում) բարեվարքության հետ կապված կարող էր խնդիր առաջանալ։
Ակնհայտ է, որ դատական դեպարտամենտն առանց անմիջական ղեկավարի` տխրահռչակ Կ.Անդրեասյանի հավանության և հանձնարարության չէր համարձակվի, իսկ ժողովը նախագահող Լ.Թադևոսյանն էլ դեմ չէր գնա դատավորների արդեն իսկ արտահայտված կամքին՝ կրկին քվեարկելու, արդեն իսկ քվեարկված հարցին՝ խախտելով մի շարք օրենսդրական նորմեր։
Փոխարենն անտեսված է պարոն Պապոյանի առաջարկած հարցի ներառումը օրակարգ՝ ԲԴԽ դատավոր անդամներին հետ կանչելու հնարավորության վերաբերյալ, որին դատավորների ճնշող մեծամասնությունը կողմ էր քվեարկել։
Այս խախտումներն ինքնին հիմնավորում են, որ խնդիր է դրված ամեն գնով և բոլոր միջոցներով դատավորներին «ստիպել», որպեսզի վերջիններն իրենց իսկ կայացրած որոշմանը տրամագծորեն հակառակ որոշում կայացնեն, ինչն արդեն, իրոք, արժանապատվության, ինքնասիրության և մարդկային որակների հարց պետք է դառնա։
Վստահ եմ, որ այս անգամ կրկին ձախողելու են։
Մի առիթով նշել եմ, որ օրենքից չի բխում Վճռաբեկ դատարանի նախագահի որոշումը՝ ընդհանուր ժողով հրավիրելու մասին, քանի որ ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ։ Նույն հոդվածը սահմանում է, որ արտահերթ ժողով կարող է հրավիրել, ի թիվս այլոց, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն իր նախաձեռնությամբ։
Այս դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը հրավիրել է ընդհանուր ժողով, այլ ոչ թե արտահերթ ընդհանուր ժողով, իսկ տարվա ընթացքում մեկ անգամից ավել, ընդհանուր ժողով հրավիրելու լիազորությամբ օրենսդիրը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին չի օժտել։
Քվեարկված հարցով կրկին քվեարկության մասնակցելը ևս ապօրինության մասնակցություն է։ Ավելորդ է խոսել նաև դրա բարոյական ասպեկտի մասին, հետևաբար
ՀՀ բոլոր դատավորներին կոչ ենք անում և հորդորում ամեն գնով տապալել վաղվա ընդհանուր ժողովը՝ կամ այդ ժողովին չմասնակցելով, կամ մասնակցելով և կրկին օրակարգը չհաստատելով։
Առանց անկախ և արժանապատիվ դատավորների դատական համակարգը կործանված է: Հորդորում ենք անտարբեր չգտնվել, քանի որ հաջորդը հենց Դուք եք լինելու թիրախում և եթե հիմա դուք միմյանց չպաշտպանեք, վաղը ձեզ ոչ մեկ չի պաշտպանելու:
Ապացուցեք բոլորիս, որ Դուք իշխանություն եք և զուր չեն մեր բոլորի ջանքերը և հույսերը՝ անկախ դատական համակարգ ունենալու։