Բաժիններ՝

«Մարդը, թեկուզ ուսուցիչ է, հիվանդանալու, բուժվելու և ընդհանրապես ապրելու իրավունք չունի՞». Ուսուցչուհու բաց նամակը վարչապետին և ֆինանսների նախարարին

Բաց նամակ ՀՀ վարչապետին և ֆինանսների նախարարին

Բարև ձեզ, պարոնա՛յք` վարչապե՛տ և ֆինանսների՛ նախարար,

Ձեզ է դիմում երեսունհիգ և ավելի տարիների աշխատանքային ստաժ ունեցող ուսուցչուհի:
Չգիտեմ` զայրույթս ու հիասթափությունս ինչպես ներկայացնեմ ձեզ, որ պարզ ու հասկանալի լինի:
Նախորդ տարի ՀՀ բյուջեից ուսուցիչներին մի գեղեցիկ նվեր մատուցեցիք «Առողջության ապահովագրություն» կոչվող գործընթացով: Չեմ թաքցնում. այս տխուր ու աղքատ իրականության մեջ մի փոքրիկ լույսի առկայծումով ուրախացա միայն այն բանի համար,որ վերջիվերջո մենք էլ նկատվեցինք, մեզ էլ հիշեցին:
Այս տարի ես պատրաստվում էի շարունակել պայմանագիրը, բայց, ավա~ղ, մեծ եղավ զարմանքս, հետո` զայրույթս, վերջում` հիասթափությունս, որովհետև ինձ ասացին, որ ինձ «չի հասնում» , քանի որ ես ունեմ ընդամենը տասը ժամ` կես դրույքից մեկ ժամ պակաս:( ՀՀ կառավարության թիվ 169 որոշում)
Հիմա խնդրում եմ պատասխանեք, պարոնա՛յք.
1. Ո՞ւմ գլխում է այդ «հանճարեղ» միտքը ծագել, որ տասնմեկ ժամ ունեցող ուսուցիչը բժշկական ապահովագրության կարիք ունի, իսկ տասը ժամ ունեցողը չունի: Տրամաբանություն կա՞: Հիմնավորե՛ք, խնդրում եմ:
2. Մի՞թե արդար ու անաչառ մոտեցում է: Հաշվի՛ առեք այն հանգամանքը, որ ես ու իմ նմանները կյանքի լուսավոր տարիները նվիրել ենք մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, այժմ էլ նույն եռանդով աշխատում ենք չնչին ու նվաստացուցիչ աշխատավարձով:
3. Ի՞նչ եք կարծում, մարդը, թեկուզ ուսուցիչ է, հիվանդանալու, բուժվելու և ընդհանրապես ապրելու իրավունք չունի՞. ձեր որոշումից (թիվ 169) դա է բխում:
4. Ինչ եք առաջարկում ինձ ու իմ նմաններին, ովքեր, հավատացե՛ք ,մեծ թիվ են կազմում: (Այսօր դպրոցում աշխատող ուսուցիչների մեծ մասի տարիքը հիսունհինգից անց է):
Չմոռանամ հիշեցնել, որ քիչ դասաժամով աշխատելը ոչ թե քմահաճույք է, այլ դառը իրականություն, եթե տեղյակ չեք, տեղեկացնեմ. աշակերտների թիվը օբյեկտիվ և այլ պատճառներով պակասել է:
Կարծում եմ, կարողացա ներկայացնել իմ պահանջը:
Ակնկալում եմ ձեր ողջամիտ և հանգամանալից պատասխանը ստանալ:

Ռուզան Ասոյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս