ԿԸՀ նախագահ, «Հայկական Ժամանակի» նախկին աշխատակից Վահագն Հովակիմյանի հայտարարագրած ողջ անշարժ գույքը նվիրատվություն է
168.am-ը հայտարարագրեր շարքի հերթական հրապարակմամբ անդրադարձել է ինքն իրեն քվեարկելով ԿԸՀ նախագահ ընտրված Վահագն Հովակիմյանին:
2022 թ. հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում բացառապես ՔՊ ձայներով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վահագն Հովակիմյանը: Ի դեպ, այդ ընտրության հարցում իր համար որոշիչ եղավ նաև հենց սեփական ձայնը:
Ընտրությունից չորս օր առաջ իշխանական պատգամավորը դուրս էր եկել «Քաղաքացիական պայմանագրից», որպեսզի համապատասխանի անկուսակցական լինելու օրենքի պահանջին, ապա ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրվել հենց նույն խմբակցությունից՝ ՔՊ-ից:
Նույն կուսակցության իր նախկին ընկերների ջանքերով ավելի վաղ առաջարկված օրենսդրական փոփոխությունների շնորհիվ էլ ԿԸՀ նորանշանակ նախագահը նշանակվելու օրից ստանում է բարձրացված՝ 925 հազար դրամի չափով աշխատավարձ:
2023 թվականին ներկայացված 2022 թվականի իր հայտարարագրի համաձայն՝ Վահագն Հովակիմյանը միանձնյա սեփականության իրավունքով շարունակել է տնօրինել Երևանի Աջափնյակ համայնքում 2020 թ. դեկտեմբերի 7-ին նվիրատվության եղանակով ստացած կառույցը (ըստ հայտարարագրի՝ կառույցի բնութագիրն է. նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները):
Դարձյալ նույն տարեթվին, նույն համայնքում նորից նվիրատվությամբ ձեռք բերված միանձնյա սեփականություն հանդիսացող հողին ամրակայված այլ անշարժ գույք և երկու հողամաս:
Ինչ խոսք, 2020 թվականը բավականին հաջողակ տարի է եղել Վահագն Հովակիմյանի համար, քանի որ ունեցել են առատաձեռն նվիրատու, որի մասին, ի դեպ, պաշտոնյան հայտարարագրում լռել է:
2021 թվականի օգոստոսին Հովակիմյանը գնել է «Նիսան» մակնիշի մեքենա: Տարեսկզբին նրա բանկային դրամական միջոցները կազմել են 6010 ԱՄՆ դոլար և 431 հազար դրամ, տարեվերջին՝ 6000 դոլար և 335 հազար դրամ:
Առկա կանխիկ գումարը տարեսկզբին կազմել է 500 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 2 միլիոն դրամ:
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են շուրջ 9 միլիոն 181 հազար դրամ, որը Վահագն Հովակիմյանը ստացել է ԱԺ-ից՝ մինչև ԿԸՀ նախագահ ընտրվելը՝ 6 միլիոն 142 հազար դրամի չափով, և ԿԸՀ-ից՝ 3 միլիոն 39 հազար դրամի չափով:
Հայտարարատու պաշտոնատար անձը նաև հայտարարագրել է 100 տոկոս բաժնեմաս`«Հովակիմյաններ Ն.Մ.» առևտրային կազմակերպությունում, որի գործունեությունն, ըստ ՊԵԿ-ի, ժամանակավորապես դադարեցված է:
Վահագն Հովակիմյանի կինը՝ անհատ ձեռնարկատեր Լուսինե Մովսիսյանը, հայտարարագրում որևէ տեղեկություն չի հայտնել՝ այդ կերպ շրջանցելով ամուսնու կողմից այդքան սիրելի «թափանցիկ» բառը:
Նկատենք՝ հարազատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատեհ առիթով լքած գործիչն այդ կուսակցության հիմնադիրներից էր, նաև՝ վարչության անդամ: Առհասարակ, Վահագն Հովակիմյանի աշխատանքային գործունեությունն ուղղակի առնչվում է Նիկոլ Փաշինյանի հետ. ԿԸՀ նախագահը «Հայկական Ժամանակ» թերթի լրագրող էր, ապա՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական, հետագայում՝ իշխող ուժի պատգամավոր:
ԿԸՀ նախագահի պաշտոնում իր նախկին աշխատակցին առաջադրելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն ասել էր.
«Պատճառները կարող են տարբեր լինել, բայց, օրինակ, Վահագն Հովակիմյանը իր ողջ գործունեության ընթացքում պայքարել է ընտրությունների արդարության համար, և նա մի քաղաքական թիմի ներկայացուցիչ է, ում կառավարման օրոք Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրությունները միջազգային հանրության կողմից որակվել են որպես ազատ, ժողովրդավարական, մրցակցային»: