«Ասենք՝ ո՞ւմ ընտրեինք». Փաշինյանը՝ ՔՊ-ական Վահագն Հովակիմյանին ԿԸՀ նախագահ ընտրելու մասին

«Բանակցային գործընթացի նրբությունների վերաբերյալ տեղեկատվությունը կիսելու և քննարկումներ ունենալու իմ պատրաստակամությունը շարունակում է մնալ ուժի մեջ: Ես համոզված եմ, որ այն ամբողջ տեղեկատվությունը, որ կա բանակցային գործընթացի մասին, որևէ մեկին այդ տեղեկատվությանը ծանոթանալուց հետո հիմք չի տա ասել, որ մենք ՀՀ շահերին հակասող որևէ գործողություն ենք ձեռնարկել»,-Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով ընդդիմության՝ խորհրդարան վերադառնալու մասին խոսակցությանը, ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ընդդիմության իրավունքն է և՛ մասնակցելը, և՛ չմասնակցելը, իհարկե, որոշակի օրենսդրական կարգավորումներ կան: Այդ թեման այնքանով է ինձ առնչվում, որ ինչպես նախկինում ես պատրաստակամություն եմ հայտնել լինել հաղորդակցության մեջ, քննարկել և կիսել տեղեկատվության այն մասը, որը հրապարակային չեմ կարող ասել ոչ թե նրա համար, որ մեր ժողովրդից որևէ գաղտնիք կա, այլ ուղղակի հասկանալիորեն, դիվանագիտական կոռեկտությունը չխախտելու նկատառումով…»,-ասաց Փաշինյանը:

Նա անդրադարձավ նաև իր թիմակից Վահագն Հովակիմյանի ԿԸՀ նախագահի պաշտոնում նշանակվելուն.

«Պատճառները կարող են տարբեր լինել, բայց օրինակ՝ Վահագն Հովակիմյանը իր ողջ գործունեության ընթացքում պայքարել է ընտրությունների արդարության համար, և նա մի քաղաքական թիմի ներկայացուցիչ է, ում կառավարման օրոք Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրությունները միջազգային հանրության կողմից որակվել են որպես ազատ, ժողովրդավարական, մրցակցային:

Կարդացեք նաև

Վահագն Հովակիմյանը ԿԸՀ նախագահ նշանակվել է ի նշան այն բանի, որ սա մեր քաղաքական հանձնառությունն է և մենք այդ հանձնառությունը շարունակելու ենք կրել: Սա հարցի քաղաքական հատվածը, բայց ասենք՝ ո՞ւմ ընտրեինք»:

Դիտարկմանը՝ մեկին, որը ՔՊ-ից չի եղել, նա արձագանքեց.
«Ինչո՞ւ ՔՊ անդամ եղած մարդը, որը ինքը անձամբ իր ողջ գիտակից կյանքում պայքարել է հանուն ընտրությունների արդարության և ժողովրդավարության, սկսած՝ 1996 թվականից, և այն քաղաքական թիմի ներկայացուցիչը, ում օրոք որևէ ընտրության լեգիտիմությունը կասկածի տակ չի դրվել, ինչո՞ւ չի կարող այդ պատասխանատվությունը ստանձնել»:

Տեսանյութեր

Լրահոս