Իրանում ալկոհոլային թունավորումից տուժածների թիվը հասել է 175-ի, կան զոհեր
Իրանի հյուսիսային Ալբորզի նահանգում սուռոգատային ալկոհոլից թունավորման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, տուժածների թիվը՝ 175-ի: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այս մասին հայտնել է նահանգի Բժշկական գիտությունների համալսարանի նախագահ Շահրամ Սայադին։
«Երեքշաբթի օրվա՝ խորդադի 30-ի (խմբ.՝ համապատասխանում է Գրիգորյան տոմարով հունիսի 20-ին) առավոտվա դրությամբ՝ Ալբորզում մեթանոլից թունավորվածների թիվը հասել է 175-ի: Այս պահի դրությամբ մահացել է 13 մարդ։ Եվս 5-ը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում», – մեջբերել է նրա խոսքը ISNA գործակալությունը։
Սայադին նշել է նաև, որ թունավորումից հետո հոսպիտալացման կարիք ունեցողների ընդհանուր թիվը 35 է. նրանք ստանում են անհրաժեշտ օգնություն։
Հունիսի 19-ին հաղորդվել էր Ալբորզում սուռոգատային ալկոհոլից թունավորման հետևանքով 12 զոհի և ավելի քան 150 վիրավորի մասին։ Tasnim գործակալության տվյալներով` անցած շաբաթ Ալբորզի Քերեջա քաղաքի մի քանի բնակիչներ ծանր թունավորման ախտանիշներով տեղափոխվել են բժշկական հաստատություններ։ Բժիշկները պարզել են, որ հիվանդները թունավորվել են կեղծված ալկոհոլից։
Իրանի իրավապահ մարմինները պարզում են, թե ինչպես կարող էր այն հայտնվել շուկայում: Ալկոհոլի արտադրությունը, վաճառքը և գործածումն Իրանում արգելված է 1979 թվականի Իսլամական հեղափոխության ժամանակներից: