Փոքրիկ Ալենը, նրա ընկերները և պետության անտարբերությունը (տեսանյութ, լուսանկարներ)

Փետրվարի 26-ին «168 Ժամ» թերթում և 168.am կայքում հրապարակված «Փրկենք փոքրիկ Ալենին… իր իսկ ընտանիքից» վերնագրով հոդվածը և պատրաստված տեսանյութը 2 տարեկան փոքրիկ Ալենի մասին էր, ով ապրում է 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող տատիկի՝ Անահիտ Հարությունյանի և ալկոհոլիկ մոր՝ Նարինե Հարությունյանի հետ:

Մեր այցելության օրը երեխան գտնվում էր ծայրաստիճան անպաշտպան վիճակում: Ավելի քան երկու շաբաթ մենք հետևողական ահազանգում էինք երեխայի կյանքին սպառնացող վտանգի մասին: Փետրվարի 26-ին Ալենի մորը կրկին հարբած վիճակում գտնելուց հետո, այլևս իրավիճակից ելք չտեսնելով, ահազանգեցինք ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն տարածքային ստորաբաժանում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանին: Հաջորդ օրն առավոտյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը Ալենի խնդրի վերաբերյալ նիստ հրավիրեց, որի ընթացքում որոշվեց երեք օր ժամանակ տալ երեխայի մորը՝ Նարինե Հարությունյանին, մայրական պարտականությունները պատշաճ կատարելու և իր կենսակերպը վերանայելու համար: Հակառակ պարագայում հանձնաժողովը ձեռնամուխ կլինի կազմակերպել նրան մայրական իրավունքից զրկելու ընթացակարգը: Ի դեպ, նիստի ընթացքում ստորագրվել է մի փաստաթուղթ, համաձայն որի՝ Ոստիկանության, վարչական շրջանի, քաղաքապետարանի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված «Փրկենք Ալենին» խմբի մի քանի ներկայացուցիչներ պարտավորվել են ամենօրյա այցելություններ կատարել, հսկել, օգնել այս ընտանիքին՝ ամեն ինչ վերանայելու, իրավիճակից դուրս գալու համար: Երեկ մենք թեև փորձեցինք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահի հետ հարցազրույց անցկացնել՝ արձանագրելու համար, թե ինչ աշխատանք է կատարվում, այդուհանդերձ չստացվեց: Սկզբում նա մեզ հրավիրեց թաղապետարան` հարցազրույցի, սակայն մեկ ժամ անց «փոշմանելով»` ասաց, թե չի կարող դա անել` մեզ ուղղորդելով քաղաքապետարան: Մենք նաև փորձեցինք ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի վարչությունից թույլտվություն ստանալ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն ստորաբաժանման ներկայացուցիչների հետ հարցազրույց անցկացնելու վերաբերյալ՝ պարզելու, թե մեր ահազանգին հաջորդող գործողությունները որո՞նք են եղել, և ի՞նչ են պատրաստվում անել: Թեև խոստացան, այդուհանդերձ, մինչև երեկո մենք չստացանք որևէ տեղեկություն: Սա` այն մասին, թե որքանո՞վ են պետական համապատասխան կառույցները պատրաստակամ տեղեկատվություն փոխանցել ընդամենը 2 տարեկան երեխայի մասին, որի ճակատագրի հարցը դրված է իրենց սեղանին, բայց որով հետաքրքրված են մեր հանրապետության, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում բնակվող հազարավոր մեր հայրենակիցները: Կամ, թե որքանո՞վ են կարևորում պետական համապատասխան մարմիններն ընդամենը 2 տարեկան ՀՀ քաղաքացու ճակատագրի հարցը, որը դրված է իրենց սեղանին:
Երեկ կեսօրից մինչ երեկո մենք գտնվել ենք Նարինեի տանը, որն արդեն իսկապես տան տեսք էր ստացել, այլ ոչ թե խորդանոցի, ինչպես մի քանի օր առաջ էր: Սկսենք նրանից, որ նա, երկու օր է, ընդհանրապես ալկոհոլ չի օգտագործում և վստահեցնում է, որ դրա կարիքը նույնիսկ չի զգում: Մեզ հետ զրույցում Նարինեն բավական անկեղծացավ՝ ասելով, որ 2 տարի է, ինչ հարբեցողությամբ է զբաղվում՝ ունենալով դրդապատճառներ. «Ես ահավոր կարիքների մեջ եմ եղել: Երբ երեխաս հաց չէր ունենում, ոչինչ չէի կարողանում անել, ուզում էի ցավ չզգալու համար խմել: Որ խմում էի՝ թեթևանում էի: Ես շատ քիչ դեպքերում եմ ինքս գնել, որովհետև փող չկար: Ինձ հիմնականում հյուրասիրել են, ու, եթե ուտելիք էլ են տվել՝ բերել եմ Ալենին: Ես սխալ կյանքով եմ ապրել, բայց ցանկացել եմ դուրս գալ: Հասկանո՞ւմ եք, ես մենակ էի ու անօգնական: Քիչ առաջ քեռուս կնոջ հետ էի խոսում, ասում ա՝ սա քո շանսն ա, էսքան մարդ քեզ «պադերժկա» ա անում, դու կյանքդ փոխելու հնարավորություն ունես: Ինձ սրտացավ մարդիկ բոլորն ուրախացել են, որ էլ չեմ խմում, բայց սա ժամանակավոր չի, ես ինքս իմ համար որոշում եմ կայացրել: Հիմա այսքան մարդ իմ կողքին ա, ինձ աջակցում են, հույս են տալիս: Ես իսկապես ուզում եմ կյանքս փոխել: Խնդրում եմ, բոլորին ասեք, որ ես ուզում եմ փոխվել, ու իրանք ինձ շատ են օգնում: Պարզ ա, որ ինձ չհավատացողներ կլինեն, բայց չեմ կարող հավատացնել, կապացուցեմ»: Այն, որ Նարինեն սթափ վիճակում կարողանում է իրավիճակը գնահատել և կյանքը վերանայելու լուրջ քայլեր է կատարում՝ փաստ է, ամեն դեպքում մեզ հետ զրույցում նա անկեղծ էր: Նա նաև մարդկանց խնդրում էր իր կողքին լինել: Այն, ինչին երեկ մենք ականատես եղանք, թվում է անհավանական, քանի որ իսկապես այս կնոջ մեջ ապրելու, որդուն խնամելու, տնային լավ տնտեսուհի լինելու մեծ կամք կա: Նարինեն մեզ հավաստիացրեց, որ պատրաստ է գնալ բուժհաստատություն և երկարատև բուժում ստանալ լյարդի ցիռոզի, ինչպես նաև, եթե անհրաժեշտություն լինի՝ ալկոհոլիզմի դեմ։ Չնայած դրան, վստահեցնում էր, որ կախվածություն չի զգում:

luss2 Luss1 Luss3 Luss4
Ինչևէ, այն, ինչին երեկ մենք ականատես եղանք, մեր իրականության մեջ բոլորովին անիրական է թվում: Մեր հրապարակումից հետո ստեղծված՝ «Փրկենք Ալենին» ֆեյսբուքյան խմբի անդամներն ամեն օր առավոտից իրիկուն հսկում են Նարինեի տունը, նաև օգնելով կենցաղային, հոգեբանական, երեխայի խնամքի հարցերում: Երեկ մենք համոզվեցինք, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ պարզապես պատրաստ են ամեն օր այցելելով` ոչ միայն օգնել, այլև քաջալերել այս ընտանիքին՝ ճահճից դուրս գալու համար: Նարինեի տուն եկավ Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներից Տեր Սմբատը` երկար զրուցելով և իր օգնությունն առաջարկելով նրան: Տեր հայրը Նարինեին խորհուրդ տվեց որդու հետ այցելել եկեղեցի և մասնակցել պատարագներին: Այն, ինչ երեկ տեղի ունեցավ՝ շատ հուզիչ էր, և նույնիսկ նկարագրելը դժվար է: Մեր այցելության ժամանակ նրանց տուն եկան «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի ներկայացուցիչները՝ իրենց հետ բերելով մեծ քանակությամբ սննդամթերք, երեխայի համար նվերներ, անհրաժեշտ պարագաներ, հագուստ, խաղալիքներ և այլն: Նրանք անմիջապես գնացին Նարինեի բնակարանի կոմունալ վճարումները կատարելու: Թեև մի մասն արդեն մարվել էր տարբեր քաղաքացիների կողմից, այնուամենայնիվ, «Մոսկվիչկայի» ներկայացուցիչները մարեցին մնացած պարտքերը՝ առաջիկա ամիսների համար նույնպես մեծ գումար թողնելով նրանց հաշվին: «Փրկենք Ալենին» խմբի անդամները նաև շատ քաղաքացիների աջակցությամբ նախաձեռնեցին տան սանհանգույցի վերանորոգման աշխատանքները և երեկ արդեն ավարտին հասցրեցին: Երեկ նաև խմբի անդամների հետ կապ էին հաստատել ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից՝ խոստանալով այցելել Նարինեի ընտանիքին: Բացի այդ, նրանք պատրաստակամություն էին հայտնել գումարով օգնել: Որոշակի աշխատանքներ կատարվեցին նաև ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի փոխանցած գումարով: Երեկ երկար ժամանակ այս տանը գտնվելով՝ մենք հասկացանք, որ Նարինեն շատ մեծ բարդություն ունի իր հարբեցող շրջապատից հեռանալու համար: Մենք ականատես եղանք, թե ինչպես ալկոհոլ օգտագործած երկու տղամարդիկ ցանկանում էին մուտք գործել նրա տուն: Չիմանալով, թե ովքե՞ր ենք մենք՝ նույնիսկ վիճաբանություն ստեղծեցին, այնպես, որ բանը հասնում էր ծեծկռտուքի: Մեր սպառնալիքին ի պատասխան, որ ստիպված կլինենք ահազանգել Ոստիկանություն`՝ նրանք փոքր-ինչ հանդարտվեցին, սակայն երկար ժամանակ չէին հեռանում տարածքից: Բնականաբար, նրա տուն այդ մարդկանց ներխուժելու գործողությունները շարունակվելու են, սակայն Նարինեի տանը գտնվող կամավորները երիտասարդներ են, և չի բացառվում, որ նրանց ներքաշեն վիճաբանության մեջ: Համենայն դեպս, երեկվա մեր «պայքարը» կարող էր տխուր ավարտ ունենալ թե՛ մեր, թե՛ այդ երկու անձանց համար: Այս պարագայում Ոստիկանությունն անելիք ունի:
Այս ամբողջ պատմության մեջ ամենացնցող երևույթն այն է, որ, ինչպես` «Փրկենք Ալենին» խմբում, այնպես էլ` մեր խմբագրություն ամեն ժամ, ամեն րոպե զանգահարում են աշխարհի տարբեր երկրների և տեղացի մեր քաղաքացիները՝ պատրաստակամություն հայտնելով երեխային աջակցել: Մարդիկ չեն վարանում անգամ լինել Նարինեի կողքին, եթե իսկապես հույս կա, որ երեխան ապահով կլինի մոր հետ ապրելու ընթացքում: Բազմաթիվ երիտասարդներ խոստանում են ընկերանալ, բարեկամանալ այս կնոջ հետ, ստեղծել նոր միջավայր, փոխել նրա օրը, զբաղմունքը, մի խոսքով՝ լինել նրա կողքին: Թե՛ Հայաստանում, և թե՛ Հայաստանից դուրս ապրող բազմաթիվ մարդիկ` անհանգստացած փոքրիկ Ալենի ճակատագրի համար, տարբեր քայլեր են ձեռնարկում՝ նրան օգնելու համար: Թե որքան մարդ է օր ու գիշեր անհանգստանում այս ճակատագրով՝ թող հաշվեն բոլոր այն մարդիկ և պետական կառույցների ներկայացուցիչները, ովքեր երկու տարի շարունակ տեղյակ են եղել, որ Ալենն ապրում է ծայրահեղ աղքատության, սովի մեջ, անպաշտպան, և անբարոյականների, հարբեցողների որջի վերածված տան մեջ, սակայն նրան օգնելու արագ քայլեր են ձեռնարկում միայն այն բանից հետո, երբ լրատվամիջոցը երեխային հայտնաբերում, փաստերը բացահայտում, ծամում-դնում է իրենց բերանը: Զավեշտալին այն է, որ այսօր էլ այս ընտանիքի անդամներն իրենց սպառնացող վտանգի կամ իրենց խնդիրների համար անմիջապես դիմում են «Փրկենք Ալենին» խմբի կամավորներին, այլ ոչ թե՝ թաղապետարանին, քաղաքապետարանին, նախարարություններին կամ Ոստիկանությանը:
Ուշ երեկոյան «Փրկենք Ալենին» խմբի անդամները տեղեկացրին, որ մի քանի հարբեցող ու անբարոյականներ փորձում են ներխուժոլ Նարինեի տուն, և իրենք չեն կարողանում վռնդել նրանց: Նորից վիճաբանություն է բռնկվել, և երիտասարդներն ի վիճակի չեն նրանց բռնի ուժով դուրս հրավիրել: Ոստիկանությանը հիշեցնում ենք, որ այդ տանը հիմա Նարինեի հետ են երիտասարդ աղջիկ և տղա կամավորներ, որոնց անվտանգությանը նույնպես սպառնում են այդ տուն ելումուտ անողները: Խմբի անդամների ահազանգից հետո օպերատիվ խումբ է ուղարկվել, բայց հիշեցնում ենք, որ Ոստիկանությունից խոստացել էին տարածքը խստորեն հսկել: Իսկ Նարինեի տանը գտնվող երիտասարդները կամավորներ են՝ կրիմինալիստներ չեն: Նաև հիշեցնում ենք, որ իրականում այս ամբողջ գործողությունները պարտավոր են կատարել Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամները, ովքեր հավանաբար արդեն մուշ-մուշ քնած են:

Հ.Գ. Ցավոք սրտի, որպես լրագրող, Հայաստանում, բացի լրագրողական աշխատանք կատարելուց, ստիպված ես որոշումներ կայացնել այլ մարդկանց ճակատագրերի հետ կապված: Որովհետև որևէ պետական հասարակական կառույց, որը կոչված է լուծել այդ խնդիրները, մսխելով պետական և այլ միջոցները՝ անգործությամբ են զբաղված: Լրագրողի մասնագիտությունն ընտրելիս, անկեղծ ասած՝ ինձ չեն ասել, որ ես ստիպված եմ լինելու և նույնիսկ պարտավոր եմ ուրիշների համար ճակատագրական հարցերում որոշումներ կայացնել: Ես չգիտեմ՝ ինչպե՞ս վարվել, երբ երեխայի կյանքը վտանգի տակ է՝ իր իսկ հարազատ մոր պատճառով, բայցև, հասկանում եմ, որ երեխային մորից զրկելն ավելի հրեշավոր երևույթ է: Ես չգիտեմ՝ ինչպե՞ս «կռվել» երկու տարեկան անպաշտպան երեխային մոտեցող հարբեցողների հետ, ինչպե՞ս վռնդել երեխայի կյանքը դժոխքի վերածող անբարոյականին, ու ի՞նչ անել, երբ նույնիսկ հոգեբանորեն, ֆիզիկապես այլևս անկարող եմ անդրադառնալ այս թեմային, բայցև պարտավոր եմ:

Ու անկեղծ ասած՝ ես հոգնել եմ ինը տարի շարունակ թաղապետարանների, Սոցապ ու Առողջապահության նախարարությունների, քաղաքապետարանի, «Փարոս»-ների, տարբեր հասարակական կազմակերպությունների փոխարեն` անվերջ աշխատել: Ուրեմն, թեկուզև կոպիտ հնչի, թույլ եմ տալիս ինձ այդ կառույցներին ասել՝ կամ ռադներդ քաշեք, կամ բարեխիղճ աշխատեք:

Տեսանյութեր

Լրահոս