Փրկենք փոքրիկ Ալենին… իր իսկ ընտանիքից (տեսանյութ, լուսանկարներ)
Մեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված՝ «Ո՞նց, էսօր ընտրություն ա՞» հրապարակումը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի 62 հասցեում բնակվող Անահիտ Հարությունյանի ընտանիքի մասին էր: Հիշեցնենք, որ մեր այցելության ժամանակ նրա երկու տարեկան թոռնիկին հայտնաբերել էինք սարսափելի վիճակում: Երեխան ցրտից կապտած, անշարժացած էր: Երեխայի մայրը տանը չէր: Այդ օրը նրան թեև երկար սպասեցինք, այնուամենայնիվ, այդպես էլ մեզ չհաջողվեց տեսնել: Մենք ականատես ենք եղել մի տեսարանի, երբ երեխան՝ Ալենը, ուղիղ մեկ ժամ ցրտից անշարժացած գամվել էր բազմոցին և ընդհանրապես որևէ շարժում կատարելու ունակ չէր: Եվ, չնայած երեկոյան ժամ էր, երեխան ոչինչ չէր կերել: Ալենի մորն այդ օրը տեսնելու մեր պնդումներն ապարդյուն էին. նա այդպես էլ չհայտնվեց, իսկ մեր հեռախոսազանգին ի պատասխան՝ ասաց, թե ուրիշի տուն է մաքրում և չի կարող աշխատանքը թողնել-գալ: Մեր այցելության օրը լուսանկարել էինք նաև խոհանոցի սեղանի տակ լցրած ալկոհոլի դատարկ շշերը: Մեր հարցին, թե արդյոք տանը խմող կա՞՝ պատասխանել էին՝ չկա, և իբրև թե դրանք դրսից հավաքած շշեր են, որոնք հանձնելով՝ հացի գումար են վաստակում:
Ինչևէ, մեր թերթի այդ հրապարակմանն, ինչպես միշտ, արձագանքեցին բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց օգնությունն առաջարկեցին երեխային: Թեև ամբողջ հրապարակումն ահազանգ էր երկու տարեկան անպաշտպան երեխայի մասին, ով ամեն օր սովի է մատնվում, սոցիալական ծանրագույն և անտարբերության մատնված պայմաններում է ապրում, այդուհանդերձ, պետական համապատասխան, այդ թվում՝ երեխաների պաշտպանությամբ զբաղվող կառույցներից արձագանք չստացվեց: Այդ օրը նրանք բոլորը զբաղված էին հույժ կարևոր գործով՝ նախագահական ընտրություններով: Երեխայի ճակատագրի մասին բարձրացված հրատապ այդ խնդրին չարձագանքեցին նաև համայնքային կառույցներից, երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական բազմաթիվ կազմակերպություններից: Մեր հրապարակման մեջ կոնկրետ փաստեր էինք մատնանշել այն մասին, որ երեխան օրվա մեծ մասն անցկացնում է էպիլեպսիայով հիվանդ տատիկի հետ, ով հաճախակի ցնցումների մեջ է ընկնում և հատուկ դեղորայք է ընդունում:
Ինչևէ, այս հրապարակմանն արձագանքեցին մեր հայրենակիցներից շատերը՝ ձեռք մեկնելով ոչ թե ընտանիքին, այլ անհուսալի վիճակում գտնվող երեխային: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացված «Փրկենք Ալենին» խմբի անդամները, համախմբվելով, բավական մեծ օգնություն ցուցաբերեցին նրանց, սկսած՝ սնունդից, հագուստից, կահույքից և երեխայի համար անհրաժեշտ բոլոր պարագաներից, վերջացրած՝ սանհանգույցի և տան վերանորոգման հարցերը լուծելով: Արդեն մեկ շաբաթ է՝ ֆեյսբուքյան այս խմբի անդամներն այցելում են փոքրիկ Ալենին և, մեծ աջակցությունից բացի, նրան կերակրում են, խնամում են, նույնիսկ՝ լողացնում են: Ամենասարսափելին, սակայն, այն է, որ այս երիտասարդները 2 տարեկան փոքրիկի մորն, արդեն քանի օր է, հայտնաբերում են հարբած վիճակում: Նշենք նաև, որ պարզվել է՝ երեխայի ձեռքերը ցրտահարված են: Երկու տարեկան Ալենն ընդհանրապես չի խոսում, փոխարենը՝ միայն բղավում, լաց է լինում ու ցավից ճչում է: «Փրկենք Ալենին» խմբի անդամները պատահական ացելությունների ժամանակ Ալենի մորը՝ Նարինեին, հարբած գտնելուց բացի՝ նրանց տանը ևս մի քանի հարբեցողների, այսպես ասած՝ խրախճանքին են ականատես եղել: Ընդ որում, նույնիսկ այդ պայմաններում երեխան կրկին եղել է թաց շորերով, անփույթ ու անօգնական վիճակում:
«Փրկենք Ալենին» խմբի անդամների փոխանցած տեղեկություններին ծանոթանալուց հետո երեկ մենք կրկին այցելեցինք Դրոյի 62 բնակարան: Նախ՝ նշենք, որ այդ փողոցում մենք փոքրիկ հարցախույզ անցկացրեցինք և պարզեցինք անհավանական փաստեր: Ընտանիքի հարևանությամբ ապրող բնակիչները (հասկանալի պատճառներով՝ նրանց անունները չենք հրապարակում) ոչ միայն պնդեցին, այլև հավաստիացրին, որ այդ տունը հարբեցողների, անբարոյականների որջ է, և պետք է երեխային շտապ հեռացնել նրանցից: Դրոյի 62 հասցեի բնակիչները մեզ հետ զրույցում պատմեցին, որ Ալենի մայրը՝ Նարինեն, և տատիկը՝ Անահիտը, երեխայի խնամքով չեն զբաղվում, նրան մատնել են անտարբերության, և միակ խորհուրդը, որ մեզ տալիս էին՝ «Երեխուն փրկեք, մեղք ա…»: Նույն բանը պատմեց տարածքի խանութի աշխատակիցը՝ հավաստիացնելով, որ նախկինում Նարինեն մշտապես պարտքով օղի է խնդրել, բայց հիմա աշխատակիցն այլևս հրաժարվում է նրան ալկոհոլային խմիչք տալ: Ինչևէ, երեկ մենք ստիպված եղանք կրկին երկար ժամանակ Նարինեին սպասել: Թեև մայրը՝ Անահիտը, մեզ վստահեցնում էր, թե նա գնացել է ատամնաբուժարան, այդուհանդերձ, Նարինեին գտնելը գրեթե անհնար էր: Նաև տեղեկացանք, որ նա տառապում է լյարդի ցիռոզ հիվանդությամբ: Ի դեպ, մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ թե՛ Նարինեն, թե՛ Անահիտը Ալենին ծեծի են ենթարկում: Ամեն դեպքում, երեխայի այտին սպի կար, իսկ ձեռքերի կարմիր հետքերը տատիկը փորձում էր ներկայացնել՝ որպես վառարանին դիպչելու արդյունքում առաջացած այրվածք: Թեև Անահիտը պնդում էր, որ ինքը հոգեմետ դեղորայք է օգտագործում, և ալկոհոլային խմիչքն իրեն հակացուցված է, այդուհանդերձ, խանութի աշխատակիցը վստահեցրեց, որ երեխայի տատը նույնպես անհույս հարբեցող է: Տեղեկացնենք, որ Անահիտը հոգեմետ դեղորայք է ընդունում, և ոչ ոք չի կարող վստահ լինել, որ այդ դեղորայքը երեխայի ձեռքը չի ընկել, և ոչ ոք չի կարող նաև վստահ լինել, որ անդադար գոռացող երեխային լռեցնելու համար նրան ալկոհոլային խմիչք չի տրվում: Այն, ինչին երեկ մենք տեղեկացանք տարածքի բնակիչներից՝ սարսափելի էր, և կարծում ենք, որ այդ փաստերի ուսումնասիրությամբ պետք է զբաղվի Ոստիկանությունը:
Թե ինչպես այսօր դեպքերը զարգացան՝ ուղղակի դժվար է նկարագրել: Նարինեն երկար փնտրտուքից և երկար սպասեցնելուց հետո հայտնվեց, բառիս բուն իմաստով՝ ճոճվելով: Սարսափելի հարբած, անբարոյականի կերպարանքով այս կինը հրճվանքով պատմեց, որ ոչ թե գնել է խմիչքը, այլ՝ իրեն «պատիվ են տվել»: Նրա հետ զրույցից հետո մենք համոզվեցինք, որ երեխային անհրաժեշտ է անհապաղ հեռացնել այս երկու կանանցից: Չի բացառվում, որ նրանք մի շարք հիվանդությունների կրող են և կարող են երեխային պարզապես վարակել տարբեր հիվանդություններով: Հինգ րոպե այս «անուղեղ» կնոջ հետ խոսելուց հետո մեզ այլ բան չէր մնում, քան ահազանգել ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն տարածքային ստորաբաժանում և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանին: Մեր ահազանգին անմիջապես արձագանքելով՝ Դրոյի 62 եկավ Ոստիկանության օպերատիվ խումբը՝ անձամբ քրեական բաժնի պետի գլխավորությամբ: Երեխային մանկատուն հանձնելու մասին լսելուց հետո Նարինեն սկսեց սպառնալ, որ ինքն իրեն կվնասի, ինքնասպանություն կգործի: Մինչ օպերատիվ խմբի ներկայացուցիչները մուտք կգործեին նրանց տուն՝ երեխայի ձեռքն արյունոտված էր: Մայրն ասել էր, թե պատահականություն է, թիթեղյա տարան է պատռել, բայց դատելով այս կնոջ ոչ ադեկվատ վիճակից, ամեն ինչ կարելի էր սպասել: Այնուամենայնիվ, ոստիկանական խումբը որոշակի պարզաբանումներից հետո Անահիտին և Ալենին ուղեկցեց բուժհաստատություն՝ երեխային զննելու համար, իսկ մորը՝ ոստիկանական բաժանմունք: Մենք միայն տեղեկացանք, որ Ոստիկանության աշխատակիցներն ամիսներ առաջ այս տանը կրկին եղել են, սակայն՝ դանակահարության ինչ-որ դեպքի առիթով: Քրեական բաժնի պետը մեզ խոստացավ խիստ հսկողության միջոցով փորձել ընտանիքի անդամներին կարգի հրավիրել՝ նշելով, որ իրավապահ մարմինը երեխային մանկատուն հանձնելու լիազորություն չունի: Թեև Անահիտին և Ալենին ոստիկաններն ուղեկցեցին Ոստիկանության բաժանմունք և բուժհաստատություն, այդուհանդերձ, Սոցապ նախարարության ներկայացուցիչը մեզ տեղեկացրեց, որ վաղը ժամը 11:00-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովն Ալենի խնդրով նիստ է իրականացնելու: Նա անմիջապես գնացել էր Ոստիկանություն, և հեռախոսազրույցի ընթացքում որոշ տեղեկություն մեզ փոխանցեց. «Մայրը հարբած չի եղել, խմած էր: Երեխային մանկատուն հանձնելուց հրաժարվեց՝ սպառնալով ինքնահրկիզում իրականացնել: Մենք չենք կարող առանց մոր համաձայնության՝ երեխային մորից զրկել: Ես որքան գիտեմ, նրանք սոցիալական խնդիր ունեն, և թաղապետարանը մշտապես օգնել է: Ելնելով երեխայի շահից՝ պետք է ամեն ինչ անել, որ ընտանիքի կարգավիճակը փոխվի»։ Անշուշտ, պետք է ամեն ինչ անել երեխային ընտանիքում մեծացնելու համար, բայց դա պետք է արվի ոչ թե ամիսը մեկ՝ 2 կիլոգրամ բրինձ հատկացնելու միջոցով, այլև հետևողական աշխատանքի շնորհիվ: Միայն թե Ալենի մայրն ու տատն այնքան էլ հավատ չեն ներշնչում իրենց կյանքը վերանայելու հարցում, և վարչական շրջանի, քաղաքապետարանի, Սոցապ նախարարության ներկայացուցիչներն այս ընտանիքի պատմությանը նոր չէ, որ պետք է ծանոթանային: Ամեն դեպքում, երեկվա մեր կատարած քայլերը ցույց տվեցին, որ 2 տարեկան Ալենն անպաշտպան է իր իսկ ընտանիքում, և լքված՝ պետության կողմից: ՀՀ-ում բազմաթիվ հ/կ-ներ կան, որոնք միջազգային կառույցներից տարիներ շարունակ խոշոր գրանտներ են ստանում և մսխում, իբր թե՝ «փոքրիկ ալենների» իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու համար, սակայն դրանք, բացի գրանտակերությունից, ուրիշ ոչինչ չեն անում։ Թե ինչպիսին կլինի այս երեխայի ապագան՝ թողնում ենք բոլոր այն պատասխանատուների խղճին, ովքեր ականատես եղան այս սոսկալի ցավոտ պատմությանը: