Բաժիններ՝

Մեկնարկել են ընդունելության միասնական քննությունները

Հունիսի 9-ը քննական է. մեկնարկել է ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլը: Դիմորդները քիմիա և ռուսերեն առարկաներից քննություն են հանձնում: Գիտելիքների ստուգատեսի համար հանրապետությունում ձևավորվել է 15 կենտրոն, որից 4-ը՝ Երևանում: Այս տարի դիմորդների թիվը գերազանցում է 13 հազարը: Առավոտյան 8:30-ից դիմորդները կազմ ու պատրաստ արդեն քննական կենտրոնում են:

«Արմենպրես»-ը տեղում ծանոթացել է քննական կենտրոնում քննության ընթացակարգին և հետևել դիմորդների քննությանը ներկայանալու կարգին:

«Լարվածություն չկա , առաջին քննությունն է, որ լարված չեմ , իրականում քոլեջ ընդունվելիս ավելի էի լարվում, քան հիմա, բայց կարծում եմ, որ սա ավելի կարևոր փուլ է» ,- նշեց դիմորդ Էրիկ Գյոզալյան:

Էրիկը ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ է դիմելու, ապագայում երազում է ատամնաբույժ դառնալ:

«Որոշել եմ դառնալ ատամնաբույժ, քիմիայի ֆակուլտետից հետո դիմելու եմ բժշկական համալսարան, այսինքն, նման քննություն ինձ էլի է սպասվում: Հուսով եմ՝ պատվով կհաղթահարեմ ու կընդունվեմ իմ երազանքների բուհ»,- ասաց նա:

Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոցի 3 քննասենյակներում 139 դիմորդ գիտելիքները ստուգում է քիմիա առարկայից: Մեծ մասը բժշկականի դիմորդներն են: Դիմորդներից Սարգիսն էլ որոշել է գնալ իր երազանքի հետևից, ասում է՝ տան առաջին բժիշկն է լինելու:

«Մի օր նստած էի, որոշեցի՝ շատ եմ ուզում բժիշկ դառնալ: Իմ երազանքն է»,- ասաց դիմորդ Սարգիս Կարապետյանը:

Վերջին տարիներին դիմորդների մասնագիտությունների ցանկը մի փոքր փոխվել է:

«Այս տարի ավելացել են բնագիտամաթեմատիկական ուղղությունները. այդ ուղղություններն ավելի հեռանկարային են, ճշգրիտ գիտություններն էլ՝ տեխնիկական ոլորտի համար»,- ասաց քննական կենտրոնի ղեկավար Արմեն Ասրյանը:

Այս տարի քիմիա առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 1154 դիմորդ , 292-ն էլ՝ ռուսաց լեզվի համար, բայց ոչ բոլորն են քննությանը ներկայացել: Եթե նախկինում դիմորդները կարող էին բժշկից տեղեկանք բերել ու երկրորդ փուլին մասնակցել, ապա վերջին տարիներին կարգը փոխվել է:

«Քննությունների մեկնարկը տրվում է ռուսաց լեզու և քիմիա առարկաներով: Քննություն հանձնողների նախնական թիվն էլ 1446-ն էր: Քննությունները եզրափակվելու են պատմություն և ֆիզիկա առարկաներով՝ հունիսի 27-ին»,- նշեց քննական կենտրոնի ղեկավարը:

Թեստերի ճիշտ պատասխանները կհրապարակվեն քննության ավարտից մի քանի ժամ անց՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի առցանց հարթակում: Դիմորդները իրենք կարող են ստուգել իրենց գրավորների պատասխանները՝ քննական կենտրոնում իրենց ձևաթղթերի պատճենված թերթիկների միջոցով: Դիմորդները քննության գնահատականները կստանան էլեկտրոնային հասցեներին, բողոքարկել կարող են մի քանի օր անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս