Բաժիններ՝

Մեզ մոտ դասավանդում են առաջնակարգ դասախոսներ աշխարհի տարբեր երկրներից. Վահե Գաբրիելյան

Ուսումնական այցեր Ստրասբուրգում, Ժնևում և Բրյուսելում տեղակայված եվրոպական և միջազգային կառույցների կենտրոնակայաններ, տեսական և գործնական դասընթացներ, փորձագետների հետ հանդիպումներ և փորձաշրջան ԱԳՆ-ում. Դիվանագիտական դպրոցն իր ուսանողներին առաջարկում է տարբերվող կրթություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանն ասաց, որ նույնիսկ եթե իրենց ուսանողները դիվանագետներ չեն դառնում, միևնույն է՝ դպրոցի տված մեծ գիտելիքները և հմտություններն օգտակար են լինում նրանց համար տարբեր ոլորտներում աշխատելու ընթացքում:

«Հարցը միայն այն չէ, որ սա դիվանագետ դառնալու ճանապարհն է: Մի մասը դիվանագետներ չեն դառնում, բայց գոհ են կրթությունից, որովհետև մեր տրամադրած կրթության որակը շատ է տարբերվում հայաստանյան բուհերի կամ այլ կրթական հաստատությունների մեծ մասի առաջարկած կրթությունից: Մեզ մոտ դասավանդում են առաջնակարգ դասախոսներ աշխարհի տարբեր երկրներից, մենք հնարավորություն ենք տալիս աշխատանքային փորձաշրջան անցնել ԱԳՆ-ում, ուսումնական այցով լինել Արցախի Հանրապետությունում, Եվրոպական երկրներում գտնվող միջազգային կառույցների կենտրոնակայաններում: Պետք է նշեմ՝ նոր ենք վերադարձել Բրյուսել, Ստրասբուրգ և Ժնև կատարած այցից: Մեզ համար շատ կարևոր է նաև գործնական հմտությունների ուսուցանումը»,-ասաց նա:

«Մայիսի 9-10-ը Ստրասբուրգում ԴԴ ունկնդիրներն այցելեցին Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական խորհրդարան, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ ծանոթացան կառույցների գործունեությանը: Եվրոպական խորհրդարանում ունկնդիրները հնարավորություն ունեցան ներկա գտնվել լիագումար նիստի շրջանակներում ընթացող քննարկումների: Նրանք հանդիպեցին նաև Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանի հետ, ով ներկայացրեց մշտական ներկայացուցչության առօրյա գործունեությունը և պատասխանեց ունկնդիրների հարցերին: Ունկնդիրները նաև երկօրյա այց կատարեցին Ժնևում գտնվող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ, Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակ և Կարմիր խաչի միջազգային կոմիտե: Այցի մասնակիցները նաև հնարավորություն ունեցան շրջայց կատարել Ժնևում ՄԱԿ-ի կենտրոնակայանում, այցելեցին ՄԱԿ-ի գրադարան և Ազգերի Լիգայի արխիվ, ինչպես նաև՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թանգարան: Դպրոցի ունկնդիրներին հյուրընկալեցին նաև Ժնևում ՄԱԿ-ի ՀՀ մշտական ներկայացուցչության դիվանագետները և աշխատակիցները, և նրանց ծանոթացրին ՀՀ ներկայացուցչության և դեսպանության աշխատանքներին: Նրանց հանդիպեց Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը»,- նշեց Վահե Գաբրիելյանը:

Այցի մասնակիցներն այցելեցին Բրյուսելում ԵՄ հիմնական կառույցներ՝ Հանձնաժողով, Արտաքին գործերի ծառայություն, Եվրոպական խորհրդարան և Խորհուրդ:

«Այցի մասնակիցները Բրյուսելում այցելեցին նաև ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, որտեղ լսեցին դասախոսություններ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների և կազմակերպության ներկա մարտահրավերների մասին: Ունկնդիրները հանդիպեցին նաև ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Իսրայելյանի հետ, ով ներկայացրեց ՀՀ առաքելության աշխատանքները, համագործակցության նոր ծրագրերը և պատասխանեց ունկնդիրների հարցերին: Սա միայն մի մասն է այն հնարավորությունների, ինչը մեր դպրոցը տալիս է իր ուսանողներին»,- ընդգծեց նա:

Դիվանագիտական դպրոցը գործում է 2010 թվականից՝ «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» առաջին դասընթացի մեկնարկով: Դասընթացի ընթացքում հրավիրված հիմնական դասախոսներից բացի ունկնդիրների առջև դասախոսություններով հանդես են գալիս ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ և դիվանագետներ, նաև՝ արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպաններ և այլ երկրների` Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, արտերկրից ժամանած բարձրաստիճան հյուրեր:

«Դիվանագիտական դպրոցի դասընթացների ուսումնական ծրագրերը հաշվի են առնում առաջատար կրթական հաստատությունների ուսումնական ծրագրերի բովանդակությունը, մեթոդաբանությունը և չափորոշիչները և կազմվում են ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններին համապատասխան: Մեզ մոտ դասավանդում են միջազգային հարաբերությունների ոլորտում հայտնի գրքերի, աշխատությունների հեղինակներ և հայտնի դասախոսներ աշխարհի տարբեր երկրներից»,- ասաց Վահե Գաբրիելյանը:

Մինչև 35 տարեկան, բարձրագույն կրթություն ունեցող և երկու օտար լեզու իմացող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է դիմել դպրոց ընդունվելու համար և քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո սովորել ու դառնալ դիվանագետ: Դասերն անցկացվում են հայերեն և անգլերեն:

«Դիվանագիտական կադրերի պատրաստման «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» ծրագիրը մեր ծրագրերից մեկն է: Իրականացնում ենք նաև գործող դիվանագետների, արտաքին կապերի համար պատասխանատու այլ պետական պաշտոնյաների, լրագրողների, հյուպատոսական ծառայողների վերապատրաստումների ծրագրեր, անցկացնում ենք նաև օտար լեզուների դասընթացներ, որոնց քանակը վերջին տարիներին աճել է»,-ասաց նա:

Ամեն տարի ընդունելության եռափուլ մրցույթի արդյունքում դիվանագիտական դպրոց կարող են ընդունվել շուրջ 25 ունկնդիրներ:

Դասընթացի ընդհանուր տևողությունը՝ բուն դասընթացը և փորձաշրջանը միասին 1 տարի է:

Ներկա պահին հայտարարված ընդունելությունը վերաբերվում է միայն դիվանագետներ պատրաստելու՝ «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացին: Դիմել ցանկացողները հայտերն առցանց ձևաչափով կարող են լրացնել մինչև հունիս 7-ը ներառյալ:

Դիվանագիտական դպրոցում ուսուցումը՝ բոլոր բաղադրիչներով, անվճար է:

Տնօրեն Վահե Գաբրիելյանը նշեց, որ Դիվանագիտական դպրոցի շրջանավարտներն այսօր ՀՀ դիվանագիտական ծառայության շարժիչ ուժն են:

Գայանե Գաբոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս